Քոչարյանի փաստաբանները ձգձգում են մինչև ՄԻԵԴ եզրակացության տրամադրումը ՀՀ ՍԴ-ին

Մեր զրուցակիցն է փաստաբան Նորայր Նորիկյանը Պարոն Նորիկյան, «Մարտի 1»-ի դատավարության ժամանակ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ Ռոբերտ Քոչարյանն անհավասար պայմաններում է մյուս նախագահների նկատմամբ, արդարացի չի համարել ամեն բան նրա վրա բարդելը: Ինչպե՞ս եք գնահատում այդ հայտարարությունները, և ընդհանրապես դատավարության ընթացքը: Կարծում եմ, որ որոշակի թյուր տպավորություն է ձևավորվել այն մասին, որ «Մարտի 1»-ի համար պատասխանատվության է ենթարկվում բացառապես ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Եթե շատ պարզ արձանագրենք, ապա այս քրեական գործի շրջանակներում կամ «Մարտի 1»-ի ամբողջ հանցագործության ցիկլում այդ մարդկանց մեղադրանք չառաջադրելը կամ նրանց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելը դեռևս չի նշանակում, որ «Մարտի 1»-ի ամբողջական պատասխանատվությունն ընկնելու է միայն Ռոբերտ Քոչարյանի վրա: Իհարկե, ինքը տվյալ դեպքում զբաղեցրել է ՀՀ երկրորդ նախագահի պաշտոնը և առնվազն քաղաքական պատասխանատվությունը իր վրա է: Ինքը պետության գլուխն էր և ինքն էր պատասխանատու երկրում տեղի ունեցող բոլոր գործընթացների համար, նաև պետական իշխանության տարբեր մարմինների աշխատանքների համար: Այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող, բայց խնդիրը հետևյալն է. մենք գործ ունենք նախադեպը չունեցող քրեական գործի հետ, և այդ գործի մի մասով այս փուլում իրականացվում է դատաքննություն, իսկ մյուս մասով դեռևս իրականացվում է նախաքննություն: Այդ նախաքննության ավարտից հետո հնարավորություն կունենանք արձանագրելու, թե արդյոք ՀՀ-ում գտնվեցին մարդիկ, որոնք դուրս մնացին «Մարտի 1»-ի գործով իրականացվող քրեական հետապնդման գործընթացից, այն դեպքում, երբ գործողություններն այդ ժամանակահատվածում ենթակա էին քրեաիրավական գնահատականի: Ուստի ես վաղաժամ եմ համարում այդպիսի հայտարարությունները: Այո, ես կարծում եմ, որ դեռևս ամբողջական ցիկլը կամ պատասխանատվության ենթակա մարդիկ կան, որոնց արարքներին դեռևս քրեաիրավական գնահատական չի տրվել, բայց ես գտնում եմ նաև, որ հասարակությունը պետք է հետամուտ լինի, պահանջի, և իշխանությունը ևս պետք է հետամուտ լինի այս հանցագործությունը բացահայտելու համար: Ընդհանրապես, կարո՞ղ ենք ասել, որ մեզ շատ երկարատև դատական գործընթաց է սպասում, որը կարող է տևել տարիներ: Մենք կարող ենք արձանագրել, որ այս պահին թեև դե յուրե սկսված է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավարությունը, բայց դեռևս, որքան հասկանում եմ, անգամ մեղադրական եզրակացությունը հրապարակված չէ: Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով այդ գործի վարույթը դեռևս գտնվում է դատական նախապատրաստության փուլում, և պաշտպանական կողմը, ըստ էության, օգտվելով իրեն տրված բոլոր հնարավորություններից, փաստորեն, այս փուլում փորձում է հասնել Քոչարյանի խափանման միջոցը փոխելուն: Բնականաբար, ակնհայտ է, որ դատարանի կողմից կայացված որոշումների տրամաբանությունն այն է, որ այս փուլում հնարավոր չէ գրավի կիրառումով հասնել Քոչարյանի վարքագծի ողջամիտ կառավարելիությանը: Ուստի կա մտավախություն, որ նա ազատության մեջ մնալու պայմաններում կարող է խոչընդոտել քննությանը և անօրինական ազդեցություն գործադրել դատավարության այլ մասնակիցների վրա: Քրեական գործում առկա նյութերի տրամաբանությունն է բերել այդ համոզմանը: Բայց ես ուրիշ բան եմ ուզում, որ մենք քննարկենք. պաշտպանական կողմի մարտավարությունն ինչի՞ն է միտված, կամ Քոչարյանի ամբողջ շրջապատի քարոզչությունը, նրանց դիրքորոշումը: Այսինքն այն որոշումները, որոնց իրենք դեմ են, դրանք ապօրինի են, անհիմն են, հակասում են ՀՀ  օրենսդրությանը, և քանի դեռ իրենց քիմքին և համոզմունքներին, ճաշակին համահունչ որոշում չի կայացվել, ուրեմն իրենք պետք է արձանագրեն, որ Քոչարյանի նկատմամբ ապօրինի գործընթա՞ց է իրականացվում: Իրականությունից թող ոչ ոք չփախչի, և անկախ արդարադատության իրականացման, քրեական հետապնդման որակից, բոլորի համար էլ պարզ է, թե ինչ է կատարվել 2008-ի մարտի 1-ին, և ինչպիսի դերակատարություն է ունեցել այդ գործընթացում Քոչարյանը: Մեր հասարակությունն այս ամեն ինչում պետք է հստակ զանազանի քարոզչությունը, օրինականության համար պայքարողների խնդիրը և զանազանի սուտն ու կեղծիքը: Քոչարյանը դատարանում հայտարարեց, որ ինքն ամենաշահագրգիռն է, որ մարտի մեկի գործը բացահայտվի: Որքանո՞վ նա կարող է անկեղծ լինել: Չեմ կարծում՝ Քոչարյանը անկեղծ է իր գնահատականներում հետևյալ պարզ պատճառաբանությամբ. եթե նա շահագրգռված լիներ այսօր քրեական գործով ճշմարտության բացահայտմանը, հենց իրենք շահագրգիռ կլինեին գործի դատաքննությունը հնարավորինս արագ սկսելով: Ակնհայտ է Քոչարյանի պաշտպանական տակտիկան: Դա կառուցված է նրա վրա, որ հնարավոր բոլոր միջոցները գործադրելով ձգձգեն մինչև ՄԻԵԴ կողմից խորհրդատվական զեկույցի տրամադրումը ՀՀ ՍԴ-ին: Նրանք ենթադրություններ ունեն, որ ՄԻԵԴ-ը իրենց շահերից բխող խորհրդատվական եզրակացություն է տալու, որը հետագայում հնարավորություն կտա ՍԴ-ին համապատասխան որոշումներ կայացնել իրենց իսկ ներկայացրած դիմումների հիման վրա: Բայց ուզում եմ ասել, որ դրանք խորհրդատվական կարծիքներ են, որոնք պարտադիր բնույթ չեն կրելու ՍԴ-ի համար: Մեկ բան պետք է արձանագրենք. եթե Ռոբերտ Քոչարյանն իսկապես շահագրգռված է սույն քրգործով ճշմարտության բացահայտմանը, ուրեմն իրենց իրավունքներն իրացնելու գործընթացում պետք է առաջնորդվեն այնպիսի կանխավարկածով, որը հնարավորություն կտա սկսելու դատաքննությունը, և միայն օբյեկտիվ, բազմակողմանի, թափանցիկ դատաքննության արդյունքում կարող է հնարավորություն ստեղծվել, որպեսզի ցույց տրվի՝ ով է մեղավոր և ովքեր պետք է ենթարկվեն պատասխանատվության: Բայց իրենք մի բան ասում են, մեկ այլ բան են անում: Դատական բարեփոխումները, բարեվարքության սկզբունքների կիրառումը շատ չուշացա՞ն: Ես կարծում եմ, որ Հայաստանում ընթացող դատաիրավական բարեփոխումների ոլորտում մենք ունենք կիսատ, անավարտ, խոսակցությունների մակարդակի, դեկլարատաիվ բնույթի հայտարարություններ, որոնցից որևէ մեկը դեռևս իրականություն չի դարձել: Հնչեղություն ունեցող քրեական գործերով իրականացվող գործողությունները ևս մեկ անգամ ինձ բերեցին այն համոզման, որ Հայաստանի ամբողջ դատաիրավական համակարգը պատրաստ չէ այդպիսի հնչեղ գործերի քննության, պատրաստ չէ պատասխանատվություն ստանձնել և շարժվել առաջ: Մենք դոփում ենք տեղում, և գնալով այնպիսի տպավորություն է ձևավորվում, որ ընդամենը շատ լավ ցանկությունների մասին են խոսում, բայց իրականում դատաիրավական բարեփոխումների այս ամբողջ ցիկլում մենք չունենք որակապես առարկայորեն տեսանելի փոփոխություններ, որոնք մարդիկ կզգային իրենց կաշվի վրա: Ես ձեզ վստահեցնում եմ, որ դատաիրավական համակարգի նկատմամբ առկա վստահության ճգնաժամը, հավատի վերականգնման գործընթացը գտնվում է նույն ցածր մակարդակի վրա, ինչ եղել է: Այս առումով, իրականացվող գործընթացներին պետք է նոր տեմպ հաղորդվի, որը կունենա կոնկրետ արդյունք ակնկալելուն միտված գործողություն, և մարդիկ ուղղակի իրենց կաշվի վրա կզգան, ավելին՝ այդ գործընթացները որակապես կանդրադառնան մեր հանրային կյանքի վրա: Ցավոք սրտի, մենք չենք կարող արձանագրել, որ դատաիրավական համակարգում ընթացող գործընթացները ստեղծել են դրական մթնոլորտ մեր հանրային կյանքի փոփոխության առումով:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
08-11-2019 20:19