Մենք անընդհատ Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում գալ կառուցողական դաշտ. Նիկոլ Փաշինյան

23-10-2019 18:54

ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ այսսօր ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը բարձրացրեց ՌԴ կողմից Ադրբեջանին զենք մատակարարելու հարցի մասին: Ըստ նրա՝ հարցն այն համատեքստում է բարձրացնում, որ ՀԱՊԿ անդամ երկիրը զենք է մատակարարում ոչ անդամ երկրին, որը կոնֆլիկտ ունի մեկ այլ անդամ երկրի հետ: «Նոյեմբերի 4-5-ին Երևանում տեղի է ունենալու ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովը, մեկ-երկու անգամ ես նաև այս դահլիճում հարց եմ բարձրացրել, որ միգուցե ինչ-որ ձևաչափով մենք առաջարկենք, որ սահմանափակում լինի ստրատեգիական հարձակվողական զենքի մասով»,- ասաց Մելքումյանը: Նա նշեց, որ ԱԺ նախագահը կարծես այդ մտքին կողմնակից էր: «Մենք պետք է քայլերով գնանք այդ ուղղությամբ: գործադիրը և օրենսդիրը պետք է կարողանան համակարգել իրենց գործունեությունը»,- ասաց Մելքումյանը: Ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ վարչապետ ընտրվելուց անմիջապես հետո ՀԱՊԿ շրջանակներում այդ հարցը բարձրացրել է: «Մենք կարող ենք ասել, որ այս հարցում ունենք համազգային կոնսենսուս, որովհետև մեր շեշտադրումները չեն տարբերվում: Կոորդինացիան արվում է, եթե անհրաժեշտություն լինի, ավելի ակտիվ կարվի: Բայց նույնիսկ առանց կոորդինացիայի, մեր դիրքորոշումներն այս հարցում նույնն են»,- ասաց նա: Ինչ վերաբերում է Ադրբեջանի հռետորաբանությանը՝ Փաշինյանն ասաց, որ չի կարծում, որ տեսանելի ժամանակահատվածում Ադրբեջանի հռետորաբանությունը շոշափելի փոփոխություններ կրել է, առնվազն վերջին 13 տարում այդ հռետորաբանությունը նույն դիրքի վրա է: «Եվ դա հիմնական պրոբլեմն է: Մենք անընդհատ Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում գալ կառուցողական դաշտ»,- հավելեց նա:

Lragir.am,
23-10-2019 18:54