Թող աշխատեն շատ, շատ հարկեր վճարեն, ենթակառուցվածքային ներդրումները կառավարությունը ինքը կանի

23-10-2019 18:19

«Ես համաձայն չեմ այն բնորոշման հետ, որ մեր տնտեսությունն անկողնային հիվանդ է, որովհետև առնվազն հիմա մեր տնտեսությունը բավական լավ դինամիկա է արձանագրում: Եվ եթե մենք այս դինամիկան կարողանանք պահպանել, մեր տնտեսությունը ամուր կկանգնի իր ոտքերի վրա և առաջ կգնա»,- այսօր ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին: Ըստ Փաշինյանի՝ այս տարի ճանապարհաշինության աննախադեպ ծավալի աշխատանք է կատարվում: Եվ մյուս տարի դա կշարունակվի: «Իմ հարցը հետևյալն է՝ ընկերությունը, խոշոր գործարարն արդյոք աշխատում է օրինական դաշտում և իր հարկային պարտավորությունները կատարում է: Ես չեմ կարծում, թե մենք պետք է տնտեսությունն ու տնտեսվարողներին անընդհատ պահենք լարված վիճակում: Մենք այս մեկ ու կես տարվա ընթացքում հստակ ցույց ենք տվել, որ սեփականության անձեռնմխելիության իրավունքը պաշտպանում ենք հստակ: Եթե հետևել եք, քանի որ անընդհատ ասվում էր՝ բիզնեսը չգիտի նոր կանոնները, ինչ կանոններով պետք է աշխատի, ես արդեն մի քանի անգամ այդ կանոնները հրապարակել եմ: Առաջինը՝ մի գողացիր, երկրորդ՝ եղիր արդյունավետ, երրորդ՝ եղիր նորարար, չորրորդ՝ եղիր համագործակցող»,- ասաց Փաշինյանը: Եվ այսօր էլ շատ խոշոր ներդրումները, ըստ նրա, տեղի են ունենում: «Մենք պետք է բաժանենք դերերը՝ կառավարությունը պետք է ենթակառուցվածքային ներդրումներ անի: Իսկ որ այս պահին մեր երկրի նկատմամբ կա որոշ ներդրումային հետաքրքրություն, կարծում եմ, դրա մասին վկայում է նաև եվրոբոնդերի վաճառքի մակարդակը: Այսօր փոխվարչապետը վերադարձել է ԱՄՆ-ից, որտեղ հանդիպումներ է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավարների հետ: Եվ կարծում եմ՝ այն հայտարարությունները, որոնք ԱՄՀ-ն անում է Հայաստանի տնտեսության մասին, ցույց է տալիս, որ միջազգային վստահությունը մեր տնտեսության նկատմամբ օրեցօր մեծանում է: Իհարկե, մենք մեկ շատ հայտնի պրոբլեմ պետք է կարողանանք հանգուցալուծել, որից հետո այլ հարց մեծ հաշվով չի մնալու»,- ասաց նա: Արման Բաբաջանյանն ասաց, որ նախկին օլիգարխները հանգամանքների բերումով տնտեսությանը հասցրել են անդառնալի վնաս: Եվ իրենք ինչ-որ իմաստով պետք է մասնակցեն երկրի ենթակառուցվածքային ծրագրերի իրականացմանը, որոնք երկրին երկարաժամկետ կայուն զարգացում կապահովեն: Վարչապետը պատասխանեց, որ այդ հարցն այդքան էլ պարզ չէ: «Կա ընկերություն, որն ակնհայտ կոռուպցիոն մեխանիզմներով գործունեություն է ծավալել և նրա նկատմամբ կա հարուցված քրեական գործ: Բայց այսօր նաև մեր տնտեսագետներն ասում են, որ եթե այս ընկերությունը սնանկանա հանկարծ, դա մեր տնտեսության համար կբերի նեգատիվ հետևանքների: Այնպես որ, իմ դիրքորոշումը հետևյալն է՝ թող աշխատեն շատ, շատ հարկեր վճարեն, ենթակառուցվածքային ներդրումները կառավարությունը ինքը կանի: Իսկ ովքեր օրինական դաշտում չեն աշխատում, պետք է գան օրինական դաշտ»,- հավելեց վարչապետը:

Lragir.am,
23-10-2019 18:19