Սերժ Սարգսյանի խրամատը երկու անգամ է քանդվել

Մեր զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը Պարոն Ավետիսյան, օրերս Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախի խնդրի լուծման հարցում բացառում է դավադրությունները: Ձեր կարծիքով, ինչո՞ւ անհրաժեշտություն առաջացավ այս խնդրի մասին ևս մեկ անգամ խոսել: Կարծում եք՝ ոմանք Արցախի հարցը խաղաթուղթ են դարձրել ներքաղաքական կյանքում և անհարկի շահարկո՞ւմ են: Արցախի հարցը հիմա ավելի քան շահարկվում է: Եվ դա այն պարագայում, երբ բանակում թե սննդի ոլորտում են բարեփոխումներ եղել, թե ռազմական բյուջեի ավելացման, թե պաշտպանական գծի հարցերում կա ռազմավարություն: Այս բոլորի պարագայում, երբ մարդիկ կան, որ շահարկում են այս հարցը, հարց է առաջանում, թե արդյոք չեն փորձում մարդկանց մոլորության մեջ գցել: Վարչապետը ևս մեկ անգամ ամրագրում է բոլոր այն թեզերը, որով մենք առաջ ենք գնում: Հարկավոր է սա անել պարբերաբար, հատկապես այս մեդիատեռորի պարագայում: Ընդ որում՝ դրանք այն խմբերն են, որ միշտ են շահարկել Արցախի հարցը, այսինքն՝ պրոֆեսիոնալ շահարկողներ են: Երբ իրենք իշխանության էին, ասում էին՝ ոչ մի բան չի զարգանում, բայց Ղարաբաղի հարցն ենք փորձում լուծել: Բայց տեսանք, թե ինչպես են փորձել այդ հարցի լուծումը գտնել: Փաշինյանը հայտարարում է, որ Արցախի հարցում դավադրությունները բացառում է, խնդրի լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Կարծիքներ են հնչում, որ արտաքին քաղաքականության առումով այդպես էլ ուղերձներ չկան, կամ որ՝ զուգահեռաբար խոսվում է բանակն ուժեղացնելու մասին, արդյոք սա չի խոսում այն մասին, որ հարցի լուծումը ուժային տարբերակո՞վ ենք պատկերացնում: Որևէ կերպ Հայաստանը միտված չէ ուժային տարբերակով հարցի լուծմանը: Մենք հավատարիմ ենք մնում խաղաղ կարգավորման հասնելու մեր ջանքերին: Սրա հետ մեկտեղ մենք առաջարկում ենք զրոյական պայման, որ պետք է լինի երեք կողմերի համաձայնությունը, որովհետև եթե Հայաստանի, Արցախի, Ադրբեջանի ժողովուրդների համաձայնությունը չկա, խնդիրը չի կարող լուծվել: Կարո՞ղ է լինել լուծում, որ Արցախի մեր հայրենակիցներին ընդհանրապես ձեռնտու չլինի, կամ Հայաստանի կամ Ադրբեջանի ժողովուրդներին ընդհանրապես ձեռնտու չլինի: Եթե այս երեքի համաձայնությունը չլինի, բանակցությունները կարող են ունենալ խնդիրներ: Եթե ֆունդամենտը սխալ է, պատերը ոնց ուզում ես կառուցիր: Հիմա մյուս հարցը. իսկ եթե Աստված չանի, կրկնվում է ապրիլյան պատերազմի սցենարը, մենք պե՞տք է ռազմական առումով պատրաստ լինենք, թե ոչ: Իհարկե պետք է պատրաստ լինենք: Այսինքն, այս երկուսն իրար չհակասող երևույթներ են: Մենք պետք է բարելավենք մեր պաշտպանությունը, որովհետև դրա կարիքը ամեն պահի կարող է պետք լինել: Նախորդ իշխանության ներկայացուցիչները նշում են, որ դինամիկա կա Արցախի հարցում, և դա բացասական է Հայաստանի ու Արցախի համար, որովհետև վարչապետը ՀՀ իշխանությունների կողմից Արցախի հարցում որդեգրված որևէ կոնկրետ որդեգրված քաղաքականություն չհնչեցրեց, իր ամեն մի ելույթում նա ստիպում է ԱԳՆ-ին կամ ՊՆ-ին իր հետևից մաքրել իր ասած անհեթեթությունները: Այս մասին, մասնավորապես, հայտարարել է Արմեն Աշոտյանը: Արմեն Աշոտյանին խորհուրդ կտայի, որ առհասարակ անհեթեթությունների մասին չխոսի, որովհետև ժամանակին մի ամբողջ քաղաքական ապարատ լծված էր իրենց հոգևոր հոր իրական անհեթեթությունները մաքրելու գործին: Այսօր ՀՀ արտաքին քաղաքականության, Արցախի հարցի լուծման տեսլականի նախադրյալների մասին բյուրեղացված տեսքով Արցախի ու Հայաստանի համատեղ անվտանգության խորհրդի նիստում ներկայացվել է: Եթե որևէ մեկին պետք է այդ փաստաթուղթը կարդալ, կարող է կարդալ և ծանոթանալ: Այնտեղ ամեն ինչի մասին խոսվում է բառացի: Բայց քանի որ Աշոտյանենք բացի թեմա բռնելուց որևէ այլ տաղանդ չունեն, նման անիմաստ հայտարարություններ են անելու: Նիկոլ Փաշինյանը և մեր արտաքին քաղաքականությունը սահմանում են այն զրոյական կետը, որից կարող են տեղի ունենալ բանակցություններ: Նրանք ձեզ մեղադրում են նաև Սերժ Սարգսյանի դիվանագիտական բանակցային խրամատը քանդելու և նորը չկառուցելու մեջ: Սերժ Սարգսյանի խրամատը երկու անգամ է քանդվել. մի անգամ Կազանում, որ պատրաստ էր տալ ազատագրված տարածքները և դրա մասին բացեիբաց ասաց Սոլովյովի հետ հանդիպմանը: Երկրորդ անգամ էլ այստեղ խրամատներ ուներ, ուզում էր վարչապետ դառնալ, բայց այդ ամենը քանդվեց: Երկու դեպքում էլ լավ է, որ քանդվել է:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
05-11-2019 21:54