ՀՅԴ-ն երկու խնդիր է դրել, երկուսն էլ չի լուծելու

Մեր զրուցակիցն է «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանը ԱՄՆ դեսպանի և Սերժ Սարգսյանի հանդիպումը տարբեր շրջանակներ տարբեր կերպ են մեկնաբանում: Ինչպես եք գնահատում այդ հանդիպումը, ինչ մեսիջներ էր այն պարունակում: Կա կարծիք, որ սրանով արձանագրվում է, որ ՀՀԿ-ն ներքաղաքական կյանքում լեգիտիմ ընդդիմության դերը կարող է ստանձնել: Ընդհանրապես, որքանո՞վ եք հնարավոր համարում, որ ՀՀԿ-ն կզբաղեցնի այդ նիշան, թե՞ իրական ընդդիմությունը դեռևս ձևավորման փուլում է: Չեմ կարծում, թե ԱՄՆ-ը կարող էր ՀՀԿ-ի մեջ ինչ որ պոտենցիալ տեսնել ու փորձել դրա միջոցով Հայաստանում ուժեղացնել ժողովրդավարության հիմքերը: Ես կարծում եմ, որ այդ հանդիպումն առավել քան անձնական բնույթ է ունեցել և այտեղ այլ ենթատեքստեր փնտրելն անիմաստ է, առավել ևս, ՀՀԿ-ի դերի ավելացման կամ նույնիսկ նվազեցման շրջանակներում: Վերջին օրերին որոշակի շրջանակների կողմից բարձրացվում է Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցը: Ձեր կարծիքով՝ ի՞նչ նպատակներ են հետապնդում այդ շրջանակները, արդյոք կան հիմքեր հրաժարականի համար և ինչո՞վ կավարտվեն այս զարգացումները: Արայիկ Հարությունյանի հրաժարականի հանրային պահանջ ես այս պահին չեմ տեսնում: Տեսնում եմ դաշնակցականների կողմից այդպիսի պահանջը օրակարգ դարձնելու փորձեր: Իհարկե, Հայաստանում ռեֆորմները շատ դանդաղ և զգուշավոր են արվում, ինչը անձամբ ինձ համար էլ խնդիր է, բայց կարծում եմ դա միայն կրթության ոլորտին չի վերաբերում և Արայիկ Հարությունյանը չի միայն այդ ռեֆորմների պատասխանատուն: Էդ դեպքում կամ պետք է պահանջել ամբողջ կառավարության հրաժարականը, կամ փաստել, որ Արայիկի հրաժարականի պահանջը պարզապես հնարավորություն է քաղաքական որոշ շրջանակների համար սեփական գոյությունը ցույց տալու: Դա են ապացուցում նաև այն հիմնավորումները, որոնք դրված են հրաժարականի պահանջի հիմքում: Ըստ էության՝ Հայոց լեզվի դերը ոչ մի կերպ չի նսեմացվում, դարձվում երկրորդային այն փոփոխությունների շրջանակներում, որն առաջարկվում է նոր նախագծում: Այլ պարզապես ավելացվում է բուհերի ինքնավարությունը: Նրանց հնարավորություն է տրվում ինքնուրույն որոշել, թե ինչ դեր, տեղ, ինչպիսի բովանդակություն պիտի ունենան Հայոց լեզուն և Հայոց պատմությունը իրենց բուհի ծրագրերում: Բուհի խորհուրդը իրավասու է նպատակահարմարության դեպքում այդ առարկաները ներառել պարտադիր ուսուցման առարկաների ցանկում և կարծում եմ շատ բուհեր այդպես էլ անելու են: Ես այս ամենը մի բառով կբնութագրեի՝ «փոթորիկ մեկ բաժակ ջրում» արտահայտությամբ: Ինչի՞ է ձգտում ՀՅԴ-ն: Կարծում եմ՝ ՀՅԴ-ն երկու խնդիր է լուծում: Առաջինը` ընդդիմադիր դաշտում ցանկանում է կայանալ որպես «ազգային արժեքների» շուրջ կոնսոլիդացնող ուժ, և որպես երկրորդ խնդիր՝ թուլացնել կառավարող ուժի հիմքերը: Կարծում եմ՝ էն մարտավարությունը, որ ընտրել է ՀՅԴ-ն, երկու խնդիրն էլ չի լուծելու: Ավելին՝ պահանջի հիմքում այնքան թույլ հիմնավորումներ են դրված, որ մեծ հաշվով, ընդամենը, հերթական անգամ վնասելու է ՀՅԴ հեղինակությանը:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
07-11-2019 21:46