Գողը չէ, որ պետք է լինի նոր Հայաստանի երեխաների հերոսը

Մեր զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը Քրեական օրենսգրքում փոփոխություններ են նախատեսվում, որոնք քրեական տարրերը մեր երկրից արմատախիլ անելու միտում ունեն: Շատ փաստաբաններ են քննադատել այս փոփոխությունները՝ նշելով, որ անգամ չկա սահմանում, թե որն է քրեական տարրը, քրեական ենթամշակույթ, հետևաբար արդյունավետությունն այս փոփոխությունների մեծ չի լինելու: Կարծում եք այդ ենթամշակույթը, որը խորը արմատներ ունի Հայաստանում, այս փոփոխություններով  հնարավոր կլինի՞ արմատախիլ անել: Ես կարծում եմ, որ քրեական ենթամշակույթն արմատախիլ անելու գործընթացը բավականին երկարատև է և մի քանի լուծումներից է բաղկացած լինելու: Այնպես չէ, որ միայն այս օրենքն օգնելու է, որ արմատախիլ անենք այդ արատավոր երևույթը: Բայց այս փոփոխությունները շատ կարևոր նշանակություն ունեն այս երևույթը մեղմելու և  ապագայում նաև կանխելու համար: Իհարկե, զուգահեռաբար նաև այլ մոտեցումներ պետք է կիրառվել, այն է՝ մշակութային հեղափոխություն, կրթություն, սոցիալական, կրթական այնպիսի ծրագրերը, որոնք թույլ չեն տա, որ պատանեկության, դեռահասության շրջանում այս երևույթը ունենա հարգանք: Ես նախագծի քննարկման ժամանակ խոսեցի այն մասին, որ հեռու չէ այն անցյալը, երբ բավականին բարձր մակարդակով քարոզվում էր քրեական ենթամշակույթը: Ես չեմ վարանի ևս մեկ անգամ կրկնել այդ երևույթի իրական ժողովրդական տերմինը՝ գողականություն: Մենք հասկանում ենք, որ քրեական ենթամշակույթը էվֆեմիզմ է: Այո, օրենքում մենք այդ արտահայտությունը կարող ենք կիրառել, բայց իրական կյանքում այդ խնդիրը ճիշտ ախտորոշելու համար իրերը պետք է իրենց անուններով կոչենք: Այո, մենք գործ ունենք գողականության հետ և ոչ վաղ անցյալում բավականին բարձր մակարդակով, հեռուստատեսային սերիալներով, լրատվամիջոցներով քարոզվում էր գողականությունը, թե ինչ լավ բան է գող լինելը, որ ինչքան համարձակ են գողեր, «կռուտոյ» են: Դա բերել էր նրան, որ շատ պոպուլյար էին դարձել այդ անձինք, և երբ դեռահասներին հարցնում էիր, թե ինչ ես ուզում դառնալ, նրանք պատասխանում էին՝ գող: Դա յուրաքանչյուր երկրի համար ողբերգություն է: Գողը չէ, որ պետք է լինի նոր Հայաստանի երեխաների հերոսը, կրկնօրինակման  այն կերպարը, որին երեխան կուզենա նմանվել: Նշվում է, որ քրեական հեղինակությունները վեր են օրենքից: Այդ դեպքում ինչպե՞ս ենք նրանց բերելու օրենքի դաշտ: Հենց դա է հարցը, որ քրեական հեղինակությունները կարծես թե պետությանը զուգահեռ գործող ինչ-որ անձինք են: Այսինքն մարդիկ, որոնք ինչ-որ հարցեր են լուծում, որոշումներ են կայացնում, առանց դրա համար ունենալու քաղաքացու մանդատը: Այսինքն որևէ կերպ չեն ներկայացնում ժողովրդին, բայց պետությանը զուգահեռ գործում են: Նրանց օրենքի դաշտ բերելուն օգնելու է հենց այս օրինագիծը, երբ քրեական ենթամշակույթը, աստիճանակարգեր ունենալը այդ գողական աշխարհում, այլևս դառնում է քրեորեն պատժելի արարք: Դա օգնելու է, որպեսզի այս գողականությունն առնվազն այս փուլում նվազի, իսկ հետո նաև կանխվի և աստիճանաբար հասցվի նվազագույնի: Խորհրդարանն է ընդունելու այս օրենքը: Այս խորհրդարանում նույնիսկ վերջին ընտրություններով հնարավոր չի եղել քրեական ենթամշակույթն արմատախիլ անել: Օրինակ, ԲՀԿ-ի պատգամավորը երեկ դեմ քվեարկեց և ասաց, որ հանդիպում է իր շրջապատում նաև այդպիսի մարդկանց, որոնք իր ընկերներն են: Ինչպե՞ս պետք է անել, որ հաջորդ խորհրդարանը գոնե զերծ մնա այդպիսի հեղինակություններից: Ես, իհարկե, այդտեղ տեսնում եմ բավականին լուրջ խնդիր, բայց այդ խնդրի մասով ես պետք է կրկնեմ, որ ոչ վաղ անցյալում բարձր մակարդակով քարոզվում էր գողականությունը: Դա է նաև եղել պատճառը, որ մենք ունեցել ենք որոշակի շերտ, որը քվե է տվել որոշակի անձանց: Այս համալիր գործողությունների արդյունքում՝ թե այս օրենքը ընդունելու արդյունքում, թե կրթական, մշակութային ծրագրեր իրականացնելու արդյունքում, վստահ եմ, որ նմանատիպ հեռանկարը հասցվելու է նվազագույնի, և մեր ժամանակների հերոսը բոլորովին այլ կերպար է լինելու: Այս առումով ուզում եմ նշել, որ կառավարության կողմից վերջին շրջանում սկսվել է «մեր օրերի հերոսը» ծրագիրը, որով կառավարությունը փնտրում, գտնում է անձանց, որոնք անհատական ջանքի, աշխատանքի միջոցով հասնում են հաջողության: Իրենց անհատական ջանքն ու հաջողությունը նաև բերում է մեր պետության ընդհանուր հաջողության: Այսօրվա կառավարությունը, վարչապետը խրախուսում են անհատական ջանքն ու աշխատանքը: Այս տեսանկյունից է, որ ասում ենք՝ մենք փոխել ենք հերոսի կերպարը հանրության շրջանում: Հերոսն այլևս այն անձն է, որ աշխատում է, օգուտ է տալիս իրեն, հանրությանը, այլ ոչ թե հերոսը հանցագործն է ու քրեական հեղինակությունը: Ես կարծում եմ, որ այս սերմերը, որ այսօր սկսում են վերածվել ծիլերի, ոչ հեռու ապագայում մեծ ծառեր են դառնալու, և մեր հանրությունը ունենալու է բոլորովին այլ հերոսի կերպար, քան անցյալում էր, նաև այսօր է: Ես հույս ունեմ, որ դա չենք ունենալու նաև այս օրենքի օգնությամբ:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
09-11-2019 19:45