«ՌեԱնիմանիա»-ն այս տարի ստացել է ավելի քան 350 լիամետրաժ և կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ

22-10-2019 20:48

Երևանում հոկտեմբերի 24-ին կմեկնարկի «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի 11-րդ միջազգային փառատոնը:  Հանդիսավոր բացման արարողությունը նախատեսված է «Մոսկվա» կինոթատրոնում: «Արմենպրես»–ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում կինոփառատոնի հիմնադիր-տնօրեն Վրեժ Քասունին նշեց, որ այս տարի կինոփառատոնը ստացել է ավելի քան 350 լիամետրաժ և կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ՝ աշխարհի տարբեր երկրներից, որոնցից ընտրված 100-ից ավելին կմրցեն տարբեր անվանակարգերում: Ժյուրիի կազմում ընդգրկված են արտերկրի ու Հայաստանի պրոֆեսիոնալ մասնագետները: «Մեկ շաբաթ մեզ սպասվում է հետաքրքրիր ծրագիր հետաքրքիր ֆիլմերով: Այս տարիների ընթացքում անիմացիոն ֆիլմերի, պատկերապատման ոլորտում դրական տեղաշարժեր են նկատվում, տեսնում ենք, որ նոր նախագծեր, նոր նախաձեռնություններ են ի հայտ գալիս: Ունենք սերունդ, որը լուրջ ասելիք ունի, ինչը կարևոր է: Մեր խնդիրն է հնարավորություն տալ տաղանդավոր, ասելիք ունեցող սերնդին»,-ասաց Վրեժ Քասունին: Փառատոնին ներկայացվելու են լայնամետրաժ և կարճամետրաժ ֆիլմեր ԱՄՆ-ից, Միացյալ Թագավորությունից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իսպանիայից և այլ երկրներից: Կինոփառատոնի ֆիլմերի համակարգող, կինոքննադատ Դիանա Մարտիրոսյանը նշեց, որ շեշտը դրվել է ոչ թե քանակի, այլ որակի վրա: Ֆիլմերը միջազգային հարթակներից են, երկուսը՝ մասնակցել են Կաննի կինոփառատոնի «Հատուկ հայացք» մրցութային ծրագրին: «Փառատոնում ներկայացվելու են բավական թարմ ֆիլմեր, որոնք անդրադառնում են տարբեր թեմաների, խնդիրների: Վստահեցնում ենք, որակն ապահովված է լինելու: Ուզում եմ ընդգծել, որ կարճամետրաժ ֆիլմերի ծրագրում ներկայացված են նաև մեր տեղացի հայ երիտասարդ անիմատորների աշխատանքները, ինչը կարևոր է»,-ասաց Դիանա Մարտիրոսյանը: Փառատոնի շրջանակում կիրականացվի հատուկ ծրագիր՝ նվիրված նկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, ռեժիսոր Վալենտին Պոդպոմոգովի 95-րդ և հայ կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Արման Մանարյանի 90-րդ հոբելյաններին: Երևանում Գյոթե կենտրոնի ղեկավար, մշակույթի փորձագետ Նաթիա Միքելաձե-Բախսոլիանին նշեց, որ ակտիվորեն աշխատում են «ՌեԱնիմանիա» փառատոնի հետ: Նա վստահեցրեց, որ համագործակցությունը շարունակելու են՝ շեշտելով աջակցությունը: Փառատոնի շրջանակներում, ինչպես և նախորդ տարիներին, կանցկացվեն վարպետության դասեր, սեմինարներ: ՀՀ-ում Լեհաստանի դեսպանատան հետ համագործակցությամբ ժամանելու է «Վան Գոգի կրքերը» ֆիլմի ռեժիսոր, օսկարակիր Հյու Վելշմանը, ով վարպետության դաս կանցկացնի հոկտեմբերի 26-ին: ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հետ համագործակցությամբ Հայաստան կժամանեն պատկերապատման գրքի հեղինակ, նկարիչ և անիմատոր Դեշ Շոուն, և գեղանկարիչ, անիմացիոն ֆիլմի գեղարվեստական ռեժիսոր-ղեկավար Գևորգ Մուրադը: Վերջինիս ցուցահանդեսին կներկայացվեն նրա համահեղինակային կարճամետրաժ «Չորս գործողություն Սիրիայի համար» (2019) ֆիլմի գեղարվեստական ձևավորումները և կտավները: ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ Հայաստան է ժամանում European Animation Awards-ի գործադիր տնօրեն, հայտնի պրոդյուսեր Ժան Պոլ Քոմինը (Ֆրանսիա), որը նույնպես վարպետության դաս կանցկացնի: Դիանա Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ փառատոնի փակման բացառիկ հնարավորություն է ընձեռվելու հայ հանդիսատեսին՝ ցուցադրվելու են էքսկլյուզիվ կադրեր Հյու Վելշմանի գալիք նախագծից: Փառատոնն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 24-29-ը:

Lragir.am,
22-10-2019 20:48