Մատնագրեր Ռուսաստանին. Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի զիգզագը

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աշխարհքաղաքական մտորումները, որ նա հանձնել է Սպուտնիկ գործակալությանը, այլ բանի մասին չէ, քան Հայաստանը Ռուսաստանի արբանյակի վերածելու: Ընդ որում, այդ հանգամանքը հատկանշական է նրանով, որ երկրորդ նախագահը հայկական քաղաքական դասի շրջանակում թերեւս առաջինն էր հասկացել այդ հանգամանքի վտանգավորությունն ու ձեռնարկել այդ ռիսկը չեզոքացնելու ուղղությամբ առաջին քաղաքական քայլերը: Խոսքը 2007-08 ընտրական փուլին, նախագահության երկրորդ ժամկետը սպառելուն ընդառաջ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական մարտավարության մասին է, երբ նա փորձում էր ԲՀԿ ձեւավորման միջոցով իշխանությունից հեռացնել լեգիտիմություն չունեցող ՀՀԿ-ին: Այդ կերպ, ձեւավորելով լեգիտիմություն ունեցող խորհրդարան, երկրորդ նախագահը մտադիր էր նախագահի թեկնածու առաջադրել արդիական-արեւմտյան քաղաքական մշակույթի կրող, սփյուռքահայ Վարդան Օսկանյանին: Չի բացառվում, որ հաջորդիվ Ռոբերտ Քոչարյանն ակնկալում էր դառնալ ԲՀԿ առաջնորդ եւ առաջադրվել վարչապետ: Բոլոր դեպքերում, անգամ չառաջադրվելու պարագայում նա հավանաբար մտադիր էր Հայաստանում ձեւավորել բալանսավորված քաղաքական համակարգ: Ռոբերտ Քոչարյանը նախագահի կարգավիճակում թերեւս լավագույնս էր պատկերացնում, որ Ադրբեջանի հետ 2004 թվականից ռազմավարական գործընկերություն հաստատող Մոսկվան կարող է մշակել բավական վտանգավոր քաղաքական սցենարներ: Ռոբերտ Քոչարյանի մարտավարությանը ՌԴ առաջին կոշտ պատասխանը 2006 թվականին գազի գնի թանկացման մասին որոշումն էր: Հարցը լուծեց պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, միաժամանակ Մոսկվային թերեւս երաշխավորելով, որ ինքն ու ՀՀԿ-ն կարող են արգելակել Ռոբերտ Քոչարյանի «բալանսավորումը»: Չի բացառվում իհարկե, որ 2007 թվականին օգնելով Սերժ Սարգսյանին հաղթահարել ԲՀԿ լեգիտիմ առավելությունը, հետագայում արդեն՝ մասնավորապես 2008 թվականի հարցում, Մոսկվան որոշեց չմնալ միայն Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ հույսին: Հետագա տասնամյակում արդեն Մոսկվայի վրա էր իր հույսը դրել Ռոբերտ Քոչարյանը, ինտենսիվ հավաստիացնելով, տարբեր հարթակներից եւ ձեւաչափերով, որ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի համար անվստահելի է եւ վտանգում է հայ-ռուսական հարաբերությունն ու Արցախի ապագան: Գրեթե նույնը, ինչ երկրորդ նախագահն այժմ առերեւույթ ասում է Նիկոլ Փաշինյանի հասցեին: Պարզապես, այն ժամանակ հեղափոխության փոխարեն առիթ էր դիտվում Եվրասոցացման գործընթացը: Գործընթաց, որով ռուսական ռեգիոնալ քաղաքականության եւ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ գործընկերությունից բխող վտանգները փորձում էր հավասարակշռել Սերժ Սարգսյանը: 2013-ին հավասարակշռության փորձը տապալվեց, հետագայում հավասարակշռությունը խախտվեց հիմնովին, այդ թվում ներքին ոչիշխանական ընդդիմության ջանքով, որին անթաքույց համակրում էր Ռոբերտ Քոչարյանը: Գործնականում, երկրորդ եւ երրորդ նախագահների փոխհարաբերության քաղաքական ընթացքը բաղկացած է միմյանց «Ռուսաստանին մատնելու» պարբերական փորձերից, ինչից Հայաստանը կորցրել է երկարաժամկետ առումով, եւ խորքային առումով կորցրել են թե Սերժ Սարգսյանը, թե Ռոբերտ Քոչարյանը, արձանագրելով ընդամենը կարճ, անցողիկ, քաղաքական իմաստով «թիթեռի կյանք» հիշեցնող էֆեկտներ: Ինչու՞ է երկրորդ նախագահը փորձում նույնը այժմ: Կանե՞ր դա, եթե չլիներ մարտիմեկյան գործն ու իրավական հետապնդումը: Անելու՞ էր, անկախ ամեն ինչից:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
09-11-2019 00:52