Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության նոր տվյալներ

09-11-2019 15:20

Եվրամիության անդամ երկրների հետ Հայաստանի արտաքին ու փոխադարձ առևտրաշրջանառության ծավալներն այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին նվազել են 7.6 տոկոսով, իսկ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների հետ աճել են 10.2 տոկոսով: ԵԱՏՄ անդամ երկրների հետ Հայաստանի առևտրի տեսակարար կշիռը կազմում է 28.0 տոկոս, իսկ ԵՄ անդամ երկրների հետ՝ 22.3 տոկոս: Ընդհանուր առմամբ, Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալներն այս տարվա ինն ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել են 5.8 տոկոսով՝ կազմելով 5 մլրդ 639 մլն 656.3 հազար դոլար: ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները փաստում են, որ ԵԱՏՄ անդամ երկրներից Ռուսաստանի հետ Հայաստանի առևտրաշրջանառությունն ինն ամիսներին աճել է 10.2, Բելառուսի հետ՝ 24.9, Ղրղզստանի հետ՝ 2.6 անգամ, իսկ Ղազախստանի հետ նվազել է 45.4 տոկոսով: ԵԱՏՄ երկրների թվում Հայաստանի թիվ մեկ առևտրային գործընկերը Ռուսաստանն է. այս երկրի հետ ինն ամիսներին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 1 մլրդ 530 մլն 681.2 հազար դոլար: Իսկ ընդհանուր ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի արտաքին և փոխադարձ առևտրաշրջանառությունը ինն ամիսներին կազմել է 1 մլրդ 583 մլն 308.1 հազար դոլար: Եվրամիության անդամ երկրների հետ Հայաստանի արտաքին և փոխադարձ առևտրաշրջանառության ծավալը նույն ժամանակահատվում կազմել է 1 մլրդ 256 մլն 946.9 հազար դոլար: ԵՄ երկրների թվում Հայաստանի թիվ մեկ առևտրային գործընկերը Գերմանիան է՝ 294 մլն 318.1 հազար դոլար առևտրաշրջանառության ծավալով: Բայց այս տարվա ինն ամիսներին Գերմանիայի հետ Հայաստանի առևտրաշրջանառության ծավալները նվազել են 9.5 տոկոսով: Գերմանիայից հետո Իտալիան է՝ 195 մլն 746.1 հազար դոլար առևտրաշրջանառության ծավալով, հաջորդում են Բուլղարիան՝ 186 մլն 74.9 հազար դոլար, Նիդերլանդները՝ 146 մլն 689.9 հազար, Բելգիան՝ 69 մլն 147.1 հազար դոլար և Ֆրանսիան՝ 68 մլն 559.9 հազար դոլար առևտրաշրջանառության ծավալներով: Իտալիայի հետ Հայաստանի առևտրաշրջանառության ծավալներն այս տարվա ինն ամիսներին աճել են 13.4, Բելգիայի հետ՝ 4.6 տոկսով, իսկ Բուլղարիայի ու Ֆրանսիայի հետ նվազել են, համապատասխանաբար, 9.1 և 17.9 տոկոսով: Այլ երկրների հետ Հայաստանի արտաքին և փոխադարձ առևտրաշրջանառության ծավալն այս տարվա ինն ամիսներին կազմել է 2 մլրդ 660 մլն 025.3 հազար դոլար՝ կազմելով ընդհանուր առևտրի հաշվեկշռի 47.2 տոկոսն ու նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 11.7 տոկոսով: ԱՄՆ հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունն այս տարվա ինն ամիսներին կազմել է 199 մլն 516.6 հազար դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 20.2 տոկոսով: Իրանի հետ առևտրաշրջանառությունը կազմել է 284 մլն 746.6 հազար դոլար՝ աճելով 13.5 տոկոսով: Չինաստանի հետ առևտրաշրջանառության շավալը կազմել է 649 մլն 370.4 հազար դոլար՝ աճելով 15.3 տոկոսով: Ճապոնիայի հետ առևտրաշրջանառությունը կազմել է 114 մլն 693.7 հազար դոլար՝ աճելով 56.1 տոկոսով: Իրաքի հետ առևտրաշրջանառությունը կազմել է 129 մլն 455.6 հազար դոլար՝ աճելով 28.5 տոկոսով: Վրաստանի հետ առևտրաշրջանառությունը կազմել է 103 մլն 939.2 հազար դոլար՝ աճելով 5.2 տոկոսով: Թուրքիայի հետ առևտրաշրջանառությունը կազմել է 187 մլն 285.3 հազար դոլար՝ աճելով 7.0 տոկոսով: Բրազիլիայի հետ Հայաստանի առևտրաշրջանառության ծավալները նույն ժամանակահատվածում աճել են 25.5, Շվեյցարիայի հետ՝ 7.1 և Կանադայի հետ՝ 42.1 տոկոսով: Արաբական միացյալ էմիրություններ-Հայաստան արտաքին առևտրաշրջանառության ծավալները էապես նվազել են՝ 36.9 տոկոսով: Հայաստանի արտահանման ծավալներն այս տարվա հունվար-սեպտեմբերին աճել են 7.9, իսկ ներմուծմանը՝ 4.7 տոկոսով: Նույն ժամանակահատվածում դեպի ԱՊՀ երկրներ արտահանումն աճել է 32.9, ԵԱՏՄ երկրներ՝ 6.4, այլ երկրներ՝ 24.9 տոկոսով: Իսկ դեպի Եվրամիության անդամ երկրներ Հայաստանից արտահանման ծավալներն այս տարվա ինն ամիսներին նվազել են 14.7 տոոկսով: Ինչ վերաբերում է ներմուծման ծավալներին, ապա ԵՄ անդամ երկրներից ներմուծման ծավալները ևս նվազել են՝ 9.7 տոկոսով: ԵԱՏՄ անդամ երկրներից ներմուծման ծավալներն ավելացել են 11.3, այլ երկրներից՝ 10.7 տոկոսով, իսկ ԱՊՀ մյուս երկրներից ներմուծման ծավալները նվազել են 15.1 տոկոսով: Հայաստանից արտահանվող ապարանքների ցանկի առաջին տեղում, ինչպես նախորդ տարիներին, հանքահումքային արտադրանքն է, հաջորդում են սննդի պատրաստի արտադրանքը, մանածագործական իրերը: Ներմուծվող ապրանքների թվում ևս առաջին տեղում հանքահումքային արտադրանքն է, հաջորդում են մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմները, երրորդ տեղում վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտի միջոցներն են:

Lragir.am,
09-11-2019 15:20