ՊԵԿ նախագահը պարգեւավճարների մասին

24-10-2019 14:14

Նպատակադրված որևէ գաղտնի որոշում չի եղել, կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ վարչապետի որոշմանը: Անանյանն ասաց, որ ՊԵԿ աշխատավարձերի մասով պարզապես վարչապետի աշխատակազմի կողմից սահմանվել են առավելագույն չափեր, որպեսզի գործընթացը կառավարվի: «Այդ առավելագույն չափերի սահմանման արդյունքում, օրինակ, իմ պարգևավճարի չափը նվազել է: Նախորդ տարի շատ է եղել, այս տարի նվազել է: Այդ 1.5 մլն-ը ես էլ էի ստանում, առաջ 2 մլն էի ստանում»,- ասաց Դավիթ Անանյանը: Նա նշեց, որ ՊԵԿ-ում պարգևավճարների գնահատման համակարգ կա: Գործակիցներով յուրաքանչյուր ամիս յուրաքանչյուր աշխատակից գնահատվում է, և բոլորի աշխատավարձը հաշվարկում է ինքն անձամբ: Որոշում կայացնողները՝ բաժնի պետերն ու ավելի բարձր պաշտոն զբաղեցնողները, որոնց թիվը ՊԵԿ-ում շուրջ 290 է, ավելի բարձր պարգևավճար են ստանում, քան ներքին օղակը: «ՊԵԿ-ում միջին աշխատավարձերը շատ տարբեր են: Օրինակ, եթե չեմ սխալվում, տեսուչի աշխատավարձը շուրջ 150 հազար դրամ է՝ առանց եկամտային հարկը պահելու: Դա բավարար չէ, դրա համար մենք աշխատում ենք, որ այդ տեսուչը նաև ունենա իր ամենամսյա պարգևավճարը, որը իրականում ոչ թե պարգևավճար է, այլ իր աշխատանքի գնահատումն է: Դա կարող է տատանվել աշխատավարձի 50-70 տոկոսի չափով»,- հավելեց ՊԵԿ նախագահը:

Lragir.am,
24-10-2019 14:14