Այդ բազան թողնելու են մեզ նվեր ու հեռանան. մեզ անակնկալ է սպասվում

Մեր զրուցակիցն է Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, նախկին քաբանտարկյալ Ազատ Արշակյանը Պարոն Արշակյան, Երևանում գտնվող ռուս պաշտոնյաները հայտարարել են, որ ՀԱՊԿ-ը չի արձագանքել Ադրբեջանի կողմից հարձակումներին, որովհետև հայկական կողմը չի դիմել: Ստացվում է, որ մեղավորը Հայաստա՞նն է, որ չի դիմել: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունները, նաև Երևանում ընթացող ՀԱՊԿ ԽՎ գագաթնաժողովը: Հայաստանն, իհարկե, մեղավոր է: Մեղավոր է, որ թույլ է: Հայաստանին միշտ կարելի է մեղադրել: Մեղավոր է նրա համար, որ չի դիմել, մեղավոր է նրա համար, որ անեքսիայի է ենթարկվել, մեղավոր է նրա համար, որ Հայաստանին գերի են վերցրել: Հայաստանը գերեվարված երկիր է ԵՏՄ-ում: Այդ սլավոնաթուրքական միությունը մեզ համար հակառակորդ է: Նրանք առանձին-առանձին՝ Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Բելառուսը, մեր թշնամու բարեկամն են՝ կամ ռազմավարական, կամ սովորական, կամ լեզվային, կամ մշակութային, կամ կրոնական: Մեր թշնամու բարեկամները մեր բարեկամները չեն, հետևաբար, մենք այդ միությունում որպես նվաճված, մեղավոր երկիր ենք ներգրավված: Մեր մեղքն այն է, որ գրավվել ենք նրանց կողմից և վասալային հարաբերությունների մեջ ենք մեր թշնամու բարեկամների հետ: Իսկ ՀԱՊԿ-ը բոլորովին էլ անվտանգության համակարգ չէ Հայաստանի համար: Դա մեզ գերի վերցնող համակարգի հսկիչն է: Անվտանգության համակարգը ՆԱՏՕ-ն է իր մասնակից անդամների համար: Այդ կառույցը կոչված է որպես ժողովրդավարական երկրների անվտանգության համակարգ: Մեր դեպքում ՀԱՊԿ-ը վտանգավոր, բռնապետական երկրների անվտանգությունն ապահովող համակարգ է: Նման համակարգում ժողովրդավարական ուղի բռնած մեր երկիրը ինչպես կարող է այդտեղից աջակցություն, պաշտպանություն ստանալ դիմելու դեպքում: Բա որ դիմենք, ու իրենք ասեն՝ լավ են անում, ձեզ դա քի՞չ է: Այդպես արդեն եղել է: Նրանք արդեն մեզ հանդիմանել են, նրանք բոլորն էլ ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, չեն ճանաչում ազգերի ինքնորոշման իրավունքը: Այսինքն՝ ՀԱՊԿ կոչվածը բռնապետությունների ինքնապաշտպանության համակարգ է: Մենք այդտեղ ի՞նչ գործ ունենք: Մենք այդտեղ գերեվարված ենք: Ռուսական 102-րդ ռազմաբազան կրկնապատկում է իր ներուժը: Սրանով Ռուսաստանն ի՞նչ ուղերձներ է հղում: Ռուսաստանը պատերազմի է պատրաստվում ՆԱՏՕ-ի դեմ և Հայաստանը դարձնում է թիրախ: Հայաստանի տարածքից հարձակում է լինելու ՆԱՏՕ-ի վրա, ու ինքն էլ պետք է աջակցի այդ հարձակմանը: Ժողովրդավարական երկրների միության դեմ գործիք ենք լինելու: Իսկ ընդհանրապես, ես ասում եմ, որ լավ են անում, որ կրկնապատկում են ներուժը, թող տասնապատկեն: Ճիշտ այնպես, ինչպես 7-րդ բանակը իր ողջ սպառազինությունը, հանդերձանքը, շենքերը, շինությունները նվեր թողեց և հեռացավ, այնպես էլ այդ բազան թողնելու են մեզ նվեր ու հեռանան: Ճիշտ այնպես, ինչպես Յուդենիչի բանակը 1917 թվականին: 1915 թվականին մի անգամ թողեցին Արևմտյան Հայաստանն ու հեռացան, և տեղի ունեցավ ցեղասպանությունը, երկրորդ անգամ 1917 թվականին հեռացան, և սկսվեց թուրքական հարձակումը Ռուսական Կայսրության հայկական մարզերի վրա, և վերջապես 1990-ականներին ամեն ինչ թողեցին ու հեռացան: Մենք երեք անգամ արդեն տեսել ենք, թե ինչպես են ռուսներն իրենց պահում հայկական տարածքներում: Ես կարծում եմ, որ Գյումրիի ռազմաբազայում նույնպես ռուսները կթողնեն իրենց զենք-զինամթերքը, ունեցվածքը մեզ, ռուսական անձնակազմը կնստի «ԳԱԶԵԼ»-ները և կհեռանա: Մենք այդ «ԳԱԶԵԼ»-ներն իրենց նվեր կտանք, որով հեռանալու են: Կարող ենք նաև «Սուխոյ Ջեթ» ինքնաթիռով ուղարկել: Հեռացումը ե՞րբ կարող է լինել: Մենք չգիտենք՝ դա երբ կլինի: Մենք 1990 թվականին չէինք սպասում, որ ռուսական 4-րդ բանակն Արցախում «Կոլցո» օպերացիա կանի: Մենք չգիտեինք, որ պերեստրոյկա ու ԳԿՉՊ կլինի: Մենք չգիտենք՝ ինչ են պայմանավորվել Մակրոնն ու Պուտինը Փարիզում մի քանի օր առաջ և ինչ է նշանակում Դոնեցկից զորքերի հեռացում, երբ ուկրաինական և ռուսական զորքերն իրարից հեռանում են, որ նույնիսկ պատահական կրակոցներ չլինեն: Բայց փաստն այն է, որ նրանք անակնկալ հեռանում են: Մենք չգիտենք, թե ինչու Նիկոլայ 2-րդը հրաժարական տվեց: Այդպիսի անակնկալ մեզ սպասվում է: Ռուսական իմպերիայի հմայքը հենց դա է, որ չգիտենք, թե, օրինակ, ինչից մահացան ռուս առաջնորդները՝ Պետրոս Առաջինը, Եկատերինա Երկրորդը, Ալեքսանդր Առաջինը: Մենք չգիտենք՝ ինչից մահացան Ստալինը, Անդրոպովը և այլն: ՌԴ Պետական դումայի պատգամավոր Լեոնիդ Կալաշնիկովը հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանին այնպիսի զենքեր է վաճառում, որոնք երբեք այլ երկրների չի մատակարարում: Սա որքանո՞վ է արդարացնում իրենց կողմից Ադրբեջանին զինելը: Ռուսական զենքերի որակը հայտնի է, դրանք պարզ են, որակով չեն և էժան են: Ընդհանրապես, էժան ապրանքն անորակ է լինում: Առաջին կարգի զենքերը ՆԱՏՕ-ում է: ՆԱՏՕ-ի բանակը զինված է ժամանակակից զենքերով՝ իրենց որակական հատկանիշներով և արդիականությամբ: Իսկ Ռուսաստանն իր անորակ զենքերը վաճառում է իր նման երկրների: Օրինակ՝ մեզ, Ադրբեջանի դեմ կռվելու համար, դա մեզ ոչ մի առավելություն չի տալիս: Նրանց զենքը լավը չի: Երկու համաշխարհային պատերազմների ժամանակ դա ստուգվել է: Ռուսական զենքը մրցունակ չէ: Իսկ այն պնդումները, թե «Կալաշնիկովը» ամենալավ զենքն է «Շմայսերի» բոլոր զենքերից, դա նույնպես հեքիաթ է: «Կալաշնիկովի» իսկական անունը «Շմայսեր» է, Կալաշնիկովը կոմսոմոլի քարտուղարն է եղել, զենքից ոչ մի գաղափար չի ունեցել: Շմայսերն է հեղինակը: Իսկ այն զենքերը, որ վաճառում կամ նվիրում է ՆԱՏՕ-ն իր դաշնակիցներին, օրինակ, ԱՄՆ-ն տարեկան 3 մլրդ դոլարի զենք է նվիրում Իսրայելին, դրանք իսկապես որակյալ են: Ընդ որում, ԱՄՆ-ն ոչ թե իր ռազմակայանն է ստեղծում Իսրայելում, այլ զենքն է տալիս և տեսուչներ, ուսուցիչներ, որ սովորեցնեն, թե ինչպես են օգտվում այդ զենքերից: Թող ռուսներն օրինակ վերցնեն ԱՄՆ-ից: ԱՄՆ-ը Իսրայելի դաշնակիցն է, ուղարկում է զենք, զինամթերքը, և միայն տեսուչներ: Իսրայելն ինքն է իր պաշտպանությունն ապահովում, և նույնիսկ իր զենքերը վաճառում է տարբեր երկրների, այդ թվում՝ Ադրբեջանին: Լավ զենքը նրանք են արտադրում: Իսկ ռուսական զենքերով թող գլուխ չգովան: Եթե իրենք զենք չտան, զենք տվող կա Հայաստանին: Դա մի անգամ չէ, որ հայտարարվել է: Բոլորովին վերջերս Բոլթոնը հայտարարեց, որ ինչքան պետք է, դիմեք կստանաք: ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինն էլ հայտարարել է, որ Հայաստանի դեմ հարձակման դեպքում կգործադրվի ՀԱՊԿ-ի մեխանիզմը: Արժանահավա՞տ են այս հավաստիացումները: Նայած ով է հարձակվում: Հարձակվեցին Հայաստանի վրա, գործադրվե՞ց այդ մեխանիզմը: «Եթե»-ներով չենք խոսում, պատմություն կա: 1915 թվականին, 1917-ին, 1918-ին, 1920 թվականին Հայաստանի վրա հարձակում է եղել, 1990-ականներին, 2016 թվականին նույնպես Հայաստանի վրա հարձակում է եղել, բայց ոչ մի աջակցություն չենք տեսել: Հո «Կոկա կոլա» չի՞, որ կրկին փորձենք: Մենք համոզված ենք, որ իրենք մեզ չեն օգնի: Օգնող լինեին՝ այդ զենքը կտային հայկական բանակին, և ռուսական բանակն այստեղ անելիք չէր ունենա: Դա օկուպացիոն բանակ է, 1920 թվականից թուրքերի հետ միասին օկուպացրել են Հայաստանը: Թուրքերը Ղարսն են վերցրել, սրանք՝ Գյումրին և հիմա դեմ-դիմաց կանգնած են: Ճիշտ նույնկերպ Ռիբենտրոպ-Մոլոտովի ժամանակ Լեհաստանը կիսեցին: Նացիոնալ-սոցիալիստներն այն մասը վերցրեցին, նացիոնալ-բոլշևիկները՝ այս մասը Լեհաստանի: Ճիշտ նույնը եղել է 1920-ին Հայաստանում: Արևմտյան մասը վերցրեց Թուրքիան, արևելյանը՝ Ռուսաստանը: Օկուպացրել են և մինչև հիմա պահում են: ՀԱՊԿ-ը թուրք-սլավոնական բռնապետների ակումբի պահապան համակարգ է: Հայաստանը այդ երկրներից չէ. ոչ սլավոն ենք, ոչ թուրք: Հենց որ ՀԱՊԿ-ը խառնվի մեր գործերին, նա կխառնվի թուրքական շահերը պաշտպանելու համար: Բարեբախտություն է, որ չի խառնվում և մեծ բարեբախտություն է, որ հայկական բանակը կարողանում է ապահովել մեր անվտանգությունը: Կեցցե հայկական բանակը, որ առանց ՀԱՊԿ-ի կարողանում է ապահովել Հայաստանի և Արցախի անվտանգությունը: Աստված պահապան մեր բանակին, հայ զինվորին:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
06-11-2019 22:54