Սամվել Ալեքսանյանի մասնաբաժինը շաքարավազի և կարագի շուկաներում նվազել է

04-11-2019 16:50

ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությունների մասնաբաժինը շաքարավազի և կարագի շուկաներում նվազել է: Այս մասին Ազգային ժողովում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը: «Շաքարավազի շուկայում 2018 թվականի համեմատ 2019 –ին հիմնականում փոփոխություն է տեղի ունեցել շաքարի հումքի ներմուծման առումով: 2019 թվականին այլևս հումք չի ներմուծվել, միայն շաքար է ներմուծվել: 2018 թվականին տեսակարար կշռով 59 տոկոսը եղել է Ալեքս հոլդինգը: Եվ եթե դրան գումարենք նաև Ալեքս ընդ հոլդինգը, որը 8 տոկոս է եղել, կազմել է 67 տոկոս: Դա ներմուծման ծավալներն է: 2019 թվականի հունվար-հոկտեմբեր ամսին այստեղ կտրուկ փոփոխություն է տեղի ունեցել: Ալեքս հոլդինգի մասնաբաժինն իջել է 48.5, իսկ Ալեքս ընդ հոլդինքն այլևս չկա այդ հաշվարկի մեջ»,- ասաց ՏՄՊՊՀ նախագահը: Մյուս խաղացողների մասնաբաժինը, նրա խոսքով, բավական մեծացել է: Փոխվել է իրավիճակը նաև իրացման շուկայում՝ Ալեքս հոլդինգ ՍՊԸ իրացման ծավալները 91 տոկոսից իջել է 76 տոկոսի: Կարագի շուկայում, ըստ Գեղամ Գրիգորյանի, ևս իրավիճակը փոխվել է: Այստեղ նույնպես առաջին տեղում Ալեքս հոլդինգն է: Երկրորդ տեղում գտնվող ընկերությունը կրկնապատկել է արտադրությունն ու իրացումը, երրորդ տեղում գտնվող ընկերությունը ևս, ըստ Գեղամ Գրիգորյանի, իրացման ծավալների առաջխաղացում ունի: Եվ այս ամենը տեղի է ունեցել Ալեքս հոլդինգի մասնաբաժնի նվազման հաշվին:

Lragir.am,
04-11-2019 16:50