Մեծ աղմուկ վարչապետի ելույթից հետո

Ապրում ենք մի երկրում, որն ավելի շատ 37 թվին է մոտ, քան ազատություններին, նոյեմբերի 7-ին հայտարարել է Հայաստանի Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը: Այն, որ Վազգեն Մանուկյանը հայտարարում է այդ մասին, արդեն իսկ վկայում է, որ 37 թվականին մոտ լինելու մասին հայտարարությամբ ՀԽ նախագահը պարզապես խտացնում է գույները: Թե ինչի համար, թերեւս կիմանա ինքը: Մյուս կողմից, սակայն, Հայաստանում թերեւս խտացվում են գույները նաեւ հակահեղափոխության, ռեւանշի, հեղաշրջման եւ այլնի մասին, հատկապես դրանց հիմք դիտարկելով օրինակ հենց այդպիսի սուր եւ կոշտ հայտարարությունները, ինչպես անում են Մանուկյանը, այլ գործիչներ, որոնք ուղիղ կամ անուղղակի ասոցացվում են նախկին իշխող համակարգին: Այլ կերպ ասած, նրանց կոշտ եւ սուր խոսքը դիտարկվում է «հակահեղափոխական վտանգ», ըստ այդմ լռությունն է, որ հանրության շրջանում կգնահատվի «հեղափոխական հանգստություն»: Իրականում, նախկին իշխանության այդ լռությունը կարող է ավելի հավասարազոր լինել «հեղափոխական արխայինության», կամ պարզունակ ինքնախաբեության: Ընդ որում, ներկայում տեղի է ունենում հենց լատենտ ինքնախաբեություն, երբ տարբեր բանախոսներ փորձում են հավաստիացնել, որ հեղափոխական հանգստության, հեղափոխության անվտանգության համար պետք էր իրականում թողնել թավիշն ու բանտարկել բոլորին: Այսինքն, լռեցնել բոլորին եւ ապրել հանգիստ: Այն դեպքում, երբ նախկին իշխող համակարգի աղմուկն է խոշոր հաշվով «հեղափոխության հանգստության» ցուցիչ, որը մի կողմից վկայում է, որ նախկին համակարգի որեւէ այլ խաղաքարտ չի աշխատում եւ մնում է աղմուկը, քարոզչական գրոհը, մյուս կողմից նպաստում է, որպեսզի նոր իշխանությունը չհայտնվի «արխայինության» մեջ: Գործնականում, նախկին իշխող համակարգի աղմուկը դարձել է բոլորին անհրաժեշտ մի բան: Իշխանությունն այդպիսով որոշակիորեն ծածկում է իր անարդյունավետության որոշակի բացեր, նախկին իշխանությունն ինքզինքը պահում է այսպես ասած ողջ, մի շարք քաղաքական կոչվող ուժեր, որոնք հանրության մոտ չունեն որեւէ այլ բովանդակությամբ միավոր հավաքելու ստեղծագործական ներուժ, ստանում են նախկին «ռեժիմի» դեմ բովանդակությունը «թարմ պահելու» հնարավորություն, զուգահեռ ձեռքի հետ էլ ստանալով նոր իշխանությանն ավելորդ «թավշի» համար մեղադրելու եւ արմատական տրամադրություն ունեցող հանրային խմբերին սիրաշահելու հնարավորություն: Նախկին համակարգի աղմուկը, ու այդ առիթով դրա դեմ «կենաց-մահու» կռիվը, միաժամանակ էլ հանրությանն անընդհատ ռեւանշի սպառնալիքի տագնապով կերակրելու իրողությունը պետք չէ թերեւս այն հանրային շրջանակներին, որոնք հավակնում են Հայաստանում ձեւավորել իրապես նոր քաղաքական բովանդակություն եւ օրակարգ, նոր մոտեցումներով, հանրության հետ աշխատանքի նոր մեթոդաբանությամբ, ոչ միայն տնտեսական, այլ նաեւ քաղաքական հնարավոր ներառականության սկզբունքներով: Այլ կերպ ասած, այն ուժերին, որոնք կարող էին լուրջ վերաբերմունք ունենալ օգոստոսի 5-ին Ստեփանակերտում վարչապետ Նիկոլ Փաշինյանի բարձրացրած համահայկական խնդիրների եւ օրակարգի հանդեպ, եւ այդ վերաբերմունքով իսկ սահմանել համընդհանուր լուրջ պատասխանատվություն այդ ելույթի սահմանած նշաձողերի համար:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
07-11-2019 19:56