Հրշեջ-փրկարարը պիտի գնահատվի ու ապրի բարեկեցիկ կյանքով

09-11-2019 09:36

ՀՀ կառավարության որոշմամբ եռամսյակային պարգեւավճարից զատ՝ հոկտեմբերի 1-ից փրկարար ծառայության շարքային անձնակազմի աշխատավարձը բարձրացել է մոտ 50 տոկոսով: Մեր աշխատակիցների հետ զրուցել ենք՝ ինչ է փոխվել նրանց կյանքում, ինչ նպատակներ եւ ակնկալիքներ ունեն: Արթիկի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարար, փ/ծ ավագ սերժանտ Վասպուրակ Դանիելյանը Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի «Ճգնաժամային կառավարում» բաժնի շրջանավարտ է, երեք տարվա ծառայող: Վերջերս է մանկավարժի հետ ընտանիք կազմել: Ամուսնացել են առանց հարսանիքի, փոխարենը սոցիալական փաթեթի հաշվին հանգստի են մեկնելու: Տղայի ծնողներն ամեն կերպ օգնում են նորապսակներին: Առջեւում ձմեռ է, իսկ Արթիկում ցուրտը չի նահանջում մինչեւ մայիս: Տունը ջեռուցել է պետք: Աշխատանքային դժվարությունների մասին տանը երբեք չի խոսում: Ասում է՝ կանայք նրբազգաց են, նրանց պետք չէ մտքերով ծանրաբեռնել, որպեսզի երեխաներն առողջ միջավայրում մեծանան: Նորաստեղծ ընտանիքը որոշել է՝ մի քանի ժառանգ է ունենալու: Նոյեմբերյանի ՀՓՋ վարորդ, փ/ծ ավագ սերժանտ Մխիթար Ոսկանյանը սահմանամերձ Բերդավան գյուղում է ապրում: Տեսնելով հրշեջի աշխատանքն ու սիրելով զինվորական համազգեստը՝ նախկին պայմանագրային ծառայողը 2014 թվականից ջոկատ է ընդունվել: Սիրում է իր աշխատանքը, ստանձնում ցանկացած հանձնարարություն: «Մեր տարածաշրջանում բարձրադիր գոտիները շատ են: Ահազանգ տվողները երբեմն զարմանում են՝ ինչպես ենք ճանապարհ գտնում նման վտանգավոր տարածքներում: Հատկապես անտառներում զգոնությունդ ավելի է սրվում․որպես վարորդ՝ հասկանում ես՝ մի սխալը կարող է ամբողջ խմբին փորձանքի բերել: Բարեբախտաբար տավուշցիները թասիբով են, գրեթե միշտ պատրաստ մեզ հետ հավասար հրդեհ մարելու»,- նշում է 36-ամյա Մխիթարը եւ հավելում՝ այս տարվա մեծաթիվ հրդեհների պատճառով տանը հաշված ժամեր է անցկացրել: Սահմանամերձ Բերդավանում առավոտները հաճախ հակառակորդի կրակոցների ձայնով են սկսվում, բայց դա չի խանգարում գյուղացուն իր վար ու ցանքն անել, ծառեր մշակել, վայելել առօրյա փոքր ուրախությունները: Աշխատանքից ազատ օրերին հրշեջ-փրկարարն անասնապահությամբ եւ գյուղատնտեսությամբ է զբաղվում, ծանոթ-անծանոթին հրավիրում իր այգու միրգն ու արքայանարնջի չիրը համտեսելու: Այսօր արդեն բարձր աշխատատավարձով առաջնահերթ անասնակերի հարցը կլուծի, իսկ առաջին գնումը նոր կոշիկներն էին 1,8-ամյա դստեր համար: Վանաձորի թիվ 2 ՀՓՋ օղակի հրամանատար, փ/ծ ավագ սերժանտ Արթուր Ավետիսյանը երեք աղջկա հայր է: Փորձառու հրշեջը ջոկատի առաջին «ուսուցիչն» է․ 19 տարվա ծառայության ընթացքում ձեռք բերած գիտելիքն անվերապահորեն փոխանցում է կրտսեր աշխատողներին: Ասում է՝ կրակի դեմ պայքարող հրշեջի թիկունքում պետք է ընկերոջ օգնական ձեռքը լինի, որը կպաշտպանի նրան վտանգից: Զավակները հպարտանում են փրկարար հորով: Ամեն տունդարձին մեկն օգնում է մրոտված կոշիկները հանել, մյուսը՝ արագ թեյ պատրաստում: Բազմանդամ ընտանիքի ողջ հոգսը 39-ամյա Արթուրի ուսերին է․ կինն աշխատանք չի գտնում, մայրը թոշակառու է: Փրկարարը, սակայն, լավատեսությամբ է ապագային նայում: Դպրոցական աղջիկները լավ առաջադիմություն ունեն, նկարչության եւ պարի պարապմունքների են հաճախում: Համոզված է՝ նրանք կյանքում կգտնեն իրենց տեղը: Հրազդանի ՀՓՋ հրշեջ, ընդհանուր պրոֆիլի փրկարար, փ/ծ ավագ սերժանտ Գեւորգ Անտոնյանն ապագա դիվանագետ է, հեռակա ուսուցմամբ սովորում է Երեւանի պետական համալսարանում: Մեկ տարվա փրկարար ծառայողը նշում է՝ անկախ մասնագիտական ընտրությունից՝ հրշեջ-փրկարարի աշխատանքը շատ բան է սովորեցնում, առաջին հերթին՝ կյանքի հմտություններ, պատասխանատվություն մերձավորներիդ անվտանգության համար: Աշխատավարձի բարձրացմամբ իրեն ավելի գնահատված է զգում, դադարել է այլընտրանքային զբաղմունք փնտրել: Ապրիլյան քառօրյա մարտական գործողությունների մասնակից Գեւորգն ինքն է հոգում ուսման ծախսերը, լիահույս է, որ շուտով օրենքի ուժ կստանա նաեւ ուսման վարձը եկամտային հարկով փոխհատուցելու նախագիծը: Այդպես կկարողանա ինչ-որ կերպ թեթեւացնել ընտանիքի ապրուստը: Հայոց բանակ զորակոչվելուց առաջ երիտասարդը նաեւ սպորտային կարիերա է ունեցել․ ավանդական կարատեդոյի Հայաստանի եռակի չեմպիոն է, աշխարհի առաջնության 4-րդ մրցանակակիր: Առաջիկա նպատակները շատ են: Անի ԱՆՏՈՆՅԱՆ Հ․Գ․ Բնապահպանական ցածր գիտակցության եւ տեխնիկապես ծանրաբեռնված այս ժամանակաշրջանում, երբ մարդածին պատահարներից օրական հազարավոր զոհ է լինում, հրշեջների աշխատանքը կենսական անհրաժեշտություն է: Օրինակ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում 2017 թվականին գրանցվել է հրդեհների բարձր ցուցանիշ՝ 1 319 500 դեպք, որից մահացել է 3400 մարդ, վիրավորվել՝ 14 670-ը: 1990-2017 թթ․ ԱՄՆ-ում խոտածածկի եւ անտառային հրդեհների պատճառով զոհվել է 485 հրշեջ: Բոլոր ժամանակներում միակ բարձրագույն արժեքը մարդու կյանքն է, այդ թվում՝ փրկարարի ու հրշեջի: Հրշեջ-փրկարարը իր կյանքով ռիսկի դիմելով այլոց կյանքն է փրկում: Նա պիտի գնահատվի ու ապրի բարեկեցիկ կյանքով:

Lragir.am,
09-11-2019 09:36