2020 թվականից Արցախում կապի 2-րդ օպերատոր կսկսի գործել

08-11-2019 13:37

2020 թվականից Արցախում հեռահաղորդակցության ոլորտում երկրորդ օպերատորն է գործելու: Այս մասին հայտնում է Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը: «2020 թվականին կվերանա հեռահաղորդակցության ոլորտում գործող մենաշնորհը, և կունենանք 2-րդ օպերատոր:  Վերջին ամիսներին անցակացված հանդիպումներն ու խորհրդատվությունները թույլ են տալիս վստահաբար ասելու, որ 2020 թվականին Արցախ մուտք կգործի 2-րդ օպերատոր: Նման ծրագրի համար առկա են ներդրողներ և փորձառու մասնագետներ: Ստեղծվել են հնարավորություններ՝ լուծելու հեռահաղորդակցության ոլորտում մենաշնորհի հետ կապված խնդիրը: Հետամուտ եմ այդ գործին և ունեմ քաղաքական կամք՝ 2020 թվականին ապահովելու համապատասխան պայմաններ՝ հեռահաղորդակցության ոլորտում մենաշնորհը հաղթահարելու և 2-րդ օպերատորի՝ Արցախ մուտք գործելու համար: Ի՞նչ կտա դա մեզ բոլորիս: Առաջին հերթին՝ որակյալ ու ցածր գներով շարժական կապ: Մրցակցությունը գործող օպերատորին կստիպի իր բաժանորդների համար նվազեցնել սակագները: Ապա՝ ժամանակակից 4G/LTE ձևաչափով որակյալ և մատչելի շարժական համացանցի հասանելիություն: Նոր աշխատատեղեր, առաջին հերթին՝ երիտասարդ մասնագետների համար: Երկրորդ օպերատորի մուտք գործելուց կշահեն նաև ոլորտի փորձառու աշխատակիցները, ովքեր կունենան այլընտրանք՝ մասնագիտական գիտելիքները ներդնելու նոր ընկերությունում: Բնականաբար, որպես հետևանք՝ այն կխթանի գործող օպերատորի կողմից աշխատակիցների աշխատավարձերի բարձրացումը: Եվ վերջապես՝ կունենանք սահմանամերձ գոտում պաշտպանված կապ և Արցախի ու ՀՀ-ի միջև ռոումինգի փաստացի վերացում»:

Lragir.am,
08-11-2019 13:37