Գագիկ Խաչատրյանի պաշտպանները խափանման միջոցը գրավով փոխելու միջնորդություն են ներկայացրել

23-10-2019 17:56

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթացող դատական նիստի ժամանակ միջնորդել է, որպես այլընտրանքային խափանման միջոց թույլատրելի ճանաչել գրավի կիրառումը՝ առաջարկելով 230 մլն դրամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երեմ Սարգսյանն ասաց լրագրողների հետ զրույցում և հավելեց, որ միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի հոկտեմբերի 24-ին՝ ժամը 12:00-ին: Գագիկ Խաչատրյանը ներկա չէր դատական նիստին: ՊԵԿ նախկին նախագահի պաշտպանը Խաչատրյանի խափանման միջոցի հարցի քննության ժամանակ նաև ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանին: Այդ միջնորդությունը դատարանը մերժել է: Փաստաբանը ինքնաբացարկի միջնորդությունը ներկայացնելիս, մասնավորապես, շեշտել է այն փաստարկը, որ Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ բոլոր միջնորդությունները քննում է նույն դատավորը: «Խոսքը Խաչատրյանին պատկանող առանձնատան և այլ տարածքներում  խուզարկություններ իրականացնելու թույլատրություն տալու, նրան կալանավորելու, ինչպես նաև կալանքը երկարաձգելու միջնորդությունների մասին է»,- ասաց Սարգսյանը: Անդրադառնալով Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակին՝ լրագրողների հետ զրույցում պաշտպանն ընդգծեց, որ իր պաշտպանյալը վիրահատվել է Գերմանիայում: «Խաչատրյանը հետվիրահատական շրջանում էր գտնվում, երբ քննիչը Հայաստանից զանգել և կանչել է նրան: Մեր պաշտպանյալը ներկայացել է դեռ ամբողջովին առանց կազդուրվելու: Խաչատրյանի առողջական վիճակի մասին դատարանին ներկայացրել ենք հրավիրված կոնսիլիումի եզրակացությունը: Այն ուղարկել ենք նաև Գերմանիայի Դաշնության համապատասխան բժշկական կենտրոն, որտեղ հրավիրվել է մեկ այլ կոնսիլիում այլ մասնագետների և պրոֆեսորների մասնակցությամբ: Գերմանիայի բժիշկները նշել են, որ մտավախություն ունեին, որ կրկնակի վիրահատության կարիք կլինի և նրանք այժմ հաստատում են այդ փաստը: Այնտեղից պնդում են, որ այս պահին անհապաղ պետք է կրկին վիրահատել Խաչատրյանին, այլապես կարող են ավելի լուրջ խնդիրներ առաջանալ»,- ընդգծեց Երեմ Սարգսյանը: Փաստաբանը նաև տեղեկացրեց, որ նիստին ներկա դատախազները, քննչական մարմնի ներկայացուցիչները ներկայացրել են իրենց փաստարկները, թե ինչու Խաչատրյանը պետք է մնա կալանքի տակ: «Նրանք միջնորդել են, որպեսզի ՊԵԿ նախկին նախագահի կալանքը երկարաձգվի ևս 2 ամսով»,- ասաց Սարգսյանը:

Lragir.am,
23-10-2019 17:56