Վերին Լարսի խնդրի լուծման ինչ տարբերակներ կան

Մեր զրուցակիցն է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը Պարոն Մելքումյան, Դուք օրերս եք վերադարձել Լարսից, ի՞նչ իրավիճակ է: Տեսակետ կա, որ Լարսի ավտոճանապարհի խնդիրն անլուծելի է: Պետք է նախ հիշենք, որ Վերին Լարսը 2009-2010 թվականից է գործում: Մինչ այդ ավելի շատ լաստանավն էր օգտագործվում: Եթե թվերով ասեմ, օրական թողունակությունը 170 բեռնատար է, բայց երկկողմանի: Ընդհանուր 800 մեքենա է ելք ու մուտք լինում: Բացի դրանից, պետք է հասկանալ, թե արդյոք այդ 800-ից ավելի տեխնիկապես հնարավոր է, թե ոչ: 800-ը նշանակում է, որ մեկ բեռնատարի համար մոտավորապես 15 րոպե ժամանակ է պահանջվում: Այո, վերջերս եղանք Վերին Լարսում և այդ առումով պետք է ասել, որ այնտեղ ռուսական կողմը 1,9 մլրդ ռուբլի է նախատեսում ներդնել տեխնիկական վերազինման համար: Բայց դա  բերելու է նրան, որ որոշ ժամանակ Լարսի ճանապարհը պետք է նեղանա: Դա նշանակում է, որ հերթեր են գոյանալու: Երկրորդ, եթե Ռուսաստանն անում է այդպիսի վերազինում, Վրաստանն էլ պետք է անի, որովհետև ռուսական կողմում ավելի հարթ տարածք է և ընդլայնման հնարավորություններն ավելի մեծ են, իսկ դեպի Վրաստան տարածքն ավելի լեռնային է, սահմանափակ են հնարավորությունները: Այս ամենը չեմ ասում նրա համար, որ խնդիրը լուծում չունի: Լուծում ունի, ուղղակի պետք է թողունակությունը, շարժունակությունը մեծանա: Տարբեր իրավական և վարչարարական գործիքներով մենք խնդիրը քննարկել ենք՝ կապված և տրանսպորտային վերահսկողության, և  ֆիտոսանիտարիայի, և բեռների կշռման հետ: Այդ բոլորը պետք է էլեկտրոնիզացվի, և առանց կանգնելու գնան: Բայց ինչքան էլ գնան, դա իր չափն ունի: Հաջորդ հանգամանքն այն է, որ Լարսին այլընտրանք պետք է լինի: Իմ անձնական կարծիքն է, որ Հայաստանը պետք է լաստանավ ձեռք բերի կամ վարձակալի, որ մենք կարողանանք Փոթի-Նովոռոսիյսկ հատվածներում որոշակի լուծումներ գտնել: Սա որքանո՞վ գործարարներին ձեռնտու կլինի, թանկ չե՞ն լինի ծախսերը լաստանավային փոխադրման դեպքում: Հիմա պետք է հաշվարկել, թե Վերին Լարսով անցնելու դեպքում որքան է ծախսը՝ հաշվի առնելով նաև հերթերը, օրերով այնտեղ մնալու, ապրանքը փչանալու, ճանապարհը փակվելու ռիսկերը, և  լաստանավայինի դեպքում որքան են ծախսերը: Միշտ էլ կախված բեռի տեսակից և բնույթից, նաև սեզոնայնությունից, պետք է հաշվի առնել բոլոր հանգամանքները: Հիմա եթե Լարսը փակ է, ապրանքները ո՞նց տանեն: Ռուսական կողմի հետ ստացվո՞ւմ են բանակցությունները: Դուք խոսեցիք ապրանքների փչանալու մասին, «Սպայկա» ընկերությունը հայտարարել է, որ 17 օր հերթերի մեջ կանգնած են եղել, նաև պանրի փորձաքննության համար: Սա ինչի՞ մասին է խոսում՝ վատ վարչարարության, ԵԱՏՄ կանոնադրությունը ճիշտ չկատարելու, թե՞ այլ խնդիրներ էլ կան: Այս բացերը ինչպե՞ս են լուծվելու: Պանրի հետ կապված խնդիրը ԵԱՏՄ-ին չի առնչվում: Այդ խնդիրը կապված է նրա հետ, որ Ռուսաստանն ունի ապրանքատեսակներ, որոնք սանկցիաների տակ են: Իրենց ասելով դա չպետք է լինի եվրոպական ծագման: Հիմա պարզաբանումը պետք է լիներ այն մասով, որ դա եվրոպական ծագման ապրանք է, թե հայկական: Ես կարծում եմ, որ որպես ԵԱՏՄ անդամ, շատ ավելի դյուրինություն պետք է ապահովված լինի, որ մեր գործարարները չտուժեն: Ես հետաքրքրվել եմ, որ այո, դա տեղական ապրանք է եղել: Ձեզ հայտնի՞ է փաստ, որ այդ ապրանքը թեև տեղական արտադրության է գրվում, բայց դա դրսից բերված է լինում: Ժամանակին այդպիսի խոսակցություններ եղել են՝ կապված լոլիկի հետ և այլն, փաթեթավորումը փոխելու հետ, բայց ես հիմա չեմ կարող պնդել դա, ես այդպիսի փաստ այս պահին չունեմ: Մենք պետք է կարողանանք այստեղ  նույնպես որոշակի այնպիսի մեխանիզմներ կիրառել, որ բացառենք վերաարտահանումը: Առանձին դեպքերը պետք է շատ կոնկրետ ուսումնասիրվեն, և անել հայտարարություններ, որտեղ մինչև վերջ ռեալ փաստաթղթավորված տեղեկատվություն չունես, չեմ կարծում, որ պատեհ է: Այսպիսի խնդիրներին ինչպիսի՞ լուծում է հնարավոր լինում տալ, ինչո՞ւ պետք է  հայկական ընկերությունը 17 օր սպասեր: Որքան ինձ հայտնի է, ոչ միայն փորձաքննության են ուղարկել Կաբարդինո-Բալկարիա, այլև Մոսկվա: Այսպիսի առանձին դեպքերի մասին դատողություններ անելուց առաջ պետք է ամբողջ  սպեկտրը փաստաթղթավորված ունենանք: Ես անմիջական կապի մեջ եմ եղել Էկոնոմիկայի նախարարության մեր գործընկերների հետ, որոնք այդ հարցով զբաղվում էին, նաև նախարարի հետ եմ խոսել, կսպասենք, կհասկանանք, թե լուծումներն ինչպիսին կարող են լինել:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
05-11-2019 11:27