Նորագյուղցի Արթուր Հակոբյանը Ակնայի (Աղդամ) մոտ վար անելիս խաչքար է հայտնաբերել

06-11-2019 17:11

Արթուր Հակոբյանի պատասխանը Ալիեւի «Ղարաբաղը Ադրբեջան է եւ բացականչական նշան» հոխորտանքին Մենք այն ժողովուրդն ենք, ով առաջինն ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն: Եվ այն ժողովուրդը, ով դարեր շարունակ մաքառել է իր լինելիության համար՝ հաճախ նաև անհուսալի պայմաններում: Հազարամյակներ շարունակ դիմակայելով բոլոր տեսակի մարտահրավերներին՝ անեղծ պահեցինք մեր հավատքը: Մենք, հաճախ նաև կյանքի գնով, պահպանել ենք այն, ինչ մերն է, երբեք աչք չդելով օտարի ունեցածին: Ի հակադրություն այս ամենի, մեր թշնամին մշտապես ընտրել է խարդախության, ստի, կեղծիքի, բռնի ուժով տիրանալու ճանապարհը: Ժամանակներ, բարքեր, քաղաքակրթություններ են փոխվել, սակայն մեր դարավոր թշնամին չի փոխել բարբարոսի իր դիմագիրծը: Ասել է թե, օտարի ունեցածին բռնի ուժով տիրանալը դեռևս գայթակղում է նրան, ինչի համար չի խնայում և ոչինչ: Սակայն պատմությունը կեղծիքներ չի սիրում, այլ իր խորխորատներում պահպանում է այն, ինչը ճշմարիտ է: Ինչպես գիտենք հանրապետությունում գյուղատնտեսական աշխատանքների աշխույժ ժամանակաշրջան է: Արդեն սկսված են աշնանացանի նախապատրաստական աշխատանքները: Նոյեմբերի 4-ին նորագյուղցի Արթուր Հակոբյանի տրակտորի խոփը հերկի հերթական աշխատանքների ժամանակ չկարողացավ հաղթահարել արգելանքը, ինչը մտահոգություն առաջացրեց երիտասարդի մոտ: Դադարեցնելով աշխատանքը, նա իջավ տրակտորից, և զարմանքից քար կտրեց: Տրակտորի խոփը դեմ էր առել խաչքարի, որը ո՞վ գիտե քանի դար թաքնված է եղել հողի տակ: Կանչելով հարևանությամբ աշխատող մարդկանց՝ որոշացին հատուկ մեքենա կանչել, որի օգնությամբ էլ խաչքարը հանեցին և զգուշորեն ազատեցին հողաշերտերից: Տարածքը գտնվում է Ակնա թաղամասում, և պատահական չէ, որ այստեղ խաչքար է հայտնաբերվել ու դեռ կհայտնաբերվեն: Չէ որ դրանք հայկական պատմական տարածքներ են, և գուցե այն մեր ազգի որոշիչ հաղթանակը նշանավորելու համար է կանգնեցվել: Մինչդեռ մեր հարևանները հոխորտանքներ և անհեթեթություններ են շպրտում հայերիս ուղղությամբ՝ անվանելով մեզ օկուպանտ: Գուցե նրանց հնչեցված ամեն մի մեղադրանքի այնքան էլ լուրջ չենք վերաբերվում, բայց որ նրանց ծախսած միլիոնավոր նավթադոլարներն ի զորու չեն կեղծելու իրական պատմությունը, ակնհայտ է: Պատմությունը եկել է ասելու իրականությունը: Եվ կամա թե ակամա մեր թշնամին երբևէ պետք է քաջություն ունենա առերեսվելու սեփական խղճուկ պատմությանը և, գուցե մի փոքր մտածի՝ արժե արդյոք շարունակել կրել բարբարոսի իր պիտակը, ինչը վաղ թե ուշ բերելու է սեփական կործանմանը: Անկասկած խաչքարը հնագետների, պատմաբանների կողմից կուսումնասիրվի և համապատասխան գնահատական կտրվի: Սակայն կարծում ենք այն չպետք է տեղաշարժել: Այն ինչ հարկավոր է անել՝ հողաշերտից ազատելը, գտնված տեղում վեր խոյացնելն ու յուրօրինակ ուխտատեղի, գուցե և զբոսաշրջային վայր ստեղծելն է: Ինչը կլինի արժանի պատասխան ադրբեջանական քարոզչամեքենային: Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ Լուսանկարները՝ Վալերի ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

Lragir.am,
06-11-2019 17:11