Այլևս Հյուսիսային պողոտայի նման դեպքեր չեն կրկնվի. Նիկոլ Փաշինյան

23-10-2019 17:39

Այն, որ Հյուսիսային պողոտայի պատմություն չի կարող լինել նոր Հայաստանում, դա պարզ է: Այս մասին ԱԺ-կառավարություն այսօրվա հարց ու պատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ֆիրդուս թաղամասի բնակիչների համարժեք փոխհատուցման վերաբերյալ հարցին: Պատգամավոր Գևորգ Պապոյանն ասաց, որ կառուցապատող ընկերություններից մեկը տարածքի նախկին բնակիչներին համարժեք փոխհատուցում չի առաջարիկել: Բնակիչները բողոք են ներկայացրել պատգամավորներին: «Այդ հարցերով զբաղվում է փոխվարչապետ Ավինյանը, ով հիմա գտնվում է Վրաստանում: Այդ նամակը փոխանցեք, մենք համապատասխան ընթացք կտանք: Բայց քաղաքացիների իրավունքները կպաշտպանվեն: Ես հիմա չեմ ուզում բացարձակ հայտարարություններ անել, որովհետև իրացման գոտու շրջանակներում արդեն, ինչքան գիտեմ, մեծ թվով տարածքներ արդեն իրացվել են: Եվ եթե դուք զուտ վիճակագրորեն ուսումնասիրեք, կտեսնեք, որ նախկինի համեմատ գների շոշափելի փոփոխություններ են տեղի ունեցել: Եվ սա վերջին մեկ ու կես տարում առաջին ահազանգն է, որ ինչ-որ բան այն չէ: Այդ հարցին մենք կանդրադառնանք»,- ասաց Փաշինյանը: Վարչապետը հավելեց, որ քաղաքական շեշտադրումը այն է, որ այլևս Հյուսիսային պողոտայի նման դեպքեր չեն կրկնվի: Օրենսդրության սահմաններում պետք է լուծումներ տրվեն, որոնք ընդունելի կլինեն բոլոր կողմերից:

Lragir.am,
23-10-2019 17:39