Գրական հայերենն ու փողոցայինը իրարից այնքան հեռու են, ինչպես ես հիմա «Տեցի կռուգից»

02-11-2019 20:02

Lragir.am-ը ներկայացնում է հարցազրույցների շարք «մտքի առաջնորդների» հետ: Նախագծի նպատակն է մեդիա տիրույթում զարգացնել «մտքի առաջնորդության» սկզբունքը՝ հարթակ ստեղծելով տարբեր ոլորտների, տարբեր տեսակետների ու հայացքների տեր մարդկանց համար՝ արտահայտվելու նույն հարցերի առանցքի շուրջ: Նախագծի նպատակը խելացի ու տեսլական ունեցող մարդկանց բացահայտումն է ու Հայաստանի տնտեսական զարգացման նոր դիսկուրսների սահմանումը: Շարքը վարում է լրագրող Ռոզա Հովհաննիսյանը: Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի: Հարցազրույցներն անցկացվում են Լոֆթում: Մեր զրուցակիցը կոմպոզիտոր Դավիթ Բալասանյանն է: Նախ՝ հայրենի՞ք, թե մայրենիք, և ինչու: Կարծում եմ՝ մայրենիք: Քանդակներն ու արձանները, նշանակություն չունի լավն են, թե ոչ, արդիական են, թե ոչ, արտահայտում են ժամանակի շունչը, թե ոչ, շատ կոնկրետ հաղորդագրություն են մեզ փոխանցում: Եթե 21-րդ դարում Երևանի փողոցներում դեռ տեղադրում են 19-րդ դարին բնորոշ, ժամանակակից արվեստը հերքող կիսանդրիներ, ուրեմն՝ դա ինչ-որ բան է մեզ հուշում, իսկ թե ի՞նչ, պատասխանը թողնում եմ ձեզ: Երբ Արա Հարությունյանի Մայր Հայաստանի տեղում ժամանակին Մերկուրովի ու Իսրայելյանի հեղինակած Ստալինի արձանն էր, Հայաստանը կարծում եմ հայրենիք էր, այն տարիներին մենք էինք ու մեր սարերը: Մի կողմ դնենք ոճրագործ Ստալինի կուլտը և բոլոր պայմանականություններն ու պարտավորությունները Կրեմլի հանդեպ: Ժամանակները փոխվում են, և երիտասարդական պալատի տեղում հիմա մեքենաների ավտոկայանատեղի է, իսկ վաղը մեկ այլ բան կլինի: Նույնն էլ այս դեպքում, Ստալինի արձանի տեղում հիմա Մայր Հայաստանն է, որի ներկայությունը անձամբ ինձ հաճախ հիշեցնում է Ռուսաստան գնացած հայ տղամարդկանց կանանց, հիշեցնում է միայնակ մայրերին, մայրերին, որոնց զավակները երկար տարիներ ապրում, սովորում, աշխատում են Հայաստանի սահմաններից դուրս, հիշեցնում է մի միայնակ տատիկի, որին հաճախ տեսնում էի Դրախտիկ գյուղի խարխուլ տներից մեկի դռան շեմին նստած, երբ առիթից առիթ հայտնվում էի այդ գյուղում: Այնպես որ, իմ դեպքում, այո, մայրենիք, որովհետև մեր օրերին հայ կինը ունակ է և պատրաստ իր ուսերին կրել ավելին, քան կարող է, անգամ այն բեռը, որի պարտականությունը տղամարդունն է: Արմատներով որտեղի՞ց եք, որքանո՞վ է կարևոր սեփական արմատները ճանաչելը: Ես ժամանակակից մարդ եմ, չեմ կարող ինձ չափազանցված հայրենասիրական պաթոս թույլ տալ, բայց և այնպես շատ լավ գիտակցում եմ անցյալս իմանալու ու ճանաչելու կարևորությունը: Մեր բարեկամներից մեկի տան պատին կա մեր ցեղի տոհմածառը: Ամեն անգամ մոռանում եմ ֆոտո անել, որ մանրամասն ուսումնասիրեմ՝ որտեղից ենք գալիս, որ ճյուղն եմ ես, կամ՝ տերևը: Ու երբ երբեմն գնում եմ մեր գյուղի հին գերեզմանոց, ծաղիկներ դնում պապիկիս, տատիկիս տապանաքարերին, գուցե էդպես գիտակցաբար կամ անգիտակցաբար փորձում եմ այդ տոհմածառի իմ ճյուղը սրտումս վառ պահել: Գիտեմ միայն, որ իմ հեռուները տանում են մինչև Ղարս, որտեղից նախնիներս են գաղթել: Տատս հայերենի ուսուցչուհի էր, պապս՝ Մեծ հայրենական պատերազմին մասնակցած հերոս: Իսկ եթե ավելի մոտ գանք, ապա Զանգեզուրից ենք, Համո Սահյանի հայրենիքից՝ Սիսիանից: Սեփական արմատները ճանաչելը ինչ-որ իմաստով զսպաշապիկ է աշխարհի գայթակղություններից չկուրանալու համար: Այդ զսպաշապիկը մեզ երբեք թույլ չի տալիս մոռանալ 1915-ը, 1945-ը, 1988-ը, ու անգամ, եթե հինգ րոպե առաջ ընկերներով նստած էիր ստրիպտիզ ակումբում, միևնույն է քո աչքերի տխրությունը մատնելու է քեզ, որովհետև հայ ես, կարող ես անձնագիրդ տանը թողնել: Մի քանի բառով ինչպե՞ս կնկարագրեք ձեր մանկությունը, պատանեկությունը և երիտասարդությունը: Մանկությունս իմ սերնդակիցների մանկության պես սովորական մանկություն էր: 90-ականներ, մութ օրեր, հացի հերթ, նավթի հերթ, ջուր չկա, գազ չկա, սովորական մանկություն տրամվայից կախված: Հետո գյուղ, սարեր, ձորեր, անտառներ, կովեր, ոչխարներ, հետո դպրոց, փողոցային կռիվներ, Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան, ուր տղաները ամեն օր իրար էին ծեծում ու քյալերից փող հավաքում բերդի ախպերների համար: Հիշում եմ՝ մի լավ ընկեր ունեի Գեղամ անունով: Հետո Կոնսերվատորիա, լավ ու վատ ուսուցիչներ ու իմ ամենասիրելի ուսուցիչը՝ կոմպոզիտոր Աշոտ Զոհրաբյանը: Երբ 7 տարեկան էի, կոմպոզիտոր Աշոտ Ղազարյանն ու խմբավար Ռոբերտ Մլքեյանը հանրակրթական դպրոցներով էին շրջում, փնտրում երաժշտական լսողություն ունեցող տղաների և մեր դպրոցից ընտրեցին ինձ ու մի տղայի: Սկսեցի երգել Իվան Վարդանյանի տղաների Վարդանանք երգչախմբում, որին կից կար երաժշտական դպրոց, ու Աշոտ Ղազարյանի առաջարկով սկսեցի հաճախել իր դաշնամուրի դասարանը: Հետաքրքիր է, որ երկրորդ տղան ինձանից շատ ավելի լավ էր դաշնամուր նվագում, բայց տարիներ անց նա թողեց երաժշտությունը, իսկ ես՝ ոչ: Աշոտ Ղազարյանն իմ կյանքում նույնքան շատ կարևոր մարդ է, ինչքան Աշոտ Զոհրաբյանն ու անգլերենիս ուսուցիչ Սուրեն Գուլյանն ու իր կինը՝ կոմպոզիտոր ու մանկավարժ Գոհար Սարգսյանը: Նրանք, ինչպես մայրս ու մորաքույր, կրթել են ինձ, եղել են միշտ իմ կողքին, եղել են իմ կյանքում բարձր հոգևոր արժեքների կրող ու բարոյականության օրինակ, որի շնորհիվ ես կարողացել եմ կայանալ որպես մարդ ու երաժիշտ: Էնպես որ պատահականությամբ դարձել եմ երաժիշտ, ոչ պատահական դարձել կոմպոզիտոր, իսկ թե ով կլինեմ ապագայում, ցույց կտա ժամանակը (ժպտում է): Ո՞րն է կյանքի ձեր ամենակարևոր դասը կամ գուցե դասերը, որոնք քաղել եք: Ուզում եմ Կուրոսավայի «Դեռ ոչ» ֆիլմի հերոսի խոսքերը մեջբերել ու եթե մեջբերում եմ, ինչպես Սենեկան կասեր, համարեք որ ես եմ ասում: «Խնդրում եմ գտեք ձեզ համար այն, ինչ ձեզ իրոք դուր է գալիս: Գտեք այն, ինչ կփայփայեք: Երբ գտնեք, քրտնաջան աշխատեք ձեր գանձը ստանալու համար: Մի օր դուք այն կգտնեք, հանուն որի ստիպված կլինեք շատ աշխատել: Այն կդառնա ձեր աշխատանքը, որին ձեր ամբողջ կյանքը կնվիրեք»: Եվ մեկ ուրիշ ֆիլմից՝ «Այս հսկայական աշխարհում բոլորը պետք է կատարեն իրենց առաջադրանքը: Մնացածը այդքան էլ կարևոր չէ, քանի դեռ դու դա հիշում ես: Բայց եթե դու հիշում ես, ամեն ինչ, բացի դրանից, համարժեք է ոչինչ չիմանալուն»: Խոսենք կրթությունից Հայաստանում և արտերկրում: Ասեք՝ ի՞նչ եք մտածում, ինչ խնդիրներ ունի մեր կրթական համակարգը: Հայաստանի դպրոցներում այնքան թույլ է հայերենի դասավանդումը, որ երեխաները կմկմալով են իրենց մտքերն արտահայտում, որ երկու բառ չեն կարողանում իրար կապել, այ դա արդեն մտահոգության լավ առիթ է: Պատճառները շատ են, ու դրանցից մեկն այն է, որ ուսուցիչները դպրոցում չեն զարգացնում երեխաների կենդանի խոսքը, փոխարենը մենախոսում են հայրենանվեր պաթոսով, ծնողներն էլ տանը ալարում են երեխայի հետ ամեն օր գոնե մեկ ժամ զբաղվել, զրուցել գրական հայերենով, գիրք ընթերցել միասին, որ երեխան սովորի իր կարդացածը պատմել: Մնում է փողոցը, ուր գրական հայերենն ու փողոցայինը իրարից այնքան հեռու են, ինչպես ես հիմա Տեցի կռուգից: Կրթության հետ կապված մտքեր անշուշտ ունեմ: Գուցե դրանք անսովոր են մեզ համար, բայց կարծում եմ կարող են օգտակար լինել: Այդ մտքերը ես քաղել եմ Ջոն Քեյջի տված հարցազրույցներից, որոնցում նա խոսում է կրթությունից ու կրկին հղում այլ արվեստագետ-մտավորականների: Հարցազրույցներում նա խոսում է այն մասին, որ առաջինն, ինչից կրթական համակարգը պետք է հրաժարվի, բյուրոկրատիան է իր բլանկներով, սերտիֆիկատներով, դիպլոմներով, մրցանակներով, ինչը բուն կրթության հետ որևէ կապ չունի: Կրթական համակարգը չպետք է խոստանա, որ որևէ մեկը, ուսումնական դասընթացն ավարտելով, կդառնա կրթված, կարծելով որ առանց կրթության մարդն անկիրթ է: Բակմինստեր Ֆուլերն ասում էր, որ երեխան երբ ծնվում է, նա ամբողջովին կրթված է, իր մարմնում կա ամենը, ինչ ասել է կրթություն: Իրեն ոչինչ պետք չէ, միայն պետք է ծնվել: Մենք ստեղծել ենք մեր կառավարությունն ու կրթական համակարգը այնպիսին, ինչի հետևանքով մենք մարդկանց փչացրել ենք: Մենք ստիպել ենք նրանց լինել վատը: Այդ ամբողջ մրցակցությունը դպրոցներում, որտեղից այն սկիզբ է առնում, և այն տեղը, որն այն զբաղեցնում է հասարակության մեջ, դրդում է մեզ լինել անարդար: Մարդիկ կրկին և կրկին գալու են այն մտքին, որ 5 տարի սովորելուց հետո, լինի դա բակալավրիատ, թե ասպիրանտուրա, այն ամենն, ինչ սովորել են, դարձել է անիմաստ: Պատճառն այն է, որ հիմա փոփոխությունները շատ ավելի արագ են տեղի ունենում, քան անցյալում, և մեզ, ցավոք սրտի, չեն սովորեցնում ձեռք բերել տեխնիկական հնարքներ՝ օգտակար ինֆորմացիա ստանալու համար: Ես ինքս, տարիներ առաջ ավարտելով Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան՝ բախվեցի այդ խնդրին, ու միայն հիմա է, որ աստիճանաբար, մեծ դժվարություններով սկսում եմ ուսումնասիրել տարատեսակ համակարգչային երաժշտական ծրագրեր, կարողանում եմ ճիշտ ինֆորմացիան ճիշտ տեղում փնտրել: Իհարկե, մեր տարիներին համացանցն այդքան զարգացած չէր, բայց չեմ կարծում, որ հիմա իրավիճակը փոխվել է կրթական հաստատություններում: Այդ նույն Ֆուլերը առաջարկում է ուսուցման դասընթացն անցկացնել բաց տարածքներում, որտեղ չկան դասասենյակներն իրարից բաժանող պատեր: Այդ սենյակներում միառժամանակ տեղի են ունենում իրար հետ կապ չունեցող դասընթացներ և աշակերտի ուշադրությունը կարող են գրավել շատ բազմազան երևույթներ: Այդ ուշադրությունը չի ֆոկուսացված միայն մեկ բանի վրա, այն շատ ճկուն է, և ինչպես Ֆուլերն է ասում՝ եթե դուք ունեք ընտրություն անշարժության և ճկունության միջև, ընտրեք վերջինը: Նման դպրոցներ, որտեղ կան սենյակներ առանց միջանկյալ պատերի, կան ԱՄՆ-ում, մասնավորապես Չիկագոյում: Նմանօրինակ դասարաններում, անգամ եթե դու չես տեղաշարժվում, ինֆորմացիան կապակցվում է մեկ այլ ինֆորմացիայով ու ստիպում քեզ մտածել, երևակայել, դա միանգամայն այլ տեսակի կրթություն է, որն անձամբ ինձ համար շատ ավելի հետաքրքիր է թվում ու երեխաների համար օգտակար: Արվեստն իր բոլոր ճյուղավորումներով պետք է լինի հենց նույն դպրոցում, լինի երաժշտություն, թատրոն, պար, անգամ կինո: Երեխաները պետք է այդ ամենի հետ շփվեն ոչ թե ծնողների հետ տարին մի քանի անգամ հաճախելով համերգասրահներ, այլ որ համերգասրահը տեղափոխվի դպրոց ու այդ ամենը կազմակերպվի ինտերակտիվ, խաղերի, սլայդերի, պերֆորմանսների ու հետաքրքիր զրույցների միջոցով: Ինչ վերաբերում է բուհերին, ապա նրանք իրոք բանտ են հիշեցնում: Ու երբ դուք ավարտում եք այն, դուք արդեն հարմարվում եք այդ բանտի գաղափարի հետ, որտեղ ձեզ ասում են՝ եթե չանես սա կամ նա, մենք քեզ կկտրենք, դուրս կշպրտենք: Բուհերի խնդիրն այն է, որ նրանք սահմանափակում են դասաժամերը, այնպես են բաշխում առարկաները, որ դու մի դասից մյուսն ես վազում հիմարի պես: Պետք է կատարելապես այլ սիստեմ, որտեղ ուսանողը կլինի ազատ թե մասնագիտության առարկաների տեսանկյունից, թե դասաժամերի: Այս հարցերի շուրջ անշուշտ կլինեն տարատեսակ կարծիքներ, ու այնպես չէ, որ ես հիմա առաջարկում եմ այսօրվանից մտածել այդ ուղղությամբ, բայց և այնպես առաջարկում եմ գոնե կասկածի տակ դնել Հայաստանի ներկայիս ուսումնական համակարգը, որի արդյունքում ուսանողը բուհն ավարտելուն պես դուրս է շպրտվում մեծ աշխարհ ու իրեն այդ աշխարհում զգում ուղղակի անտեր: Խոսենք մեր հասարակությունից: Որպես հավաքական միավոր ինչպե՞ս կնկարագրեք այն: Մեր հասարակությունը, ինչպես ցանկացած երկրի հասարակություն, շատ բազմազան է: Ամենադժվարը սեփական գլխի հետ պայքարելն է, որում չարն ու բարին միշտ նարդի են խաղում՝ իրար հետ չունեն, բայց ամեն անգամ աչքով են իրար անում ու ասում. մի-մի հատ նարդի չգցե՞նք: Մեր հասարակության թերություններն ու առավելություններն այնքան շատ են, որ կարող ես անդադար թվարկել: Մենք մեզ տեսնում ենք ներսից, իսկ հարևանին՝ կողքից: Երկու հայացքներն էլ չեն կարող օբյեկտիվ լինել, եթե հարևանի տանը երկար չես ապրել, որ մի փոքր դիստանցվես քո տան իրականությունից: Մենք շատ հաճախ լավը որպես վատ ենք ներկայացնում, իսկ վատը երբեմն լավի տեղ սղացնում, գնում առաջ: Օրինակ՝ որո՞նք են մեր հասարակության չափից շատ ինքնավսահ լինելու պատճառները: Սկսած մեքենա վարելուց, վերջացրած այս կամ այն հարցի մասին բժշկին բնորոշ ինքնավստահ կարծիք արտահայտելուց: Որո՞նք են իրար չհարգելու ու չսիրելու պատճառները: Որտեղի՞ց է գալիս ամեն երկրորդին մեր մասին առաջին քրիստոնյա, հանճարեղ կամ տառապյալ ազգ ներկայցնելու այդ անվերջ կոմպլեքսը: Ինչո՞ւ ենք փողոցում թքում, սիգարետ շպրտում բալկոնից ու ի՞նչ է դա նշանակում: Սրանք հարցեր են, որոնց թող ամեն մեկը, ցանկության դեպքում, ինքնուրույն պատասխանի: 20-րդ դարի դասականներից Չարլզ Այվզն ունի մի երաժշտական ստեղծագործություն, որը կոչվում է «Հարց թողնված առանց պատասխանի», ու կա մեկ այլ հեղինակի՝ Ձյորձ Կուրտագի՝ Այվզի հետ կարծես երկխոսելու փորձ անող ստեղծագործություն «Չհարցադրված պատասխան» անունով: Այս անգամ ձեր հարցին հրեաների պես, հարցով եմ պատասխանում: Սովորաբար առողջացման համար անհրաժեշտ է լավ դիագնոստիկա, ուրեմն՝ համառոտ ինչպե՞ս կսահմանեք մեր «դիագնոզը»: Ընտանիքի ինստիտուտի քայքայման կապակցությամբ Ջոն Քեյջն ասում է՝ «Այն քայքայվում է, որովհետև մենք իրարից բաժանել ենք սերունդները: Մենք ուղարկում ենք մեր երեխաներին դայակների մոտ, երբ նրանք մի քիչ մեծանում են, ուղարկում ենք դպրոց: Երբ դպրոցն ավարտում են, ուղարկում ենք նրանց բանակ: Երբ նրանք վերադառնում են բանակից, եթե իհարկե մնում են կենդանի, մենք իրենց աշխատանք ենք տալիս, որն իրենց գրեթե սպանում է: Իսկ երբ նրանք խելագարվում են, ուղարկում ենք հոգեբուժարան, իսկ եթե կանոններն են խախտում, նստացնում ենք բանտ: Երբ նրանք ծերանում են, ուղարկում ենք ծերանոց: Մեր հասարակությունում չկա մի որևէ ակնթարթ, երբ մենք չցանկանանք ազատվել ինքներս մեզանից»: Որո՞նք են այսօր Հայաստանի առջև ծառացած խնդիրները: Խնդիրները շատ են, ծառերը՝ քիչ: Այդ խնդիրների շուրջ, կամա թե ակամա, քիչ թե շատ արդեն խոսեցի: Իսկ անհատնե՞ր, թե ինստիտուտներ, ո՞ր կողմ նայենք: Ինստիտուտներ, որոնցում անհատներ են, անհատներ, որոնց մեջ կա անծայրածիր ինստիտուտ: Նայենք բոլոր կողմերով: Ձերբազատվենք ակտուալությունը կորցրած գիտելիքից, անվիճելի ճիշտ ու սխալներից, ուսումնասիրենք անծանոթը, անսովորը, առանց մտածելու չէ չասենք, համադրենք այդ գիտելիքը ու կիրառենք մեր կյանքում, կիրառենք այն, ինչ օգտակար է մեզ՝ մարդ տեսակին: Ո՞րն է մեր պարտավորությունը մեր հաջորդ սերնդների առաջ: Քննադատական մտածողություն, երբ անձը սեփական համոզմունքն ու մուտքային տեղեկատվությունը կասկածի տակ է դնում ու ուսումնասիրում երևույթներն ու խնդիրները խորքային, մեծ սպեկտրով: Շատ կցանկանայի մեր հաջորդ սերունդներին փոխանցել այդ քննադատական մտածողությունը, որը թափված է աշխարհի տարբեր անկյուններում, մեզ շրջապատող մտածող մարդկանց մեջ ու գրքերում: Ուզում եմ, որ մեր հաջորդ սերունդը լինի էլ ավելի բանական, ինքնավերլուծող, մեկը մյուսին հարգող, մտքով ու ֆիզիկապես առողջ սերունդ, որը չի աղտոտի իր շրջակա միջավայրը, ու իր հերթին այն կփոխանցի հաջորդ սերունդներին: Դուք ամեն օր ի՞նչ եք անում Հայաստանը լավը դարձնելու համար: Այսօր արդեն փողոցում աղբը չեմ թափում, իսկ երբ շաբաթներ շարունակ վրանով հանգստանում եմ Սևանի ափին, երբեմն ուրիշների աղբն եմ հավաքում, կարծելով, որ այն իմն է, ուղղակի ճամփորդում է ժամանակի մեջ: Իսկ ընդհանրապես ես իմ գործն եմ անում, ստեղծագործում եմ, կոմպոզիցիա և դաշնամուր դասավանդում, համերգներ տալիս տարբեր վայրերում, պատվերով կամ առանց պատվերի երաժշտություն գրում: Մեզ պատմությունից հասել է տեղեկություն, որ Տիգրան Մեծի հայրենիքը՝ Ք. Ա. 95-55-ը, հայոց պատմության լավագույն էջերից մեկն է եղել: Ներկայում ո՞րն է «95-55»-ի ձեր կոնցեպտը: Այս թեմային վերաբերող տարբեր նյութեր եմ կարդացել ու գտա Ռ. Մանասերյանի այս տողերը. «Հայ ժողովրդի պատմության մեջ Տիգրանը այն միակ գործիչն էր, որ վճռականապես և հետևողականորեն պայքարում էր ընդդեմ Առաջավոր Ասիայում, Եփրատի և Տիգրիսի տարածքում մեծ տերությունների՝ Հռոմի և Պարթևստանի տիրապետության հաստատման… Հռոմի և Պարթևական Իրանի դեմ նրա շուրջ երեսնամյա հակամարտությունը նշանակում էր Հայաստանի պատմության մեջ իր արտաքին ազատությունը պահպանելու, իր ձեռքում սեփական ճակատագիրը պահելու հերոսական փորձ: Դա պայքար էր անկախ գոյության պայմաններ ստեղծելու համար»: Հուսանք, որ ապագայում Հայաստանը կլինի ավելի անկախ, շատ ավելի ուժեղ, որովհետև պատմությունը հաճախ կրկնվում է, և այդ իսկ պատճառով, բոլորս, ճիշտ պահին, ճիշտ տեղում պետք է լինենք իսկական Տիգրան: Միևնույն ժամանակ, ինչպես փիլիսոփա Բերտրան Ռասսելն էր ասում. «Ես երբեք կյանքս չեմ տա իմ համոզմունքների համար, քանի որ կարող եմ սխալվել»: Մի երգ ասեք կամ YouTube-ի հղումը տվեք: Ի՞նչ լսենք այս զրույցը կարդալուց հետո: Ինչո՞ւ: Իմ երգը իմ երաժշտությունն է, ու եթե որևէ մեկը այս զրույցը կարդալուց հետո կցանկանա լսել այն, ուրախ կլինեմ, եթե ոչ՝ կրկին ուրախ եմ: https://www.youtube.com/playlist?list=PLUrLyou76IdpdmZhdO40WNmNCHhyD-2oh Հարցազրույցների շարքն իրականացվում է «Գալաքսի» ընկերությունների խմբի աջակցությամբ, ընկերության սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակում

Lragir.am,
02-11-2019 20:02