Հայկական երկաթուղին ճեղքո՞ւմ է պատը

Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Մոսկվա կատարած այցի շրջանակում հանդիպել է Ռուսական երկաթուղիներ ընկերության ղեկավար Օլեգ Բելոզյորովի հետ, որը մի քանի շաբաթ առաջ Հայաստանում էր եւ գործունեության հեռանկարներ էր քննարկել վարչապետ Փաշինյանի հետ: Մոսկվայում ՏԿԵ նախարար Պապիկյանի հետ հանդիպմանը քննարկվել է հայկական երկաթուղիների մինչեւ 2024 թվական զարգացմանը, ներդրումային ծրագրերին առնչվող հարցեր: Ինչպես հայտնի է, Ռուսական երկաթուղիներ ընկերությունը 2008 թվականին 30-ամյա ժամկետով ստանձնել է Հայաստանի երկաթուղու հավատարմագրային կառավարումը: Կառավարման 11 տարիների ընթացքում առնվազն առերեւույթ արդյունքը տպավորիչ չէ: Շատ բանի մասին է խոսում այն, որ օրինակ նոր, արդիական շարժակազմ՝ այն էլ 2 վագոն, Հայաստանն ունեցավ միայն 2017 թվականին, Կարեն Կարապետյանի վարչապետ նշանակվելուց հետո: Եվս մի քանի վագոն էլ Հայաստան բերվեց հեղափոխությունից հետո: Միաժամանակ, հեղափոխությունից հետո ի հայտ եկան նաեւ Հարավկովկասյան երկաթուղի ընկերության գործունեության հետ կապված հարկային, իրավական խնդիրներ: Դրանք քննարկվեցին անգամ Փաշինյան-Պուտին մակարդակում: Ի՞նչ լուծում են ստացել խնդիրները եւ ինչ քաղաքական պայմանավորվածություն կա ընկերության հետագա գործունեության առնչությամբ: Այն, որ նախարար Պապիկյանն ու Բելոզյորովը Մոսկվայում քննարկել են ներդրումային ծրագրեր եւ պայմանավորվել են աշխատանքային խումբ ստեղծելու մասին, վկայում է, որ քաղաքական փոխըմբռնում կա, եւ կողմերը ձեռնամուխ են եղել արդեն ոլորտային, մասնագիտական, տնտեսական հարցերի քննարկմանը: Հատկանշական է, որ աշխատանքային խմբի գործառույթը ներառելու է նաեւ հավատարմագրային կառավարման պայմանագրի արդիականացման հարցը: Հայաստանն ու Ռուսաստանը փաստորեն քննարկում են պայմանագրի արդիականացումը: Արդյոք հայկական կողմն է նախաձեռնողը, թե՞ ռուսական կողմն է ակնկալում այդպիսով այսպես ասած բարձրացնել ներդրումային երաշխիքները եւ միայն դրանից հետո ավելացնել ներդրումները Հայաստանում: Ի դեպ, այդ մասով հատկանշական է դեռեւս 2013 թվականի սեպտեմբերի 3-ի հայտնի օրը Սերժ Սարգսյանի մոսկովյան այցի ընթացքում հնչած հայտարարությունը, որ Ռուսական երկաթուղիները Հայաստանի երկաթուղում նախատեսում է 15 միլիարդ ռուբլու ներդրում: Այդ ներդրումը չի եղել: Կլինի՞, քննարկու՞մ են Երեւանն ու Մոսկվան այդ հարցը: Միեւնույն ժամանակ, Սուրեն Պապիկյանի մոսկովյան այցն ու հանդիպումը հետաքրքիր են նրա մեկ այլ այցի ֆոնին: Հայաստանի ՏԿԵ նախարարն օրերս Իրանում էր, ու թեեւ իրանյան հանդիպումների օրակարգում կարծես թե գերակշռում էր էներգետիկ գործակցության թեման, այդուհանդերձ առկա է թերեւս նաեւ հարցը, թե արդյոք հայկական երկաթուղու հավատարմագրային կառավարման պայմանագրի արդիականացման համատեքստում կարող է արդիականանալ նաեւ Հայաստան-Իրան երկաթուղու հարցը: Այդ առնչությամբ, Ռուսական երկաթուղիների դիրքորոշումը մի քանի տարի առաջ այն էր, որ դա ոչ մի տեղ չտանող պատ է: Իհարկե, խնդիրն այստեղ քաղաքական որոշման, աշխարհքաղաքական միջավայրում է: Դրանում փոփոխությունները չափազանց դինամիկ են ու մասշտաբային, որոնց մի դրսեւորում էր նաեւ հոկտեմբերի 1-ին Երեւանում ԵՏՄ Վեհաժողովը Իրանի նախագահի մասնակցությամբ: Միաժամանակ, օրերս էլ ուժի մեջ մտավ ԵՏՄ-Իրան ազատ առեւտրի ժամանակավոր՝ եռամյա պայմանագիրը, իսկ կողմերը շարունակում են բանակցել ավելի երկարաժամկետ պայմանագրի շուրջ: Կարո՞ղ են արդյոք այդ իրադարձությունները ազդեցություն թողնել Հայաստան-Իրան երկաթուղու հանդեպ հետաքրքրության առումով:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
08-11-2019 17:53