Այս տարի Սինոփսիսի կամավորության օրվա միջոցառումը նվիրված էր Թալինի Սուրբ Կաթողիկե եկեղեցու շրջակայքի մաքրմանն ու գեղեցկացմանը

22-10-2019 20:22

2019-ի հոկտեմբերի 18-ին Հայաստանի կամավորները մեծ հնարավորություն ունեցան մաս դառնալու Սինոփսիս ընկերության մի բացառիկ կամավորական միջոցառման՝ ուղղված մշակութային ժառանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանն ու պահպանման գործընթացում համայնքների ներգրավվածության խթանմանը: Կամավորները նվիրեցին իրենց ժամանակն ու ոգին`Հայաստանի միջնադարյան ճարտարապետական հրաշքներից մեկի` Թալին Կաթողիկե տաճարի շրջակա տարածքի մաքրման և գեղեցկացման համար` «Թանգարանային աշխատողների և ընկերների ասոցիացիա» ՀԿ-ի և«Հայաստան ծառատունկ» ծրագրի աջակցությամբ: Կամավորական այս միջոցառումն անցկացվեց «Ստեղծարար համայնքներ» նախաձեռնության հովանու ներքո ՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայ Եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման (ՀԵՀԵՄ) կենտրոնական գրասենյակի ներգրավմամբ և ուղղված էր պատասխանատու համայնքների ձևավորմանն ու կամավորական ոգու սերմանմանը, ինչպես նաև գործընկերության և համագործակցության մշակույթի խթանմանը: «Բիզնեսի, Կառավարության և ՀԵՀԵՄ-ի այս եռակողմ համագործակցությունը նպատակամղված է բարձրացնելու համայնքային պատասխանատվությունը և զարգացնելու կամավորության ոգին՝ միևնույն ժամանակ զարգացնելով համագործակցության մշակույթը,- ասել է «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանը: Եկեղեցին բարոյական և հոգևոր արժեքների մշտական աղբյուրն է տեխնոլոգիական և ճարտարագիտական աշխատանք կատարող հանրույթի համար և շարունակում է կարևոր դեր խաղալ ազգային ինքնության պահպանման գործում»: ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ Թովմա վարդապետ Խաչատրյանը իր գնահատանքը հայտնեց «Սինոփսիսի» համաշխարհային կամավորության օրը Թալինի Սուրբ Կաթողիկե եկեղեցուն նվիրելը և «Սինոփսիսի» կողմից ՀԵՀԵՄ-ին ուղղված հրավերը: «Եթե կամավորություն ես անում, ապա երիտասարդ ես: Կամավորությունը յուրահատուկ տասանորդ է մարդկության համար: Կամավոր աշխատանքի կարևորությունը մեծանում է, երբ այդ ջանքերը ուղղված են ազգային-հոգևոր արժեքների պահպանմանն ու գործածմանը,- նշեց Հայր Թովման: -Եկեղեցական համալիրները, վանքերը մեր մշակույթի, ինքնության անբաժան մասն են: Հայ ժողովուրդը դարեր շարունակ պայքարել է ոչ միայն իր ինքնության, հայրենիքի, պատմության, մշակույթի և կրոնի, այլ նաև յուրաքանչյուր վանքի, եկեղեցու, խաչքարի համար՝ դրանք համարելով իր ազգային ինքնության մի մասնիկը: Շատ վանքեր և եկեղեցիներ այսօր գտնվում են ավերման, ինքնաոչնչացման եզրին, ինչը մարտահրավեր է, բայց նաև կամավորական կյանքի զարգացման հնարավորություն՝ մեր հայրենիքում: Մեր հայրերը արյան գնով այս ժառանգությունը ստեղծել, պահել, պահպանել և փոխանցել են մեզ, որպեսզի մենք այսօր ևս տեր և պաշտպան լինենք այդ սրբություններին և դրանց առջև մեր աղոթքն առ Աստված բարձրացնենք»: «Գաղափարի փիլիսոփայությունը յուրաքանչյուրի ներգրավածությունն է մշակութային կյանքին: Դրա համար հարկավոր է քաջալերել հավակնությունները, ռիսկը, նախաձեռնողականությունը, նորարարությունը մշակութային և ստեղծարար ոլորտում: «Կառավարություն-գիտական հաստատություն-ՀԿ-տեղական մարմին-համայնքի բնակչություն» շղթայի անխափան և փոխլրացնող աշխատանքի ապահովումը երաշխիքն է մշակութային կյանքի վերակազմակերպման և զարգացման, – ասել է Գիտության, կրթության, մշակույթի և սպորտի փոխնախարար Նարինե Թուխիկյանը»: «Սինոփսիսի համաշխարհային կամավորության օր» հատուկ նախաձեռնությունը խրախուսելով համայնքային ներգրավվածության գաղափարը, համախմբում է մարդկանց լայնածավալ աշխատանքների իրականացման շուրջ՝ աշխարհով մեկ համայնքների վրա մեծ ազդեցություն թողնելու նպատակով:

Lragir.am,
22-10-2019 20:22