Մեր ընդդիմադիր գործընկերները հպարտության զգացում ունեցե՞լ են, երբ Մել Դալուզյանը չեմպիոն դարձավ

Մեր զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը Երեկ ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի ուսանողները դասադուլ էին հայտարարել ընդդեմ առաջարկվող փոփոխությունների, որով «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը բուհերում չի լինելու պարտադիր: Ինչպե՞ս եք գնահատում այս փոփոխությունը, արդյոք մտահոգվելու առիթ կա, թե՞ գործ ունենք ուղղորդված արշավի հետ: Ուղղորդում չեմ նկատում, ես բնական եմ համարում բանասիրության ֆակուլտետի ուսանողների պայքարը հայոց լեզվի և գրականության համար: Իհարկե, դա իրենց մասնագիտությունն է և յուրաքանչյուրն իր մասնագիտության համար պայքարում է, ուզում է, որ բոլորը դա իմանան: Օրինակ՝ բոլորդ կհիշեք, որ դպրոցում հայոց լեզվի ուսուցիչը մտնում էր դասարան ու ասում, որ ամենակարևորը հայոց լեզուն է, ֆիզիկայի ուսուցիչն ասում էր՝ ամենակարևորը ֆիզիկա առարկան է, որովհետև ձեր ողջ կյանքը ֆիզիկա է: Այսինքն՝ դա նորմալ է, իրենք իրավունք ունեն պայքարելու: Այլ բան է, որ ընդհանուր կրթական ռազմավարություն և քաղաքականություն որոշող գերատեսչությունը և նաև ուսումնական հաստատությունը, որը ևս պետք է ունենա ռազմավարություն, կոնկրետ նպատակներ ու պլաններ, ինքը պետք է որոշի, թե իր նպատակներին հասնելու համար պետք է միանա այդ պայքարի՞ն, թե՞ պետք է բացատրություններ տա, թե ինչու պարտադիր չպետք է լինեն այդ առարկաները: Ռուսական բանասիրության ֆակուլտետի դեկանն է հայտարարություններով հանդես եկել, վիրավորել ԿԳՄՍ նախարարին, երիտթուրք անվանել և այլն: Ընդհանրապես, համալսարանը պե՞տք է համալրված լինի այսպիսի կադրերով, թե՞ պետք է նաև դրվի նրանցից ազատվելու խնդիր: Շատ սուր կցանկանայի պատասխանել, բայց միայն կնշեմ, որ ցանկացած ոլորտում, առավել ևս կրթության ոլորտում, լինի պետական համալսարան, լինի այլ կրթական կենտրոն թե դպրոց, եթե կրթության պատասխանատուն՝ լինի դասախոս, մեթոդիստ, ամբիոնի վարիչ, դեկան, ռեկտոր, իրեն թույլ է տալիս ինչ-որ մեկին այլ կարծիք ունենալու համար անձնական վիրավորանք հասցնել, առավելևս այսպիսի այսպիսի ծանր վիրավորանք, այդպիսի մարդիկ պետք է ուղղակի չլինեն: Մարդն ի՞նչ պետք է արած լինի, որ նրան երիտթուրք անվանես, այն էլ նախարարին, ինչքան էլ վատը լինի նախարարը: Այն էլ պետական համալսարանում, որը կոչված է մտածել սովորեցնելու, աշխարհայացք ձևավորելու և մարդկանց ուղղորդելու դեպի գիտությունը: Այսինքն, այդ մարդն իր ուսանողներին ի՞նչ է սովորեցնում: Սա, իհարկե, ինձ դուր չի գալիս, և հասկանալի է, թե որտեղից են գալիս այս պայքարներն ու ինչի համար: Վերջին շրջանում իրադարձությունների կիզակետում է նախարար Արայիկ Հարությունյանը, որի հրաժարականն են պահանջում նաև ձեր ընդդիմադիր երկու գործընկերները՝ ԲՀԿ-ից: Նրանք նախարարին մեղադրում են մետրոյի անցումում տեղի ունեցած միջոցառումը, Մել Դալուզյանի մասին ֆիլմը ֆինանսավորելու մեջ: Ինչպե՞ս եք գնահատում սա: Նախ՝ ես շատ կուզենայի իմանալ, թե իմ ընդդիմադիր գործընկերները հպարտության զգացում ունեցե՞լ են, ծափահարե՞լ են կամ ուռա գոռացե՞լ են, երբ Մել Դալուզյանը ծանրամարտի չեմպիոն դարձավ և Հայաստանի հիմնն էր հնչում միջազգային հարթակներից, և երբ եռագույնն էր բարձրանում: Բացարձակապես չցանկանալով միանալ որևէ կողմի՝ ուղղակի ուզում եմ հասկանալ, թե այդ ինչպե՞ս է ստացվում, որ մարդը մեզ համար մի լավ բան է անում, այդ ժամանակ հերոս է, իսկ երբ ունենում է խնդիր կամ ինչ-որ բան մեզ դուր չի գալիս, ուրեմն նրան ընդհանրապես պետք է մեր պատմությունից ջնջենք, հանենք: Այս սա հասկանալուց հետո մեղադրանքներ ուղղենք մշակույթի ոլորտը համակարգող նախարարին, փորձելով պարզել, թե այդ ինչ ֆիլմ է, ինչ նպատակներով է արվում: Պետք է նախ հասկանալ, թե այդ ֆիլմը Մելինե Դալուզյան չեմպիոնի՞ մասին է, թե իր կյանքի այլ ոլորտի մասին է: Սա ինձ համար էական նշանակություն ունի, որովհետև եթե չեմպիոնի մասին է, ապա պետք է մեր բոլոր չեմպիոնների մասին էլ ֆիլմեր նկարահանվեն: Մետրոյի մոտ տեղի է ունեցել միջոցառում, որի համար նախարարի հրաժարականն են պահանջում, ինչո՞ւ: Մշակույթի նախարա՞րն է հեղինակը, հեղինակ կատարողը: Այո, նախարարությունը գումար է հատկացրել, բայց պետք է հասկանալ, թե մշակութաբանական տեսանկյունից այդ ներկայացումն իսկապես վտանգ ներկայացնո՞ղ է, թե պարզապես որոշ մարդկանց դա դուր չի եկել: Այստեղ պատճառները շատ տարբեր են և պետք է նախ պատճառահետևանքային կապը գտնենք, հետո տեսնենք իմ ընդդիմադիր գործընկերների գործելաոճը, որը միշտ չէ, որ ես հասկանում եմ: Տեսակետ կա, որ ժամանակ առ ժամանակ կոնկրետ թիրախավորում են կառավարության որևէ անդամի և այդ ամենն արվում է ուղղորդված: Դուք նման միտում տեսնո՞ւմ եք: Իհարկե, ժամանակ առ ժամանակ բոլորին էլ թիրախավորում են: Չեմ վախենա ասել՝ բոլորիս էլ թիրախավորում են, ու սա մտնում է բնականոն երևույթների մեջ, ինչը ցավալի է: Թիրախավորել կարող են, մենք դրա և նպատակները գիտենք, և պատճառները, և գիտենք, թե ինչի են ուզում հասնել այդ ամենն ուղղորդողները: Ես ավելի շատ խնդիր տեսնում եմ ուղղորդվողների մեջ, այսինքն կարելի է այդքան հեշտ հասարակության որոշ մասին ուղղորդել: Մարդիկ ինքնուրույն եզրահանգում անելու կարողություն ունե՞ն, թե՞ շատ հեշտ է ուղղորդել: Որովհետև, եթե դա հեշտ է, այսօր իրենք են ուղղորդում, վաղը մենք կուղղորդենք, մյուս օրը երրորդները: Հայ եկեղեցու պատմություն առարկան դպրոցներից հանելու շուրջ ևս աղմուկ բարձրացավ: Ինչպիսի՞ն է ձեր մոտեցումն այս հարցում: Թույլ տվեք այս հարցին պատասխանել որպես պատմության ֆակուլտետի շրջանավարտ և պատմության ուսուցչուհի: Ես չեմ կարողանում հասկանալ Հայ եկեղեցու պատմությունը հայ ժողովրդի պատմությունից առանձնացնելու նպատակը, որովհետև մենք դպրոցում այդ ամենը մեկ ամբողջության մեջ ենք անցել, և այդպես էլ դասավանդել եմ: Հայ եկեղեցին հայ ժողովրդի պատմության ամենակարևոր հիմնասյուներից մեկն է և բոլորը միասին անցնում ենք: Հայ մշակույթը ևս ներառված է եղել հայ ժողովրդի պատմության մեջ և այդպես շարունակվում է: Այսօր էլ հայ ժողովրդի պատմության դասագիրքը բացեք, կտեսնեք, որ Հայ եկեղեցու մասին շատ բան կա գրված: Այսինքն՝ արհեստականորեն առանձին մի ոլորտ է մտցված: Ես ի սկզբանե դեմ եմ եղել այդ առանձնացմանը: Իհարկե, դա ժամանակին մեկնաբանվում էր որպես հավատքի, հավատացյալների նկատմամբ սեր սերմանելու դրսևորում, որ երեխաներն իրենց եկեղեցու պատմությունն իմանան, բայց ես դրա հետ առանձնապես համաձայն չեմ եղել և չեմ: Այս դեպքում որպես պատմություն այն պետք է ներառված լինի պատմության դասագրքում, ինչպես եղել է միշտ և ամենուրեք այդպես է, իսկ որպեսզի հավատքի, առաքելական եկեղեցու հանդեպ սերը մեծանա, պետք չի դպրոցում առանձին դաս անել և այնպես անել, որ երեխաները որպես կանոն լուրջ չվերաբերվեն այդ դասին: Այլ պետք է այնպես ապրել, որ ժողովուրդ-եկեղեցի կապը լինի շատ ամուր: Եթե մենք եկեղեցուն դիտարկում ենք որպես առանձին ինստիտուտ, և այն ունի իր պատմությունն ու դասավանդվում է, այստեղ լուրջ անջրպետ է առաջանում հայ ժողովրդի պատմության և եկեղեցու պատմության միջև: Այդ ամենը պետք է լինի մեկ ժողովուրդ-մեկ պատմություն-մեկ եկեղեցի ու հավատ սկզբունքի մեջ:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
07-11-2019 11:08