Քննարկվել են մարզերի զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրեր

08-11-2019 20:32

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների  նախարարությունում  Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել   աշխատանքային հանդիպում, որի ժամանակ ներկայացվել են մարզերի զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրերը: Հանդիպման սկզբում նախարար Պապիկյանը, ողջունելով զբոսաշրջության կոմիտեի նախաձեռնությունը, առաջարկել է Համաշխարհային բանկի վարկային միջոցներով իրականացվող զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ծրագրում մարզային նախագծերն ընդգրկելիս հաշվի առնել ոլորտային բազմազանությունը և տարածքային համաչափ զարգացման սկզբունքը, ինչը կխթանի ինչպես տուրիստական ներհոսքին տարբեր մարզեր, այնպես էլ տարածաշրջանների տնտեսական զարգացմանը: Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը  շնորհակալություն  է հայտնել հանդիպման համար՝ այն համարելով կոմիտեի և մարզերի միջև համագործակցության մեկնարկի  լավ հնարավորություն: Մարզպետարանների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց մարզերում զբոսաշրջային առումով գրավիչ թիրախային համայնքները, զբոսաշրջային ուղղությունների և ենթակառուցվածքների զարգացման  առաջարկները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ՝ առաջարկվող նախագծային փաթեթներն ուսումնասիրելու և դրանք ըստ նպատակահարմարության ծրագրում ընդգրկելու վերաբերյալ:

Lragir.am,
08-11-2019 20:32