Մենք ունենք անդունդի հասնող խզում մեր ներքին և արտաքին քաղաքականությունների միջև

06-11-2019 18:55

Մեր զրուցակիցն է ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը Նոյեմբերի 5-ին Երևանում կայացավ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների խորհրդարանական վեհաժողովը, դրա շրջանակներում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունեց ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ղեկավարներին՝ հանդիպման ընթացքում հայտարարելով, թե ՀԱՊԿ–ը մեր տարածաշրջանում կայունության ապահովման գրավականներից մեկն է: Ինչպե՞ս եք գնահատում ՀԱՊԿ գործունեությունն ընդհանրապես, համաձա՞յն եք Նիկոլ Փաշինյանի գնահատականի հետ: Բազմաթիվ առիթներով ասել եմ, որ ՀԱՊԿ-ն արհեստածին կառույց է, և այն ստեղծվել է սոսկ Ռուսաստանի մեծապետական, կայսերապաշտական հավակնությունները բավարարելու նպատակով: Ցավոք, Հայաստանի անդամակցությունն այդ դաշինքին ևս սպասարկում է այդ նպատակը: Իրականում առնվազն մեր մասով, Հայաստանի մասով ՀԱՊԿ-ը խիստ անարդյունավետ, խիստ անգործունակ կառույց է, քանի որ այն չի կատարում անգամ իր պայմանագրային պարտավորությունները մեր երկրի նկատմամբ: Մենք գրեթե ամեն ամիս ունենում ենք հրադադարի խախտման դեպքեր Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Տավուշի մարզում, վիրավորվում են քաղաքացիական բնակչության ներկայացուցիչներ, զինվորներ, սակայն ՀԱՊԿ-ը որևէ կերպ չի արձագանքում այդ միջադեպերին: Երեկվա միջոցառման միջանցքներում նույնպես խոսվեց այդ մասին, հիմնականում ռուս խորհրդարանականներն արդարանում էին, թե ՀԱՊԿ-ը չի արձագանքում, քանի որ այդ հարցով կառույցին չի դիմում Հայաստանը: Մինչդեռ, ինչպես նշեցի, դա ՀԱՊԿ-ի պարտականությունն է, և դրա համար ամենևին որևէ դիմումի առկայության կարիք չկա: Բայց ՀԱՊԿ-ի այս գործելաոճն ունի նաև խորքային պատճառներ: Խնդիրն այն է, որ դրանում ընդգրկված պետությունների զգալի մասը, եթե ոչ բոլորը, շատ ավելի սերտ հարաբերություններ ունեն մեր հակառակորդ երկրի՝ Ադրբեջանի, քան Հայաստանի հետ, հետևաբար ՀԱՊԿ-ը նման դեպքերում առնվազն չեզոքության տեսքով դառնում է Ադրբեջանին աջակցող գործոն: Ռուսաստանն էլ, որպես կանոն, շահարկում կամ սակարկում է այդ իրողությունը, և արդյունքում իրականում Հայաստանն անդամակցում է մի ռազմաքաղաքական դաշինքի, որը չի կատարում մեր երկրի առջև ունեցած պարտավորությունները: Այստեղից էլ բխում է ձեր հարցի երկրորդ մասի պատասխանը՝ կապված Նիկոլ Փաշինյանի գնահատականի հետ: Ես, բնականաբար, համաձայն չեմ, որ ՀԱՊԿ-ը մեր տարածաշրջանի խաղաղության հիմնական գրավականներից մեկն է՝ նաև ու առավելապես վերը նշված պատճառներով: Հատկապես այն համատեքստում, երբ ժամանակ առ ժամանակ խոսակցություններ են ծավալվում Ադրբեջանի՝ որևէ կարգավիճակով ՀԱՊԿ-ի մասնակից դառնալու մասին: Այսինքն՝ սա դաշինք է, որը պատրաստ է հանուն առավելապես Ռուսաստանի քաղաքական շահերի սպասարկման ոտնահարել իր անդամներից մեկի ռազմավարական շահը և իրեն ինտեգրել այդ անդամ պետության հակառակորդին: Այնպես որ, իրականում ՀԱՊԿ-ը կառույց է, որը գուցեև արտաքուստ ցույց է տալիս տարածաշրջանային կայունության մեջ իր շահագրգռվածությունը, սակայն իրականում պատրաստ է դիվիդենդներ շահել տարածաշրջանի ապակայունացումից, ինչն առնչվում է նաև մեր ազգային անվտանգությանը: Թավշյա հեղափոխությունից անցել է ավելի քան մեկուկես տարի: Հենց հեղափոխության հաջորդ օրերին հայտարարվել է, որ արտաքին քաղաքականության մեջ շրջադարձեր չեն լինելու, սակայն վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե շրջադարձեր չլինելը դեռևս չի նշանակում, որ ընդհանրապես փոփոխություններ չեն լինելու: Ինչպե՞ս եք գնահատում նոր Հայաստանի արտաքին քաղաքականությունը, որքանո՞վ է այն տարբերվում նախկինում վարվող արտաքին քաղաքականությունից: Ձեր նախորդ հարցին տրված իմ պատասխանը ըստ էության վերաբերում է նաև այս հարցին: Եվ ցավով պետք է արձանագրել, որ ոչ, Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ որևէ էական, սկզբունքային փոփոխություն տեղի չի ունեցել՝ որքան էլ հայտարարվում է այդ մասին: Եթե այդպիսի փոփոխություն տեղի ունեցած լիներ, մենք չէինք խոսի ՀԱՊԿ-ում առկա այն խնդիրների մասին, որոնց մասին խոսում ենք հիմա: Իրականությունն այն է, որ Հայաստանը, չնչին տարբերություններով, սոսկ մակերեսային, ընդամենն արտահայտչամիջոցների առումով որոշակի փոփոխություններով, բովանդակության իմաստով վարում է նույն արտաքին քաղաքականությունը, ինչ վարում էր Սերժ Սարգսյանի, նրանից առաջ էլ՝ Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը: Այդ արտաքին քաղաքականության հիմքում դրված է Ռուսաստանի դոմինանտության սկզբունքը, դրա հիման վրա ու դրա պատճառով Հայաստանը վարում է միագիծ, միավեկտոր արտաքին քաղաքականություն՝ ըստ էության փակվելով աշխարհի առաջ: Որովհետև հատկապես ներկայիս աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում ռուսական ուղղվածության արտաքին քաղաքականությունը մեզ որոշակիորեն խրամատավորում, դիրքավորում է, համենայնդեպս այդպիսին է ընկալումը մնացյալ աշխարհի կողմից: Մենք պաշտոնապես հայտարարում ենք, թե Ռուսաստան-Արևմուտք հակադրության մեջ չենք ընտրում բևեռներից որևէ մեկին, իրականության մեջ, սակայն, մենք ամբողջությամբ ընտրում ենք Ռուսաստանին, ամենայն ռուսականը, ինչի վկայությունն են մեր անդամակցությունը ՀԱՊԿ-ին ու ԵՏՄ-ին, մեր քվեարկությունները ՄԱԿ-ում և այլն: Հետևաբար աշխարհն էլ, հատկապես Արևմուտքը, մեզ վերաբերում է որպես պետության, որը կատարել է աշխարհաքաղաքական ընտրություն՝ դիրքավորվել է Ռուսաստանի կողքին: Ընդ որում, այստեղ կա շատ սուր հակասություն մեր քաղաքականության, մեր դիրքորոշումների միջև: Մենք հաճախ, անգամ հանդիմանության հասնող տոնով մեղադրում ենք Արևմուտքին Հայաստանին բավարար չափով չաջակցելու, Հայաստանում ներդրումներ չկատարելու հարցում՝ մոռանալով, որ Արևմուտքի համար Հայաստանը պետություն է, որը գնալով ավելի է խորանում ռուսական նախագծերում: Եվ մենք փաստորեն Արևմուտքին խնդրում կամ Արևմուտքից պահանջում ենք մեզ աջակցել, որպեսզի հզորանանք և այդպիսով ավելի հզորացնենք Արևմուտքի դե ֆակտո հակառակորդ Ռուսաստանի նախագծերը, որոնց անդամակցում ենք մենք: Մեր արտաքին քաղաքականության մյուս ամենասկզբունքային, հայեցակարգային հակասությունն այն է, որ իր էությամբ այն հակասում է 2018 թվականին տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը, նրա հռչակած սկզբունքներին ու արժեքներին: Թավշյա հեղափոխությունը՝ որպես ակտ, որպես քաղաքական գործընթաց, ամբողջությամբ ժողովրդավարական գործընթաց էր՝ խարսխված մարդու հիմնարար իրավունքների, ազատությունների վրա: Ժողովրդավարական էին նաև հեղափոխության հռչակած բոլոր նպատակադրումները՝ իրավական պետության կառուցումից մինչև օրենքի առաջ բոլորի հավասարություն, կոռուպցիայի դեմ պայքար և այլն: Բարեբախտաբար, այդ նպատակադրումները հաջողությամբ անցան առաջին քննությունը՝ 2018 թվականի դեկտեմբերի խորհրդարանական ընտրությունները, որոնք անցան ժողովրդավարության բոլոր չափանիշներին համապատասխան: Այլ խոսքով՝ մենք հեղափոխության արդյունքում գրեթե ամբողջությամբ ժողովրդավարացրել ենք մեր ներքին կյանքը, գրեթե բոլոր պետական համակարգերը, ինստիտուտներն ու կառուցակարգերը: Եվ ահա այս պայմաններում, ներքին կյանքի գրեթե ամբողջական ժողովրդավարացման պայմաններում մենք շարունակում ենք վարել այն նույն արտաքին քաղաքականությունը, որը վարվել է նախորդ երկու ավտորիտար իշխանությունների կողմից: Դա ըստ էության դեպի ավտորիտարիզմ ուղղված արտաքին քաղաքականություն է, ինչի արդյունքում ստացվում է, որ մենք ունենք մեծ խզում, անդունդի հասնող խզում մեր ներքին և արտաքին քաղաքականությունների միջև: Այսինքն՝ մեր արտաքին քաղաքականությունը ոչ միայն ներքին քաղաքականության շարունակությունը չէ, ինչպես ընդունված է համարել քաղաքագիտության կանոններով, այլև գրեթե ամբողջությամբ հակասում է ներքին քաղաքականությանը: Այս հակասականությունը երկար շարունակվել չի կարող: Ի վերջո՝ կա՛մ արտաքին քաղաքականությունը պետք է համապատասխանեցվի ներքին քաղաքականությանը, և Հայաստանը պետք է իրապես ինտեգրվի քաղաքակիրթ աշխարհին՝ պահպանելով բարեկամական, դաշնակցային հարաբերություններ Ռուսաստանի հետ, կա՛մ, ի վերջո, մեր ներքին կյանքը կփոխվի, իշխանությունը կդառնա ավելի ավտորիտար՝ ադապտացվելով ավտորիտար պետությունների ակումբ դարձած ԵՏՄ-ի չափանիշներին: Ի դեպ, եթե ուշադրություն եք դարձրել՝ Հայաստանն այսօր միակ ժողովրդավարական պետությունն է, որն այդքան ու այդպես սատարում է Ռուսաստանին: Նրան սատարող մյուս երկրները կա՛մ բռնապետական, կամ, լավագույն դեպքում, կիսաավտորիտար պետություններ են: Ռուսաստանի համար սա չափազանց արժեքավոր աջակցություն է, որի դիմաց, սակայն, Հայաստանը չի կարողանում մեր շահերին համարժեք բավարարում ապահովել: Դուք խոսեցիք հայ–ռուսական հարաբերությունների մասին: Իսկ ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի հարաբերությունները Արևմուտքի հետ, ի՞նչ մակարդակում են հայ–եվրոպական, հայ–ամերիկյան հարաբերությունները: Ցավոք, ինչպես հայ-եվրոպական, այնպես էլ հայ-ամերիկյան հարաբերությունները ածանցվում են հայ-ռուսական հարաբերություններից, ինչն ուղղակի անթույլատրելի է: Իրականում, նորմալ արտաքին քաղաքականության պարագայում, այդ ուղղությունները ոչ միայն չպետք է խոչընդոտեին մեկը մյուսին, այլև պետք է փոխլրացնեին իրար: Մինչդեռ մենք տեսնում ենք, որ ըստ ամենայնի Ռուսաստանի մոտ խանդ չառաջացնելու նպատակադրումից ելնելով՝ Հայաստանը չափազանց չեզոք և պասիվ է եվրոպական և ամերիկյան ուղղություններով: Մեզ համար կենսական նշանակություն ունեցող այս հարաբերություններում Հայաստանի կողմից չի ցուցաբերվում որևէ նախաձեռնողականություն, ստեղծարարություն, նորարարություն, ինչի արդյունքում հայ-եվրոպական հարաբերություններն ընթանում են նախկին իներցիայի ազդեցությամբ, իսկ հայ-ամերիկյան հարաբերությունների պարագայում անգամ կարող ենք խոսել որոշակի ճգնաժամի, լավագույն դեպքում՝ օրակարգի բացակայության մասին: Այս բոլոր խնդիրները, սակայն, ածանցվում են Հայաստանի ընդհանուր արտաքին քաղաքականությունից, որն ունի արմատական, սկզբունքային վերանայման կարիք՝ ինչպես գործնական դիվանագիտության, այնպես էլ արժեքային, քաղաքակրթական հարթություններում: Մինչև տեղի չունենա այդ վերափոխում-վերբեռնումը, մենք չենք կարող էական փոփոխություններ ակնկալել արտաքին քաղաքական ասպարեզում և աշխարհի հետ մեր հարաբերություններում:

Lragir.am,
06-11-2019 18:55