Ինչ է լինելու Մեծամորի ատոմակայանի ռուսական վարկի հարցը

23-10-2019 19:01

Այս տարեվերջին ավարտվում է Մեծամորի ատոմակայանի ռուսական վարկի ժամկետը, այսօր ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց պատգամավոր Միքայել Մելքումյանը: «Այստեղ մենք 70 մլն դոլարի չֆինանսավորում ունենք: Եթե չեմ սխալվում, ԵԱՏՄ գագաթնաժողովի սկզբում ձեզ այցելել է Ռոսատոմի ղեկավարը, պետք է երկարացնել այդ ժամկետը, որոնվհետև հունվարի մեկից այդ վարկի սպասարկման տոկոսները մտնելու են էլեկտրաէներգիայի սակագնի մեջ, և կառաջանա շուրջ 6 մլրդ դրամի դեֆիցիտ»,- ասաց Մելքումյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինայնն ասաց, որ ատոմակայանի հետ կապված բանակցությունները շարունակվում են: «Բայց մենք համոզված ենք, որ այդ հարցում բարդություններ մենք չունենք: Մենք ունենք մի քանի սցենարներ՝ հարցի լուծան համար: Այդ սցենարներից մեկը կաշխատի: Կարծում եմ՝ խնդիրը կառավարելիության տիրույթում է, կարծում եմ՝ բարդություններ չենք ունենա»,- ասաց նա: Միքայել Մելքումյանն առաջարկեց քննարկել նաև բյուջետային վարկի տեսքով փոխհատուցման հարցը, որովհետև ներքին սակագնի կտրուկ բարձրացման պայմաններում, ըստ նրա, խնդիր կառաջանա, 6 մլրդը քիչ փող չէ: Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն կար, որ Հայաստանի կառավարությունն առաջարկել է ռուս գործընկերներին հետաձգել Ատոմակայանի հիմնանորոգման վարկի մարումը:

Lragir.am,
23-10-2019 19:01