Գրավին առնչվող օրենսդրությունը վտանգում է անձի անձնական ազատության իրավունքը․ ՍԴ որոշման հիմքում դրվել է նաև Պաշտպանի հատուկ դիրքորոշումը

08-11-2019 11:33

Սահմանադրական դատարանի հետ ձևավորված համագործակցության շրջանակում Մարդու իրավունքների պաշտպանը Սահմանադրական դատարան է ներկայացրել հատուկ դիրքորոշում գրավի օրենսդրական կարգավորումների և պրակտիկայի վերաբերյալ: Այս մասին նշված է ՄԻՊ տարածած հաղորդագրությունում: Մասնավորապես, Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել Վճռաբեկ դատարանի դիմումով վիճարկվող օրենսդրական դրույթը, համաձայն որի՝ գրավը կիրառվում էր որպես կալանքին այլընտրանք, այլ ոչ թե ինքնուրույն խափանման միջոց: Մարդու իրավունքների պաշտպանը հարցը դիտարկել է ինչպես օրենսդրական կարգավորումների, այնպես էլ կալանքի և գրավի կիրառության դատական պրակտիկայի շրջանակում: Պաշտպանը, մասնավորապես, ընդգծել է, որ. մտահոգիչ են գրավի` որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոցի կիրառման ցածր ցուցանիշները, բավարար կենսագործված չեն դատարանների կողմից կալանքի կիրառության դեպքում «ազատության կանխավարկածով» առաջնորդվելու և կալանքը բացառիկ դեպքերում, այսինքն` որպես «վերջին միջոց» կիրառելու սկզբունքները, չկա օրենսդրական ուղղակի պահանջ, համաձայն որի՝ մեղադրյալի պատշաճ վարքագիծն ապահովելու նպատակով կալանքի հարցը քննարկելուց առաջ պետք է դիտարկվի ավելի մեղմ խափանման միջոցների կիրառության հնարավորությունը, օրենսդրորեն կալանքի իրավաչափության գլխավոր պայմաններից պետք է համարվի դրա կիրառությունը բացառապես այն դեպքում, երբ ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցներով հնարավոր չէ ապահովել հանցագործության մեջ մեղադրվող անձի պատշաճ վարքագիծը, գրավի կիրառման հարցը քննելիս դատարանը պետք է ունենա լայն հայեցողություն որոշելու, թե արդյոք գրավը արդյունավետ միջոց է հետապնդվող նպատակներն իրագործելու նպատակով: Դատարանը չի կարող օրենսդրորեն կաշկանդված լինել այս հարցում, Մինչդեռ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին մասով որպես գրավի կիրառման միակ պայման է դիտարկվում քրեական վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ մեղադրյալի գտնվելն ապահովելը: Ստացվում է, որ բոլոր այն դեպքերում, երբ դատարանը եզրահանգի, որ գրավը կարող է լինել ենթադրաբար հանցանք կատարած անձի կողմից քրեական գործի վարույթը չխոչընդոտելու գործուն երաշխիք, այսինքն՝ գրավի կիրառմամբ կարելի է անձին զերծ պահել քննությանը խոչընդոտելուց, այնուամենայնիվ, կաշկանդված լինելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորմամբ, չի կարող կիրառել գրավ, և փաստորեն անձը պետք է մնա կալանքի տակ՝ ազատությունից կամայական զրկվածի կարգավիճակում: Արդյունքում, Պաշտպանն արձանագրել է, որ խնդրո առարկակարգավորումները կարող են վտանգել ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածով երաշխավորված անձի անձնական ազատության հիմնարար իրավունքը: Մարդու իրավունքների պաշտպանը ողջունում է Սահմանադրական դատարանի մոտեցումը, որ Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումները հրապարակվում են իր որոշումներում:

Lragir.am,
08-11-2019 11:33