Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են Սիրիայի հյուսիսից քրդական ուժերի հեռանալու շուրջ

22-10-2019 23:34

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեբ Թայիփ Էրդողանը Սոչիում պայմանավորվածություն են ձեռք բերել Սիրիայի հյուսիսում համատեղ գործողությունների վերաբերյալ: Ռուսական և թուրքական լրատվամիջոցները հրապարակել են պայմանավորվածությունը, որը բաղկացած է 10 կետից: Մոսկվան ու Անկարան պայմանավորվել են, որ Սիրիայի հյուսիսում «Խաղաղության ակունք» գործողության տարածքում, որն ընդգրկում է Թալ Աբյադ և Ռաս ալ-Այն քաղաքների միջև մինչև 32 կմ խորության վրա ընկած շրջանները, ստատուս-քվոն պահպանվում է, այսինքն՝ մնում է Թուրքիայի վերահսկողության տակ: Հոկտեմբերի 23-ին ժամը 12:00-ից սկսած «Խաղաղության ակունք» գործողության տարածքից դուրս ընկած հատվածներ են մտնելու ռուսական ռազմական ոստիկանության և Սիրիայի սահմանապահ ծառայության ստորաբաժանումները: Նրանք նպաստելու են քրդական զինված ջոկատների դուրսբերմանը սիրիա-թուրքական սահմանից 30 կմ հեռավորության վրա: Քրդերի դուրսբերումը պետք է ավարտվի 150 ժամվա ընթացքում: Դրանից հետո «Խաղաղության ակունք» գործողության գոտուց արևելք ու արևմուտք ընկած տարածքներում ռուս-թուրքական համատեղ պարեկություն է իրականացվելու մինչև սահմանից մինչև 10 կմ խորության վրա, բացի Կամիշլի քաղաքից: Քրդական ուժերը դուրս են բերվելու Մանբիջ և Թալ Ռիֆաթ քաղաքներից:

Lragir.am,
22-10-2019 23:34