Այսօր ՍԴ-ն կայացրել է ֆունդամենտալ որոշում

07-11-2019 19:18

«Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի» գործադիր տնօրեն, սահմանադրագետ Գոհար Մելոյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. Այսօր Սահմանադրական դատարանը կայացրել է քրեական դատավարության իրավունքին վերաբերող հերթական ֆունդամենտալ որոշումը, որն ուղղված է անձնական ազատության պաշտպանության և դատական պաշտպանության իրավունքների արդյունավետ իրացմանը: Այս որոշումը լուծում է տարիներ շարունակ քրեական գործերով զբաղվող բազմաթիվ փաստաբանների կողմից բարձրացված խնդիրը՝ ապահովվելով մեր օրենսդրության համապատասխանությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձևավորած պրակտիկային: Այն վերաբերում է գործի դատական քննության փուլում որպես խափանման միջոց ընտրված կալանքը փոփոխելու կամ վերացնելու միջնորդությունները մերժելու մասին որոշումները ՎԵՐԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ ԱՆՄԻՋԱԿԱՆ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԱՐԳԵԼՔԻ ՎԵՐԱՑՄԱՆԸ: Այսպիսով, Սահմանադրական դատարանը Սահմանադրության 27-րդ հոդվածի 5-րդ մասին /անձնական ազատությունը/, 61-րդ հոդվածի 1-ին մասին /դատական պաշտպանության իրավունքը և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մարմիններ դիմելու իրավունքը/, 75-րդ /հիմնական իրավունքների և ազատությունների իրականացման կազմակերպական կառուցակարգերը և ընթացակարգերը/ և 81-րդ /հիմնական իրավունքներն ու ազատությունները և միջազգային իրավական պրակտիկան/ հոդվածներին հակասող է ճանաչել Քրեական դատավարության օրենսգրքի 376.1-ին հոդվածի 4-րդ կետն այն մասով, որ չի նախատեսում որպես խափանման միջոց ընտրված կալանքը փոփոխելու կամ վերացնելու միջնորդությունները մերժելու մասին որոշումների վերաքննության կարգով անմիջական բողոքարկման հնարավորություն: Փաստելով իրավական անվտանգությունը չխաթարելու անհրաժեշտությունը՝ Սահմանադրական դատարանը Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավադրույթի ուժը կորցնելու վերջնաժամկետ է սահմանել 2020 թվականի ապրիլի 15-ը՝ հնարավորություն տալով Ազգային ժողովին Քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումները համապատասխանեցնելու ընդունված որոշման պահանջներին: Դրան զուգահեռ Սահմանադրական դատարանը սահմանել է, որ մինչև Ազգային ժողովի կողմից համապատասխան իրավակարգավորումներ նախատեսելը դատական պրակտիկան պետք է առաջնորդվի հետևյալ մոտեցմամբ. գործի դատական քննության փուլում որպես խափանման միջոց ընտրված կալանքը փոփոխելու կամ վերացնելու միջնորդությունները մերժելու մասին որոշումները ենթակա են անմիջական բողոքարկման վերաքննության կարգով ՝ առաջին ատյանի դատարանների՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, փոփոխելու կամ վերացնելու որոշումների բողոքարկման համար Օրենսգրքով սահմանված կարգով՝ առաջնորդվելով անձնական ազատությունից զրկելու իրավաչափությունը վիճարկելու, դատական պաշտպանության իրավունքների արդյունավետ իրացման ապահովման անհրաժեշտությամբ»:

Lragir.am,
07-11-2019 19:18