Սերգեյ Լավրովը նոյեմբերի 10-11-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում

08-11-2019 16:37

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 10-11-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին նոյեմբերի 8-ին տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում հայտնել է Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Նոյեմբերի 10-11-ը ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պաշտոնական այցով կլինի Երևանում: Այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ վարչապետի և նախագահի հետ, բանակցությունները արտաքին գործերի նախարարի հետ, ինչպես նաև ծաղկեպսակի խոնարհում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի համալիրի անմար կրակի մոտ»,- ասել է Զախարովան: Զախարովան հավելել է, որ արտաքին գործերի նախարարները բանակցությունների ընթացքում կքննարկեն երկկողմ հարաբերությունների լայն շրջանակը, փոխգործակցությունը ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում, դիրքորոշումը ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Եվրոպայի խորհրդում և այլ միջազգային կազմակերպություններում: «Կողմերի ուշադրության կենտրոնում կլինի նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրը՝ ներառելով նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարները»,- նշել է նա:

Lragir.am,
08-11-2019 16:37