«Հայոց լեզու» ու «Հայոց պատմություն» առարկաների դասավանդման բովանդակությունը բուհերում պետք է փոխվի

Կրթության ոլորտի բարեփոխումները պետք է ավելի ընդլայնված լինեն, և բուհերում «Հայոց լեզու» ու «Հայոց պատմություն» առարկաների բովանդակությունը փոխելուն զուգահեռ դպրոցում պետք է բարձրացնել այդ առարկաների ուսուցման որակը: Lragir.am-ի հետ զրույցում նման դիտարկում է անում կրթության փորձագետ Մարինա Գալստյանը՝ անդրադառնալով «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծին, ըստ որի՝ «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները բուհերում ոչ պարտադիր պետք է դառնան: «Նախարարությունն ասում է, որ օրենքի նախագծով բուհերին տրվում է ինքնավարության իրավունք՝ որոշում կայացնելու: Ամեն դեպքում, որոշակի հեռահար երկխոսություն է ընթանում բողոքողների ու նախարարության միջև, որը դրական միտում է»,- ասաց մասնագետը: Նրա խոսքով՝ այս փոփոխությունները հետևյալ ուղերձն ունեն՝ բուհերին ինքնավարություն է տրվում, բուհերը պետք է ազատ լինեն, որ իսկապես որոշում կայացնեն: Եթե ուզում են, որ պարտադիր լինի «Հայոց լեզու»-ն ու «Հայոց պատմություն»-ը, այս օրենքի նախագծով այդ իրավունքն իրենցից չեն վերցնում: Ըստ մասնագետի՝ բուհերը պետք է ազատ լինեն ու կարողանան ինքնուրույն կազմակերպել կրթական պրոցեսը, որպեսզի այն իրացվի: Իրացվելիության հարցը լուրջ է: «Կարելի է բուհին տալ ազատություն, բայց բուհը չունենա այն կարողությունները, որով իրացվի այդ ազատությունը: Միգուցե տարբեր պետական աջակցության ծրագրերով պետք է նաև բուհերի ինքնավարության իրավունքի իրացմանն ուղղված քայլեր արվեն»,- ասաց Մարինա Գալստյանը: Մասնագետը բարձրացնում է հարցը, որ «Հայոց լեզու» ու «Հայոց պատմություն» առարկաների դասավանդման բովանդակությունը բուհերում պետք է փոխվի: «Եթե մենք յուրաքանչյուր մասնագետ պատրաստելուց՝ կլինի ճարտարապետ, սոցիոլոգ, թե լրագրող, տեսնում ենք, որ այնտեղ կա պատմական գիտելիքի, հայոց լեզվի իմացության կարիք, որոշ չափով բոլոր տեղերում կարծում եմ արժե դա ուսուցանել: Բայց միգուցե այդ առարկան չպետք է կոչվի հայոց լեզու, պետք է կոչվի, օրինակ, գրավոր-բանավոր խոսքի արվեստ, հռետորական խոսք, որոնք բոլոր մասնագետներին պետք են: Չկա մասնագետ, որը հաղորդակցության խնդիր չունի, գոնե իր մասնագիտական տերմինաբանության իմացության խնդիր ունի: Գրավոր ու բանավոր խոսքը կարևոր է: Այդ առումով ես կողմ եմ մոտեցմանը, որ միայն հայոց լեզու առարկան, որի մեջ ամփոփված է գրաճանաչությունը, ուղղագրությունը, միգուցե արդարացված չէ ունենալ բուհում, որովհետև դա իսկապես հանրակրթության խնդիր է»,- ասաց Մարինա Գալստյանը: Նրա խոսքով՝ միգուցե պետք է մեկ քայլ հետ գնալ ու հանրակրթությունում որակ պահանջել, որպեսզի չարդարացնեն, թե ինչու պետք է բուհում շարունակել դասավանդել այս առարկաները: «Այսինքն՝ զուգահեռ պրոցես պետք է ընթանա: Պետք է գնալ հայոց լեզվի ու պատմության դասավանդման որակի բարձրացմանը դպրոցներում և վերանայել, թե ըստ մասնագիտական ուղղությունների, գոնե բնագիտական, ճշգրիտ, հումանիտար, այդ ոլորտներում հայոց լեզվի, հայոց պատմության ինչպիսի հմտություններ կամ առարակա ենք մենք ուզում ձևավորել: Օրինակ՝ նույն պատմություն առարկան կարող է լրացվել արդի իրադարձությունների քննարկմանն ուղղված ինչ-որ առարկայով, որը կարող է չկոչվել պատմություն: Ես էլ եմ կարծում, որ ստանդարտ բոլոր տեղերում միայն հայոց լեզու կամ պատմություն անցնելն արդարացված չէ, որովհետև դա իսկապես դասագրքային կամ հանրակրթության բովանդակություն է»,- հավելեց մասնագետը:

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող
08-11-2019 21:36