Հայաստանի հետաքրքիր հյուրը Լավրովի այցի շեմին

Նոյեմբերի 10-11-ը պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ով Երեւանում Հայաստանի քաղաքական ղեկավարության հետ կքննարկի երկկողմ եւ ռեգիոնալ նշանակության, անվտանգությանն առնչվող տարբեր հարցեր: Լավրովի այցից առաջ ինտրիգ էր հաղորդել ռուսական Կոմերսանտը, օրեր առաջ տեղեկացնելով, թե ստորագրվելու է հուշագիր՝ Հայաստանում ամերիկյան աջակցությամբ կառուցված կենսալաբորատորիաներ ռուս մասնագետների մուտքի թույլտվության համար: Ռուսաստանը այդ հարցը Հայաստանի հետ քննարկում է դեռ նախորդ իշխանության շրջանից, կասկածելով, որ այդ լաբորատորիաներում կարող են արվել գաղտնի «հակառուսական» մշակումներ: Մինչդեռ հայտնի է, որ ԱՄՆ աջակցությամբ կառուցված եւ Հայաստանի սեփականություն այդ լաբորատորիաները, որոնցից ԱՄՆ կառուցել է նաեւ հետխորհրդային, ԵՏՄ անդամ այլ երկրներում, ընդամենը կենսաբանական անվտանգության ուղղությամբ աշխատող կառույցներ են: Կոմերսանտի տեղեկությանը հետաքրքիր արձագանք էր տվել Հայաստանի արտգործնախարարը, ասելով, որ հարցը բանակցության փուլում է եւ կտեղեկացնեն, երբ ավարտվի, ավելացնելով, որ անհարմար է, երբ քամի են ստեղծում արտահոսքերի միջոցով: Ու՞մ էր մեղադրում Հայաստանի արտգործնախարարը քամի ստեղծելու եւ արտահոսքի համար: Եվ ինչու՞ է կազմակերպվել այդ արտահոսքը: Լավրովի այցին ընդառաջ Հայաստանում էլ տեղի ունեցան հետաքրքիր իրադարձություններ: Մասնավորապես, քաղաքացու հետ «անկեղծ զրույցի» մոտենալու մասին ազդարարեց Սերժ Սարգսյանը, իսկ դրան հաջորդեց Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերը, որտեղ նա որոշեց անդրադառնալ Արցախի հարցում «դավադիր» ռիսկերի մասին մեղադրանքներին ու հերքել դրանք: Կապ ունե՞ր այդ ամենը Լավրովի այցի կամ այցի ընթացքում նրա պլանների հետ, եւ արդյո՞ք այդ շարքում կարող է տեղավորվել նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպանի հանդիպումը Սերժ Սարգսյանի հետ: Դրան էլ հաջորդեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հոդվածը ռուսական պետական Սպուտնիկ գործակալությունում, ԱՄՆ դերի անկման, Հայաստանում «արեւմտամետ» իշխանության եւ Հայաստանի ու Արցախի հարցում Ռուսաստանի դերի բացարձակացման մասին: Լավրովի հայաստանյան այցի շեմին Երեւան է ժամանելու մեկ այլ հետաքրքիր հյուր: Նոյեմբերի 9-10-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար, արքեպիսկոպոս Պոլ Ռիչարդ Գալագերը, որը Հայաստանում կհանդիպի վարչապետի, նախագահի, արտգործնախարարի եւ Ամենայն հայոց կաթողիկոսի հետ: Փաստացի խոսքը Վատիկանի արտաքին գործերի նախարարի մասին է, որը Հայաստան է այցելում ՌԴ արտգործնախարարի պաշտոնական այցի շեմին: «Կխաչվե՞ն» Հայաստանում Մոսկվայի ու Վատիկանի արտգործնախարարների ուղիները: Հուլիսի 4-ին Վատիկան էր այցելել ՌԴ նախագահ Պուտինը, իսկ հուլիսի 5-ին հեռախոսազրույց էին ունեցել Իտալիայում գտնվող Պուտինն ու Վիետնամում գտնվող Նիկոլ Փաշինյանը: Հռոմի պապի հետ հանդիպմանը ՌԴ նախագահը քննարկել էր Սիրիայի հարցը, այդ թվում մարդասիրական հարցերի համատեքստում: Արդյոք Սիրիայում պետական մարդասիրական առաքելություն ունեցող Հայաստանը նշանակալի դեր ունի Սիրիայի հարցում Վատիկանի եւ Մոսկվայի երկխոսության համատեքստում:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
08-11-2019 22:42