Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է անվանի թավջութակահար, մանկավարժ Վահրամ Սարաջյանի ընտանիքին

23-10-2019 18:33

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը անվանի թավջութակահար, մանկավարժ Վահրամ Սարաջյանի մահվան կապակցությամբ ցավակցել է նրա ընտանիքին ու հարազատներին: Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ նախագահի ցավակցական խոսքում նշված է. «Խոր ցավով տեղեկացա, որ կյանքից հեռացել է անվանի թավջութակահար, մանկավարժ Վահրամ Սարաջյանը: Սերելով հայտնի Սարաջևների ընտանիքից՝ դաշնակահար, կոմպոզիտոր Գեորգի Սարաջևի և երգչուհի Աննա Սարաջյանի որդին իր բարձր կատարողական արվեստով աշխարհի տարբեր համերգասրահներում երկար տարիներ հիացմունք է պատճառել հանդիսատեսին՝ արժանավոր կերպով պահելով մեր ժողովրդի անունն ու հայ մշակույթի պատիվը: Վահրամ Սարաջյանի յուրաքանչյուր բեմել ու համերգ վարպետության ինքնատիպ դաս էր ունկնդրի համար: Նա միշտ կհիշվի որպես բարձրաճաշակ երաժիշտ և արվեստի նվիրյալ, ով ծանրակշիռ ներդրում ունի դասական երաժշտության հանրահռչակման և տարածման շնորհակալ գործում»:

Lragir.am,
23-10-2019 18:33