Գեղաքարի միջնակարգ դպրոցը կմիավորվի Խաչաղբյուր գյուղի միջնակարգ դպրոցին

22-10-2019 23:33

Գեղարքունիքի մարզի Գեղաքար գյուղի միջնակարգ դպրոցը առաջիկայում կմիավորվի Խաչաղբյուր գյուղի միջնակարգ դպրոցին, երբ ՀՀ կառավարության կողմից կընդունվի համապատասխան որոշումը: Ինչպես  «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Գեղաքարի միջնակարգ դպրոցը տարիներ շարունակ գործել է ընդամենը 1 աշակերտով, ընդ որում այդ մեկ աշակերտը նույն գյուղի բնակիչ չէ, այլ Արարատի մարզի Մասիս համայնքում բնակվող ընտանիքից է՝ դպրոցի տնօրենի եղբոր երեխան:Նա  հիմա տեղափոխվել է Մասիս՝ իր ծնողների մոտ եւ կրթությունը շարունակում է այնտեղ: Այժմ Գեղաքարում բնակվող մի քանի ընտանիքներից մեկում միայն կա մեկ դպրոցահասակ երեխա, ում շնորհիվ դեռ Գեղաքարի միջնակարգ դպրոցը շարունակում է գործել:Գեղարքունիքի մարզպետարանը, ելնելով ստեղծված իրավիճակից, առաջարկություն է ներկայացրել կառավարություն՝ Գեղաքարի միջնակարգ դպրոցը Խաչաղբյուրի միջնակարգ դպրոցին միավորելու վերաբերյալ: : «Մենք հանգեցինք նման որոշման, որովհետեւ Գեղաքարում առաջիկա տարիների ընթացքում մնալու է նույն մեկ աշակերտը: Այդ նշանակում է, որ այդ երեխան այդ դպրոցում չունի ընկեր ու խաղընկեր, չի շփվի ոչ մեկի հետ, դասերը սովորելու համար հետաքրքրություն քիչ կցուցաբերի:Այդ երեխային կտրամադրվի մեքենա, որը նրան կտեղափոխի Խաչաղբյուրի դպրոց եւ դասերից հետո կբերի տուն: Այդ դեպքում երեխան կունենա դպրոցական միջավայր, արդյունավետ ուսում կստանա, իսկ պետբյուջեում տարվա կտրվածքով կխնայվեն ոչ քիչ միջոցներ, որոնք կծախսվեն շատ ավելի նպատակային»,-ներկայացրեց մարզպետը:

Lragir.am,
22-10-2019 23:33