Հայաստանի բանկային համակարգը շարունակում է մնալ իրացվելի. ԿԲ

05-11-2019 16:35

Հայաստանի բանկային համակարգի ռիսկերի կլանման ունակությունը պահպանել է բարձր մակարդակը: Համակարգը շարունակում է մնալ իրացվելի, այսինքն՝ ցանկացած պահի բանկերն ունակ են բավարարելու հաճախորդերի ցանկացած տեսակի պահանջներ: Այս մասին 2019 թ. առաջին կիսամյակի և դրամավարկային քաղաքականության ընթացիկ զարգացումներին նվիրված  ասուլիսում հայտնեց ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը: «Ֆինանսական համակարգը մեզ մոտ տասնամյակից ավելի է, ինչ շարունակում է մնալ բավականին ունակ՝ դիմակայելու տարբեր տեսակի զարգացումներին՝ թե ներտնտեսական, թե դրսից եկող ռիսկերին: Ֆինանսական, մասնավորապես բանկային համակարգի ռիսկերի կլանման ունակությունը հիմնականում պահպանվել է այն մակարդակում, ինչ ունեինք 2018-ին, սակայն որոշ ռիսկերի՝ ներառյալ մակրոռիսկերի առումով, ավելի լավացել է»,-ասաց Գրիգորյանն ու հավելեց՝ ֆինանսական համակարգը առաջին կիսամյակի ընթացքում թե ԿԲ-ի կողմից վարվող քաղաքականության, թե ընդհանուր ներտնտեսական զարգացումների շնորհիվ, շարունակել է մնալ բավականին իրացվելի: Բանկային համակարգի կայունությունն ու առողջությունը գնահատում են իրացվելիության և կապիտալի համարժեքության նորմատիվներով: Գրիգորյանը շեշտեց՝ բանկային համակարգի իրացվելիությունը նշանակում է, որ բանկերը համապատասխան պահանջարկի առկայության դեպքում կարող են տրամադրել տարբեր տեսակի ֆինանսական գործիքներ՝ տարբեր տեսակի վարկեր, ներգրավել, հետ վերադարձնել ավանդներ: Կապիտալի համարժեքության ցուցանիշը խոսում է ֆինանսական կազմակերպությունների՝ մասնավորապես բանկերի տարբեր տեսակի անկանխատեսելի, չսպասված զարգացումներին դիմակայելու ունակության մասին: «Մեզ մոտ նվազագույն ցուցանիշը սահմանված է 12 տոկոս, մինչդեռ բազելյան սկզբունքով սահմանված նվազագույն ցուցանիշը 8 տոկոս է: Սակայն մեր բանկային համակարգի միջին կշռված ցուցանիշը 17.4 տոկոս է: Դա խոսում է բանկային համակարգի կայունության և տարբեր տեսակի շոկերին դիմակայելու ունակության մասին»,-եզրափակեց Գրիգորյանը:

Lragir.am,
05-11-2019 16:35