ՀՖՖ պաշտոնյաները՝ ընդդեմ Արթուր Վանեցյանի

07-11-2019 13:27

ՀՖՖ Ներքին աուդիտի և համապատասխանության կոմիտեի նախագահ Մեսրոպ Առաքելյանը հայտնում է, որ ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանն իրավունք չուներ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ նշանակեր: Մեսրոպ Առաքելյանը այսպիսի հրապարակում էր արել․ «ՀՖՖ ՆԱԽԱԳԱՀԸ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈւՆԻ ՆՇԱՆԱԿԵԼ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԻՉ 06.11.2019թ. 18:51 ՀՖՖ պաշտոնական կայքում տարածվեց տեղեկատվություն, համաձայն որի ՀՖՖ նախագահի կողմից նշանակվել է ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Համաձայն կանոնադրության 39-րդ հոդվածի թ) կետի՝ գլխավոր մարզիչի նշանակման իրավասությունը պատկանում է բացառապես ֆեդերացիայի գործադիր կոմիտեին: Ժողովի կողմից 26.06.2019թ ընդունված կանոնադրությունը, համաձայն 80-րդ հոդվածի, դեռևս իրավական ուժ չի ստացել, քանի որ չի հաստատվել պետական ռեգիստրի կողմից: Այսպիսով, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի նշանակումը առանց գործադիր կոմիտեի ուժ չունի և առոչինչ է: ՀՖՖ Ներքին աուդիտի և համապատասխանության կոմիտեի նախագահ Մ. Առաքելյան»: Առողջապահության նախարար, ՀՖՖ գործկոմի անդամ Արսեն Թորոսյանը նույնպես արձագանքել է մարզչի նշանակման հարցին: Նա Ֆեյսբուքի իր էջում գրել է. «ՀՖՖ նախագահի նման վարքագիծն անընդունելի է և պետք է համապատասխան վերաբերմունքի արժանանա ՀՖՖ գործկոմի ու ընդհանուր ֆուտբոլային հանրույթի կողմից»: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Աբրահամ Խաշմանյանը:

Lragir.am,
07-11-2019 13:27