Զրույց Քիրսի հայացքի տակ

01-11-2019 22:00

Այս պատմությունները ստեղծվել են «Երիտասարդների դերը խաղաղարարության մեջ․ վերաիմաստավորելով խաղաղությունը սերունդների միջև երկխոսության միջոցով» ծրագրին մասնակցած երիտասարդների կողմից, ովքեր շրջել են Ղարաբաղի տարբեր բնակավայրերում և զրուցել պատերազմը վերապրած մարդկանց հետ: Պատմությունները նրանց լսածի և սեփական փորձի համադրության արդյունքն են: Մարդիկ լեռների դեմ ոչինչ են․․․ Ջեյն Օսթին Չգիտեմ՝ ձեզանից քանիսն են եղել Ղարաբաղում: Ղարաբաղը ոչ միայն Ստեփանակերտն ու Շուշին են, կամ այլ հայտնի պատմամշակութային վայրերը, այլ նաև հասարակ գյուղերը, դրանց բնակիչներն ու այնտեղ թաքնված պատմություններն ու հուշերը: Այդ հուշերը ինչ-որ պահի հատվում են պատերազմի հետ, որովհետև տարիներ շարունակ պատերազմը դարձել է մարդկանց կյանքի մի մասը: Ավետարանոց գյուղը Ղարաբաղի սրտում է՝ Քիրս լեռան ստորոտին, որը դարեր ի վեր ատամներով կառչած է եղել ու դարեր շարունակ կառչած է մնալու երկնքին: Քիրսը տեսնողները կփաստեն, որ սա յուրահատուկ լեռ է․ մե՛կ վախ է առաջացնում, մե՛կ հպարտություն, մե՛կ հիասթափություն: Քիրսի առաջացրած զգացմունքները ուղիղ կապված են իր տեսածի հետ: Այս լեռը լավ ու վատ պատմություններ է լսել, տեսել, լռել ու իր մեջ ամփոփել: Նա տեսել է պարտություն ու դավաճանություն, սակայն հաղթանակել է: Ուստի, Քիրս բարձրացող յուրաքանչյուր ոք մտովի լսում է լեռան պատմությունները, հիասթափվում, հպարտանում ու զորեղանում: Երբ հաղթահարում է ինքն իրեն ու իր վախերը, հասնում է գագաթին, կտրվում աշխարհից ու անցնում ինքնաճանաչողության փուլ՝ գնահատելով և վերարժևորելով անցյալն ու ներկան: Ինձ համար Քիրսը պատմություն է: Ու երևի Ավետարանոցի մելիքները դեռ դարեր առաջ բարձրացել են այս սարը, ամպերի մեջ փնտրել իրենց նախնիներին, իսկ երբ մառախուղը ցրվել է, նայել են գյուղերին, կալվածքներին, խորհել են աշխարհի, մարդկանց ու ապագայի մասին: Ավետարանոցը Քիրսի պատմությունը կրողներից է: Ինձ միշտ գրավել է այս գյուղը, ու քանի որ հեռավոր ազգականներ ունեմ այնտեղ, որոշեցի նրանց տեսակցության գնալ: Առաջին անգամ էի Ավետարանոցում, ու ինձ հետաքրքիր էր գյուղի մասին ամեն ինչ, իսկ այն ճանաչելու լավագույն տարբերակը տեղացիների պատմություններն ու հիշողություններն են: Քանի որ ազգականներս գիտեին, որ ուսումնասիրում եմ գյուղի պատմությունը, ինձ ուղեկցեցին Աշխեն աքայենց (աքա՝ մեծ կնոջը դիմելու ձև Ղարաբաղում) տուն: Այդպիսի տներ կարող եք տեսնել Ղարաբաղի գյուղերի հին թաղերում միայն: Այս նավ հիշեցնող տների հիմնական այցեքարտը նեղ, անհարմար ու անվերջ ձգվող պատշգամբն է: Սակայն գյուղացիներին միշտ հաջողվում է անհարմարությունից հարմարություն ստանալ: Հենց այդպիսի մի հարմարեցված պատշգամբում էլ՝ թախտին նստած, թեյ էինք խմում ու զրուցում Աշխեն աքայի և նրա որդու՝ Վաչիկ դայու (դայի՝ քեռի, տղամարդուն դիմելու ձև) հետ: Դիմացներս Քիրսն էր, որը, վստահ եմ, լսում էր նաև մեր զրույցը: Իսկ մենք խոսում էինք պատերազմից: Ղարաբաղյան պատերազմը գյուղի ու Քիրսի տեսած տասնյակ պատերազմներից մեկն է միայն, որի հետքերը դեռ թարմ են: Լցնում ենք թեյի հերթական բաժակն ու հերթով անցնում պատերազմի բոլոր հետքերով: – Ես ծնվել եմ, երբ դեռ չէր ավարտվել Երկրորդ համաշխարհային պատերազմը: Պատերազմի մասին լսել էի միայն հարազատներիս պատմածներով ու չէի պատկերացնում՝ դա ինչ է: Չէի էլ պատկերացնում, որ մի օր կզգամ ու կտեսնեմ պատերազմը՝ այն ցավն ու սարսափը, որ լսել էի մերոնցից: Այդ ժամանակ արդեն մեծ էի, ամսունացած էի ու երկու տղա ունեի, ովքեր արդեն քսանն անց էին,- պատմում է Աշխեն աքան ու հայացք նետում որդուն՝ Վաչիկ դայուն, ով եղբոր հետ մասնակցել է պատերազմին: – Երիտասարդ էի, սովորում էի, ուզում էի պատմության ուսուցիչ դառնալ, նոր սերունդներին փոխանցել մեր գյուղի, երկրի պատմությունը, բայց սկսվեց պատերազմն ու ծրագրերս խառնեց իրար․ եղբորս հետ գնացինք կռիվ: – Որ պատերազմը նոր էր սկսել, գիտեինք, թե խաղ ու պար է: Մեկ էլ տեսնում էինք, որ ռումբը գալիս պայթում է դիմացի ժայռի վրա, մի քանի անգամ էլ Քիրսի վրա է ընկել,- որդուն հերթ չտալով շարունակում է Աշխեն աքան,- գիտեինք, թե միայն այդպես է լինում կռիվը: Բայց հետո, երբ ռումբերը սկսեցին ժայռից բացի նաև մեր գյուղերում պայթել, տներ ավերել ու կյանքներ կործանել, հասկացանք, թե որն է կռիվը: Այդ տեսարանները մինչև հիմա աչքիս առաջ են, չեմ կարողանում մոռանալ: – Վաչիկ դայի, ի՞նչ էիք զգում կռիվ գնալիս,- հարցնում եմ ու նայում Քիրսի կողմը՝ փորձելով գտնել պայթած ռումբերի հետքերը, որոնք, իհարկե, չկային: – Ոչինչ չէի զգում: Նույնիսկ վախ չունեի: Երևի որ երիտասարդ ես լինում, չես խորանում կյանքի, մահվան թեմաների մեջ, առանց մտածելու գործում ես: Ինձ միայն ծնողներիս մասին միտքն էր ուժ տալիս: Խրամատում կանգնած՝ գիտեի, որ ինձ սպասող կա, ինձ համար անհանգստացող կա: – Է՜հ, գիտե՞ս՝ ինչքան ծանր է երկու որդու պատերազմ ճանապարհելը,- միանգամից ընդհատում է Աշխեն աքան ու սրբում աչքերը,- չգիտես՝ կվերադառնա՞ն, թե՞․․․- մի պահ լռում է ու շարունակում,- Կանգնում էի պատշգամբում, նայում էի սարին (Քիրս՝ հեղ․), հետո ճանապարհին: Սպասում էի, որ տեսածս պատկերը հիմա կփոխվի ու որդիներս կհայտնվեն տան շեմին, բայց չէ՛: Սարն անշարժ էր, իսկ որդիներս՝ դրանից էլ հեռու: Աշխեն աքայի խոսքից հետո նայում եմ դիմացս ու տեսնում իր նշած «պատկերը»: Պատշգամբից բացվող տեսարանը կարծես իրական լուսանկար լինի, որը գրեթե նույնն է Ղարաբաղի բոլոր գյուղերում, որոնք լեռների ստորոտներին բազմած են․ լեռ, կանաչ, հին տներ ու նեղ փողոցներ: – Իմ տղան մեծ սիրտ ունի,- որդուն հերթ չտալով շարունակում է Աշխեն աքան՝ կոկորդում խեղդելով հուզմունքը,- ինքը չի պատմի, բայց կռվի ժամանակ ադրբեջանցի երեխայի է փրկել ու գտել նրա ընտանիքի անդամներին: – Եթե չանեի, Աստված չէր ների,- համեստ պատասխանում է Վաչիկ դային ու շարունակում,- դե պատերազմում ամեն օրվա նման է․ չպիտի մարդկությունդ կորցնես, չպիտի դադարես հավատալ, անգամ չպիտի դադարես տան գործերն անել (ժպտում է․ հեղ․): Երբ մենք մի քանի օրով դիրքերից տուն էինք գալիս, կռվից չէինք խոսում, տան գործերն էինք անում: Գնում էինք բոստան, մշակում էինք, գիշերներն էլ բերքն էինք հավաքում: Կռիվ էր, բայց տան հացի խնդիրը պիտի լուծեինք, չէ՞: – Բերքը այդ տարիներին շատ չէր, բայց բոստանը մշակելը բարդ էր: Ամբողջ հոգսը միայնակ էինք քաշում, բայց երբ տղաներս գալիս էին, շատ էին օգնում,- հաստատում է Աշխեն աքան: – Փաստորեն պատերազմն էլ կենցաղ է,- ասում եմ ու մտածում, թե ինչքան եմ լսել այս մասին: Ամեն նոր մարդու հետ զրուցելիս ավելի ու ավելի եմ համոզվում, որ առաջնագծում ամուր կանգնելը ոչինչ է, եթե հետագայում՝ վերադառնալուց հետո, փորձդ ու գիտելիքներդ չես օգտագործում տունդ կամ բնակավայրդ շենացնելու համար: – Պատերազմը կենցաղ դառնում է: Հետո բոլոր խնդիրներն էլ կենցաղի պես լուծվում ու անցնում են,- միջամտում է Վաչիկ դային,- պատերազմում ամեն օրվա պես է․ ծնունդ էլ կա, մահ էլ: Մեկ-մեկ դրանք խաչվում են: Մենք միշտ դիրքի բոլոր տղաների ծննդյան օրերը նշում էինք: Ապրիլի 13-ին էլ իմ ծնունդն էր: Տանից ուտելիք էին ուղարկել: Առավոտյան որոշեցինք թեյել, որ կեսօրին ծնունդս նշենք: Հին դռներով սեղան սարքեցինք, բաժակները շարեցինք, մի կերպ հարմարություն ստեղծեցինք: Տղաներից մեկը սկսեց թեյի բաժակները լցնել ու փոխանցել: Ես էլ քանի որ «սեղանի գլխին» էի նստած և բաժակներից հեռու էի, ստիպված էի տեղիցս բարձրանալ: Երբ տեղիցս թիզաչափ վեր կացա, որ թեյը վերցնեմ, սուր ցավ զգացի․ կրակել էին, գնդակը սրտիցս մեկ թիզաչափ ներքև էր խոցել: – Այ որ էն երեխային փրկել ես, Աստված քեզ երկրորդ կյանք է տվել,- ընդհատում է Աշխեն աքան: – Հա, երկրորդ կյանք եմ նվեր ստացել ծննդյանս օրը,- շարունակում է Վաչիկ դային ու հայացքը հառում դեպի Քիրսը, հետո լռում, ու թվում է, թե մարդն ու սարն իրար հետ զրույցի են բռնվել մտովի: Լսածս պատմությունից անակնկալի եկած՝ ես բառեր չեմ գտնում, իսկ Վաչիկ դային, Քիրսի հետ «զրույցն ավարտելով», շարունակում է իր միտքը: – Ես մյուս նվերս էլ երկրորդ ծննդիցս մեկ ամիս չանցած եմ ստացել․ խաղաղության հույսը: Մայիսին պատերազմն ավարտվեց, իսկ մեզ մոտ նոր ու ավելի լավ կյանքի հույսեր արթնացան: – Իսկ խաղաղությունն ի՞նչ է,- բառերը դարձյալ վերագտնելով հարցնում եմ ես: – Խաղաղությունը միասնությունն է,- ասում է Վաչիկ դային՝ հայացքը սարից չկտրելով: – Խաղաղությունը խոսքեր չեն, ասելով չէ: Խաղաղությունը քաղցրություն է,- երկար ժամանակ լռելուց հետո ասում է Աշխեն աքան:- Խաղաղությունը լավի գիտակցում է, հասկանալն է, որ դրանից ավել ժողովուրդներին ոչինչ պետք չէ: Խաղաղությունը լավ ապրելու պայմանն է: Գիտես՝ մենք վերքեր չունե՞նք: Ունենք, բայց ես հենց դա գիտակցելով եմ ասում: Էդ վերքերն այնքան խորն են, որ տարիները դժվար էլ բուժեն, բայց պատերազմի դառնություններն էլ վերապրելն անհնար է: Ես հիշում եմ՝ մեր հարևանների հետ ինչքան մտերիմ էինք (ադրբեջանցիներ են եղել՝ հեղ․): Աշխատանքի գնալիս երեխաներիս թողնում էի նրանց տանը, պահում էին մինչև վերադառնում էի, բայց պատերազմն ամեն բան քայքայեց: Մինչ Աշխեն աքան, աչքերը սրբելով, նայում է դեպի սարը, ես հայացքս ուղղում եմ Վաչիկ դայուն, ով կարծես շարունակում է Քիրսի հետ զրույցը: Բոլորս լռում ենք՝ միևնույն ժամանակ շարունակելով մտովի զրուցել լեռան հետ: Թեյի վերջին բաժակն արդեն վաղուց ավարտվել է: Չգիտեմ մայրն ու որդին ինչ են մտածում, բայց ես նայում եմ դիմացս ու հասկանում, որ սա այն հազարավոր պատմություններից մեկն էր, որը պատմվել է Քիրսի հայացքի տակ, ու սարն անտրտունջ լսել ու իր մեջ ամփոփել է այն, որ գալիք սերունդներին պատմի խաղաղության ու պատերազմի մասին իր լսածն ու զգացածը: ԻՐԻՆԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ Պատմությունները ստեղծվել են «Խաղաղարարության ամրապնդում կարողությունների զարգացման և հանրային մասնակցության միջոցով» ծրագրի շրջանակներում` Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Պատմությունների բովանդակության համար պատասխանատու են հեղինակները: Բովանդակությունը կարող է չհամընկնել Եվրոպական միության և ծրագիրն իրականացնող գործընկեր կազմակերպությունների, այդ թվում՝ ԵՀՀ-Հայաստանի, ԵՀՀ-Ադրբեջանի, «Ինթերնեյշնլ ալերթ»-ի և ՀՌԿԿ-Վրաստանի տեսակետների հետ:

Lragir.am,
01-11-2019 22:00