Կայացել է ԵՄ աջակցությամբ ստեղծված ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի պաշտոնական շնորհանդեսը

06-11-2019 17:50

Նոյեմբերի 6-ին կայացել է ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի բացման պաշտոնական արարողությունն ու շնորհանդեսը: ԻՐԻՍ բիզնես ինկուբատորը հիմնադրվել է Սիրիական Ճգնաժամին ի պատասխան ստեղծված Եվրոպական Միության Տարածաշրջանային Թրասթ ֆոնդի` «ՄԱԴԱԴ» ֆոնդի  կողմից ֆինանսավորվող և Ավստրիական զարգացման համագործակցության և Ավստրիական Կարմիր խաչի կողմից համաֆինանսավորվող «Սիրիահայերի և տեղացիների դիմակայունության բարձրացում» (ԻՐԻՍ) ծրագրի շրջանակում՝ Հայկական Կարիտաս բարեսիրական ՀԿ-ի և ՓՄՁ համագործակցության ասոցիացիա ՀԿ-ի կողմից: ԻՐԻՍ ծրագրի ֆինանսավորումը 3,3 միլիոն եվրոյին համարժեք ՀՀ դրամ է (3 միլիոնը՝ հատկացված Սիրիական ճգնաժամին ի պատասխան ստեղծված ԵՄ տարածաշրջանային Թրասթ ֆոնդի (ՄԱԴԱԴ ֆոնդ) կողմից), որից 1,9 միլիոնը կազմում է ԻՐԻՍ ծրագրի տնտեսական ինտեգրման բաղադրիչի շրջանակում ստեղծված ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի բյուջեն: Այս մասին հայտնում են Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից: Միջոցառումը համախմբել է ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի ֆինանսավորող և հիմնադիր կառույցներին, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին, պետական և մասնավոր ոլորտների գործընկերներին, միջազգային կառույցներին, փորձագետներին և մեդիա ներկայացուցիչներին՝ նշելու ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի հիմնումը: ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի շնորհանդեսին բացման հանդիսավոր խոսքով հանդես են եկել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Հայկական Կարիտաս բարեսիրական ՀԿ-ի նախագահ Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը, Ավստրիական զարգացման համագործակցության երևանյան գրասենյակի փոխտնօրեն Նորա Ալանակյանը, Ավստրիական Կարմիր խաչի գործառնությունների և միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Վոլտեր Հայեկը, ՓՄՁ համագործակցության ասոցիացիա ՀԿ-ի նախագահ Ռուբեն Օսիպյանը: ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի ծրագրի ղեկավար Նարինե Թերզյանը ներկայացրել է ինկուբատորի առաքելությունը, նպատակներն ու  գործառույթները: Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը ողջույնի իր խոսքում նշել է. «Ուրախ եմ  ներկա գտնվել ԻՐԻՍ ծրագրի շրջանակում ստեղծված ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի պաշտոնական բացմանն ու շնորհանդեսին: Վստահ եմ, որ սիրիական ճգնաժամին ի պատասխան ստեղծված ԵՄ տարածաշրջանային Թրասթ ֆոնդից (՛ՄԱԴԱԴ՛ ֆոնդ) տրամադրված այս աջակցությունը և հիմնադիր կառույցների ջանքերը մեծապես կնպաստեն սիրիահայերի, միգրանտների, հայրենադարձների ու տեղացի ձեռներեցների տնտեսական ինտեգրմանը և Հայաստանի ՓՄՁ ոլորտի զարգացման գործում մեծ ազդեցություն կունենան: Հավատում եմ  նաև, որ այն դրական փոփոխություններ կբերի Հայաստանի գործարար միջավայրում և ձեռնարկատիրական նոր մտածելակերպ ձևավորելու խթան կհանդիսանա: ԵՄ-ն աջակցում է Հայաստանում տարբեր ոլորտների նոր ընկերություններին ու ՓՄՁ-ներին՝ նպատակ ունենալով նպաստել ներառական միջավայրի ստեղծմանը, որտեղ կարող է ծաղկել ձեռնարկատիրական ոգին»: ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի նպատակն է դառնալ ստարտափների ապագա սերունդների կայուն զարգացման գործիք և նորարարական մոտեցումների միջոցով Հայաստանում խթանել ձեռնարկատիրական մշակույթի զարգացումն ու տնտեսության մրցունակության աճը, ինչպես նաև նպաստել սիրիահայերի ու տեղացիների տնտեսական ինտեգրմանը: ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի առաքելությունն է նպաստել սիրիահայերի և տեղացիների տնտեսական ինտեգրմանը և բարձրացնել Հայաստանի տնտեսության մրցունակությունը՝ խթանելով նորարարությունն ու ձեռնարկատիրությունը: Հիշեցնենք, որ ԻՐԻՍ բիզնես ինկուբատորը սիրիահայ և տեղացի ձեռնարկատերերին տրամադրում է բիզնեսի զարգացման ծառայությունների ամբողջական շղթա՝ ներառյալ դասընթացներ, ուղղորդում (քոուչինգ), մենթորինգ ու ֆինանսավորում՝ դրամաշնորհների և փոխառությունների միջոցով, ինչպես նաև համաշխատանքային տարածք (co-working) Երևանի կենտրոնում: ԵՄ ԻՐԻՍ ծրագրի ընթացքում ԻՐԻՍ բիզնես ինկուբատորում 300-ից ավելի մասնակից դասընթացներին ընդգրկվելու, մենթորների ու քոուչերի հետ աշխատելու հնարավորություն կունենա, շուրջ 140-ը կստանա ֆինանսավորում և co-working տարածքի հասանելիություն: ԻՐԻՍ բիզնես ինկուբատորն ավելի վաղ հայտարարել էր ինկուբացիայի երեք՝ Spark, Build, Start, ծրագրերի մեկնարկի մասին:  Հայտադիմումների լրացման վերջնաժամկետը նոյեմբերի 30-ն է: Մանրամասների համար զանգահարել 011-474724 կամ հետևել հղմանը:

Lragir.am,
06-11-2019 17:50