Կինոն հեքիաթ է, կինո ստեղծողը` հեքիաթասաց. Դավիթ Սաֆարյանն ավարտել է «Հեքիաթ. Սարյան» ֆիլմի սցենարը

08-11-2019 22:34

Կինոռեժիսոր Դավիթ Սաֆարյանը սկսել է Մարտիրոս Սարյանի կյանքն ու ստեղծագործությունը ներկայացնող կինոնկարի ստեղծման աշխատանքը: Սաֆարյանի ֆիլմերը կրկին, ինչպես և 90-ականներին, մեծ հետաքրքրություն են առաջացնում միջազգային ասպարեզում և որոշակի պահանջարկ ունեն հատկապես արևմտաեվրոպական կինոշուկայում: Ռեժիսորի խոսքով`նա նպատակ ունի ներկայացնել Վան Գոգի, Գոգենի, Պիկասոյի մակարդակի բարձունքին կանգնած մեր մեծ նկարչին, որն, այնուամենայնիվ, աշխարհին  ըստ արժանվույնս հայտնի չէ: Սաֆարյանն ավարտել է  «Հեքիաթ. Սարյան» ֆիլմի սցենարը, որն արդեն թարգմանված է մի քանի լեզվով: «Արմենպրես»–ի թղթակցի հետ զրույցում կինոռեժիսորը մանրամասներ հայտնեց իր նախաձեռնության մասին: Սցենարի ծնունդը Ֆիլմը լինելու է խաղարկային, Սարյանի գործերին մոտ պատկերաշարով և նրան հոգեհարազատ ոճով: Չորս դերասաններ մարմնավորելու են Սարյանին՝ հինգ տարիքային ժամանակաշրջանում: Կան մի խումբ թեկնածուներ: Ամենափոքր տարիքի Սարյանին դեռ որոնում եմ: 12-14-ամյա Սարյանին գտել եմ: Մնացած դերակատարների վերաբերյալ վերջնական որոշում կայացված չէ, և դեռ վաղ է անուններ բարձրաձայնելը: Սցենարական աշխատանքներն ավարտված են: Ոգևորության զգացում եմ ապրում: Ուրախ եմ, հուզում է: Դա կարևոր է. եթե ինձ չհուզի, ուրիշին, ինչպե՞ս կարող է հուզել: Բացի դրանից՝ սցենարը կարդացել եմ ինձ մտերիմ անձանց, նրանց՝ ում մասնագիտական կարծիքը թանկ և կարևոր է ինձ համար, և պարզել եմ, որ միայնակ չեմ իմ զգացումների մեջ: Այնպես որ, հուսանք՝ լավ սկիզբ է դրված: Իմ նախորդ խաղարկային ֆիլմերի սցենարները գրվել են  համահեղինակների մասնակցությամբ: Նույնիսկ առաջին տարբերակը կամ գրական հիմքը հենց իրենցն է եղել, և նրանց անչափ շնորհակալ եմ: Բայց սա այն դեպքն էր, երբ ոչ ոք ինձ համար չէր կարող այս սցենարը գրել, նաև հնարավոր չէր պատկերացնել որևէ համագործակցություն այս փուլում: Ո՞վ կարող էր տեսնել այն, ինչը, աչքերս փակելով, տեսնում էի ֆիլմի մասին մտածելիս: Եթե կարդաք (սցենարը, միգուցե, հրատարակվի), կարծում եմ, պարզ կդառնա` ինչի մասին է խոսքը: Ֆիլմը ստացել է զարգացման փուլի համար պետական աջակցություն: Սպասվում է աջակցություն նաև հաջորդ՝ արտադրության փուլի համար: Եվ չնայած այն բանին, որ աջակցության չափը բավարար չի լինի աշխատանքների ողջ  ծավալի լիակատար իրագործման համար, այնուամենայնիվ, սա որոշակի կարգավիճակ է և, հնարավոր է, կարևոր գործոն կհանդիսանա մեր բանակցությունների ընթացքում համատեղ արտադրողի հետ: Իսկ դրա անհրաժեշտությունն անխուսափելի է: Այդ դեպքում էլ մի հարց կառաջանա, որի լուծումը ինձ համար բացարձակ կարևորություն ունի: Դա է՝ կողմերի մասնակցության չափը: Հայաստանը միացել է Համատեղ ֆիլմարտադրության միջազգային կոնվենցիային, որի պայմանների համաձայն ֆիլմը կարող է ազգային համարվել և երկիրը համատեղ արտադրության երկիր միայն այն դեպքում, երբ նրա ներդրումը կազմում է ընդհանուր ծախսերի որոշակի մասը․ երկու մասնակից երկրների դեպքում՝ առնվազն 20 տոկոսը, երկուսից ավելի երկրների մասնակցության դեպքում՝ առնվազն 10 տոկոսը: Ֆիլմը նկարահանվելու է 12 երկրում, տարվա չորս եղանակներին, կատարվելու են մեծ թվով տեխնիկական բարդ նկարահանումներ: Ֆիլմում լինելու են բարձր տեխնոլոգիաների և ոլորտում ամենաժամանակակից նվաճումների օգտագործմամբ հատուկ հնարքներ (էֆեկտներ): Քանի որ մեր պետական միջոցները խիստ սահմանափակ են, իսկ ֆիլմի բյուջեն՝ մեծ, մեզ անհրաժեշտ է լինելու հայթայթել ոչ միայն պետական ֆինանսավորման աղբյուր՝ հայկական կողմի բավարար չափով մասնակցությունը ապահովելու համար: Ես ամենաշատը չէի ցանկանա, որ Մարտիրոս Սարյանի մասին ֆիլմը, թեկուզ և համատեղ արտադրված, հայկական չհամարվեր: Կինոռեժիսորը հավատում է գաղափարի հաջողությանը Ֆիլմի իրագործման ծրագիրը, նրա առանձնահատկությունները, հիմնավորված ծախսերը և մյուս պարամետրերը ներկայացնելու եմ 2020-ի փետրվարին՝ նախ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում, ապա Մոսկվայի Պետական Տրետյակովյան պատկերասրահի Սարյանի դահլիճում: Կարծում եմ այս քայլն ավելի վառ կփաստի մեզանում այս ֆիլմը ունենալու և աշխարհին մեր անհերքելի արժեքները ներկայացնելու անհրաժեշտությունը: Գուցե միամիտ կարծիք է, բայց նույնիսկ համոզված եմ, ոչ, հավատում եմ, որ այդ քայլերից հետո չեմ դժվարանա համախոհ-գործընկեր, այս մտահղացումը իրականացնելու համար ներդնող գտնել: Եվ սա բնավ զգույշ մեկնած բաց ափ չէ, որի մեջ հույս ունես, որ ինչ-որ, գոնե մի փոքր, ողորմություն կընկնի: Սա ուժեղ, համոզմունքով մեկնած ձեռք է համախոհի, գործընկերոջ ձեռքը սեղմելու նպատակով: Թե խորհրդանիշի պահանջ առաջացավ, ապա՝ թո՛ղ այսպիսի խորհրդանիշ լինի: Մի բան էլ ասեմ: Թող կարծիք չստեղծվի, թե կենսագրական ֆիլմ եմ նկարահանում: Սա ավանդական կենսագրական կինոնկար չէ: Այո, այն հիմնված է լինելու Մարտիրոս Սարյանի կյանքին ու գործունեությանը վերաբերող  հայտնի և քիչ հայտնի փաստերի,  նրա չհրատարակված գրառումների վրա: Բայց, և դա ես դեռ մտահղացման փուլի ժամանակ եմ ասել, լինելու է ֆիլմ ուղղակի նկարչի մասին, այն մասին, թե որն է նկարչի տեղը, նրա դերը մեր կյանքում, ով է նկարիչը, ինչպես է տեսնում կյանքը, ինչպես է  նրա տեսածը տարբերվում մեր տեսածից և թե ինչպես է նա մեզ օգնում իր պես տեսնել և հիանալ: Չէ՞ որ մեծերը հենց դա են արել: Իսկ Սարյանը այն քչերից է, որը կարողացել է յուրովի ընկալել աշխարհը և յուրովի այն ներկայացնել: Շատ-շատերն են ընդունում, որ Սարյանը մեծություն է, բայց հայաստանցիները, երբեմն, անկեղծանում են` նշելով, որ չեն հասկանում նրա կտավների դեղին սարերը, կապտականաչավուն, մանուշակագույն ստվերները, իսկ գալիս է օտարը, տեսնում մեր բնությունը և բացականչում. «Օ՛, Սարյան է, Սարյանի գույնե՛րն են»:  Այո՛, Սարյանը չի հնարել, հորինել այդ գույները, նա տեսել է դրանք և ցույց տվել մեզ: Ֆիլմում լինելու է  դրվագ, երբ Սարյանը նկարում է բնությունը և աստիճանաբար իրական սարն ավելի ու ավելի ակնհայտորեն է սկսում նմանվել նրա նկարած սարին: «Հեքիաթ. Սարյան» Ասեմ վերնագրի մասին: Արտասահմանում ֆիլմը հավանաբար այլ անվանում կունենա, իսկ Հայաստանում, կարծում եմ, ճիշտ է պահպանել, այսօր աշխատանքային համարվող, «Հեքիաթ. Սարյան» անվանումը: Մարտիրոս Սարյանը հեքիաթի մեծ շարք ունի, և ֆիլմն էլ կառուցված է լինելու հեքիաթի տրամաբանությամբ. հեքիաթի է նմանվելու գաղտնիքի բացահայտումը, պարզությունն ու միաժամանակ՝ խորությունը: Այս ամենը Սարյանին էլ է բնորոշ: Սարյանի հետ մտերիմ էր հայրս: Նրանց բարեկամության շնորհիվ մի քանի անգամ հանդիպել եմ Մարտիրոս Սարյանին. անմոռանալի է: Քսան տարեկան էի, երբ Սարյանը մահացավ: Արդեն որոշել էի, թե ինչով եմ զբաղվելու: Հեքիաթ պատմելն էլ Սարյանից եմ սովորել: Ու մի բան էլ. տարիներ առաջ, դեռ շատ երիտասարդ էի, ինձ հարցրեցին իմ ռեժիսորական դիրքորոշման, կինոյին և կյանքին իմ մոտեցման մասին: Արագ և կարճ պատասխանեցի՝ կինոն հեքիաթ է, կինո ստեղծողը` հեքիաթասաց: Մինչ օրս այդպես եմ մտածում: Ես դա մեր նախորդ հանդիպման ժամանակ էլ եմ ասել. «Չկա հեքիաթ մեծերի համար, փոքրերի համար: Հեքիաթը բոլորի համար է: Ի վերջո մեր կյանքն էլ է հեքիաթ»: Այս հանգամանքներով է պայմանավորված վերնագրի ընտրությունը: Մի հանգամանք ևս: Նկարչի մասին ֆիլմ ստեղծելու նպատակ ունենալով, ինչո՞ւ հենց Սարյանի վրա կանգ առա: Մերն է: Բայց էլի ունենք մեծ նկարիչներ՝ Սուրենյանցը, Կոջոյանը, Բաշինջաղյանը… Չթվե՛մ: Մեր ազգը այդ առումով շատ հարուստ է: Սարյանի դեպքում առկա է վառ արտահայտված, հիրավի հեքիաթային, դյուցազնային, էպիկական և մեր ժողովրդին բնորոշ մի հատկություն: Սարյանը անհամար ողբերգական օրեր, երկարատև ծանր շրջաններ է ունեցել իր կյանքում, բայց երբեք մեր ուսերին չի բարդել դա: Հաղթող է դուրս եկել և մարդկությանը նվիրել լույս, արև, հեքիաթ: Դա է Սարյանը: Դա է այն փիլիսոփայությունը, մոտեցումը, որ հոգեհարազատ է ինձ, բնորոշ է ժողովրդիս: Դա է  պատճառը, թե ինչու հենց Սարյան՝  Հեքիաթ-Սարյան: Անժելա Համբարձումյան Լուսանկարները` Ֆելիքս Առուստամյանի

Lragir.am,
08-11-2019 22:34