Երեւանում բախտագուշակը դանակի մի քանի հարված է հասցրել 27-ամյա հաճախորդին

08-11-2019 19:57

Երեւանում այսօր՝ նոյեմբերի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել.  «բախտագուշակը» դանակի մի քանի հարված է հասցրել 27-ամյա հաճախորդին: Shamshyan.com-ը հայտնում է, որ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը 27-ամյա Հակոբ Խաչատրյանն է, որը, ըստ բժիշկների հայտարարության, ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու: Պարզվել է, որ նշված հանցագործությունը կատարել է Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի բնակիչ 65-ամյա Անահիտ Մ.-ն, որը կարճ ժամանակում հայտնաբերվել և բերման է ենթարկվել: Կայքի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել այս գիշեր ժամը 03:00-ի սահմաններում, երբ Հ. Խաչատրյանը, գտնվելով գինովցած վիճակում, իր մտերմուհու հետ այցելել է Անահիտ Մ.-ի տուն եւ ասել, որ վերջինս «պետք է իր բախտը նայի», սակայն բախտագուշակը դիտողություն է արել Հ. Խաչատրյանին: Երիտասարդը հայհոյել է 65-ամյա կնոջը, ինչի պատճառով էլ վերջինը վերցրել է խոհանոցային դանակը և մի քանի անգամ հարվածել Հ. Խաչատրյանին: Ոստիկանների և քննիչների բացատրական աշխատանքի շնորհիվ՝ Անահիտ Մ.-ն ներկայացրել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը:

Lragir.am,
08-11-2019 19:57