Վճռաբեկ եւ Սահմանադրական դատարանները կմիավորվե՞ն. Հրապարակ

09-11-2019 08:50

«Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանի փակուղի մտած հարցի լուծման  ճանապարհին չի բացառվում, որ իշխանությունն օրակարգ բերի վճռաբեկ եւ սահմանադրական դատարանները միավորելու օրենսդրական նախագիծ: Միավորման արդյունքում նախատեսվում է ունենալ Գերագույն դատարան, ինչպիսին որ ԱՄՆ-ում է, որը կիրականացնի ե՛ւ ՍԴ-ի, ե՛ւ վճռաբեկի գործառույթները: ՔՊ մեր աղբյուրը փոխանցեց, որ ՍԴ-ն ամսական կտրվածքով, միջինացված հաշվարկով, ընդամենը 60 հայց է քննում, ուսումնասիրել են վերջին մի քանի տարիների վիճակագրությունը ու հաշվարկել, որ միլիոնի հասնող աշխատավարձեր ստացող դատավորներից կազմված դատարանն այս տարբերակով օպտիմալացնելու արդյունքում կարող են ամսական բոլոր թոշակառուների թոշակները բարձրացնել առնվազն 100 դրամով, ինչը կարող է դառնալ այս քայլի պոպուլիստական բացատրությունը, որը կներկայացնեն հանրությանը: Սակայն սա հնարավոր է միայն սահմանադրական փոփոխություններով: Այսինքն՝ նախագծին պետք է հավանություն տա Սահմանադրական դատարանը: Թե ինչպես են շրջանցելու այդ «արգելքը», մեր աղբյուրն ասաց, որ դրա ձեւն էլ են գտել եւ առաջիկայում օրենսդրական որոշակի փոփոխություններով կօգտվեն գործող Սահմանադրության սողանցքներից: Թե ինչի մասին է խոսքը, կփորձենք պարզել առաջիկայում»: Լուսանկարը irvaban.net-ի

Lragir.am,
09-11-2019 08:50