Քանի որ գաղտնիքն արդեն բացահայտվել է, մենք պետք է իմանանք, թե այդ ինչ փողեր են գաղտնի բաժանում

Մեր զրուցակիցն է ԳԽ նախկին պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը Պարոն Արշակյան, վարչապետը գաղտնի հանձնարարականով, ըստ մամուլի հրապարակման, կրկնապատկել է նախարարների, փոխնախարարների աշխատավարձը: Ինչպես եք գնահատում: ՀՀ քաղաքացիների կենսամակարդակը կբարելավվի ճիշտ այնքան, որքան հավելյալ արժեք է ստեղծվել, ոչ ավելի: Քանի՞ տոկոս է աճել ՀՀ տնտեսությունը, ճիշտ այնքան իրավունք ունեն հավելյալ վճար ստանալու այդ տոկոսն ապահովող պաշտոնյաները: Ես կարծում եմ, որ դա է արդարը: Որքան ավելացրել եք երկրի հարստությունը, ճիշտ այդ չափով կավելանա ձեր աշխատավարձը: Մնացած բոլոր տարբերակները ինձ չեն հետաքրքրում: Ինչ անուն ասես կարելի է կպցնել, եթե այլ բան է տեղի ունեցել: Այդ դեպքում ի՞նչ է տեղի ունենում: Վարչապետի հայտարարած տնտեսական աճը, դրական ցուցանիշները դուք նկատո՞ւմ եք: Ցուցանիշը իմ թոշակն է, որն ընդհանրապես չի ավելացել, մնացել է նույնը: Կոնկրետ ինձ համար ոչինչ չի փոխվել: Հնարավոր է, որ ինչ-որ մարդիկ շահույթ են ստանում, ինչ-որ մարդկանց  գրպանն է գնում այդ հարստությունը կամ ինչ-որ ծրագրի վրա է ծախսվում: Թող ասեն, թե ինչ ծրագրերի վրա են ծախսվում այդ ավելացված գումարները: Հայաստանը հարստացել է, ես էլ ՀՀ քաղաքացի եմ, բաժնետեր եմ, ու որպես թոշակառու լրացուցիչ ոչինչ չեմ ստացել: Արդյոք տնտեսական աճի չափով ավելացել է ուսուցիչների, բժիշկների աշխատավարձը: Իմ կարծիքով՝ ոչ: Խոսքն այն մասին չէ, որ նախօրոք պայմանավորվել են, որ սեպտեմբերից պետք է ուսուցիչների աշխատավարձը բարձրանա, այլ այն մասին, թե այդ հարստությունը ում մեջ է կիսվում: Երբ իրարից գաղտնի պետական փողերն են բաժանում, ես դրանից տեղյակ չեմ, ինձ հո չե՞ն ասում: Եթե Հետքը գրել է այդ մասին, թող պատասխանեն, մենք էլ իմանանք, թե այդ ինչ փողեր են բաժանում իրար մեջ: Չե՞ք կարծո՞ւմ, որ նախարարների, փոխնախարարների աշխատավարձը բարձրացնելու այս մեխանիզմներով փորձ է արվում կոռուպցիոն ռիսկերը զսպել: Եթե հիմնավորումը դա լինի, դուք ինչպե՞ս կարձագանքեք: Դա վաղուց պարզաբանվել է. մարդիկ պարզել են, որ պաշտոնյայի փողն ավելացնելով կոռուպցիոն ռիսկը չի պակասում: Պաշտոնյաներ կան, որ հատուկ կոռուպցիայի համար են պաշտոնի ձգտել և ստացել: Այն փողը, որ նա կարող է ստանալ, 100, 1000 տարի նրա աշխատավարձը բարձրացնեն, նա դա չի կարող ստանալ: Օրինակ, հայտնի բացահայտված գործերից մեկով կողմերից մեկը հայտարարել է, որ 7 մլն դոլար կաշառք է տվել: Հիմա քանի՞ տարի պետք է պաշտոնյան աշխատի, որ 7 մլն դոլար աշխատավարձ ստանա: Սա նշանակում է, որ աշխատավարձի բարձրացումը կոռուպցիան չի կանխարգելում: Դա ընդամենը պաշտոնյայի կենսամակարդակը լեգիտիմ ձևով բարձրացնելն է: Իսկ ովքեր հակված են կոռուպցիայի, նրանց ոչ մահապատիժը, ոչ ցմահ բանտարկությունը, ոչ էլ աշխատավարձի բարձրացումը չեն կարող հետ պահել: Նրանց կարող է հետ պահել թափանցիկ, բաց մեխանիզմը: Այսինքն պետության մեջ դրամի շարժը, գույքի շարժը պետք է թափանցիկ լինի: Եթե այդպես լինի, կոռուպցիան կպակասի, իսկ աշխատավարձ բարձրացնելով կոռուպցիայի դեմ պայքարելն անիմաստ է: Դա վաղուց համարվել է անարդյունավետ և ձևականություն է: Ժողովրդավարական ինստիտուտների ազատ, թափանցիկ աշխատանքի ձևը ապահովում է հակակոռուպցիոն արշավ: Իհարկե, նաև իրավապահ մարմինների գործունեություն, իսկ աշխատավարձ բարձրացնելն ի՞նչ փող է որ, համեմատած 7 մլն 17 մլն դոլարի կաշառքի հետ: Պաշտոնյաները ամենաշատը գայթակղվող էակներն են հոմոսափիենսների մեջ: Վարչապետի աշխատակազմից եղել է պատասխան, որ դա իրականացվել է գաղտնի ընթացակարգով, ուստի նման տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ: Հիմա եթե ես այդ գաղտնիքը բացահայտեմ, ինձ կպատժեն, ուրեմն հարկավոր է իմանալ, թե ով է գաղտնիքը բացահայտել: Բացի այդ, քանի որ գաղտնիքն արդեն բացահայտվել է, մենք պետք է իմանանք, թե այդ ինչ փողեր են գաղտնի բաժանում:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
22-10-2019 21:42