Պատերազմը, մեր տան փոշիացած սպասքը և մարդիկ, ովքեր ամենաշատն են խաղաղություն ուզում

09-11-2019 21:26

Այս պատմությունները ստեղծվել են «Երիտասարդների դերը խաղաղարարության մեջ․ վերաիմաստավորելով խաղաղությունը սերունդների միջև երկխոսության միջոցով» ծրագրին մասնակցած երիտասարդների կողմից, ովքեր շրջել են Ղարաբաղի տարբեր բնակավայրերում և զրուցել պատերազմը վերապրած մարդկանց հետ: Պատմությունները նրանց լսածի և սեփական փորձի համադրության արդյունքն են: Ես ապրում եմ հայ-ադրբեջանական սահմանից 7 կմ հեռավորության վրա գտնվող Մարտունի քաղաքում: Քաղաքից հաճախ լսելի են կրակոցի ձայներ, որը մեզ համար արդեն սովորական է դարձել: Ես դեռ փոքր էի, երբ սկսվեց ղարաբաղյան առաջին պատերազմը: Շատ աղոտ ինչ-որ դրվագներ եմ հիշում: Բայց եթե ասեմ, որ ես խաղաղության մեջ եմ մեծացել, սուտ կլինի: Ավելի գիտակից տարիքում հաճախ էի տեսնում մարդկանց, ովքեր հաշմանդամ էին դարձել պատերազմի ժամանակ, ունեի դասընկերներ, ովքեր առանց հայր էին մեծանում նույն պատերազմի պատճառով: Ես գրեթե մանկության խաղալիքներ չունեի, իմ ամենամտերիմ խաղալիքները մեր տան շախմատի և շաշկու խաղատախտակներն էին և մեր տան դաշնամուրը, որովհետև պատերազմում խաղալիքներ չկան: Հայրս, ինչպես Ղարաբաղում ապրող շատերը, գնում էր կռիվ: Իմ ու եղբորս ունեցած մյուս խաղալիքը իրական ինքնաձիգն էր: Իհարկե, տանեցիները դրանից տեղյակ չէին, բայց երբ հայրս տուն էր գալիս, ես ու եղբայրս երկար ուսումնասիրում էինք «կռվի գործիքը»: Մի օր էլ պատահաբար կրակ բացեցինք մեր տան ամենաթանկարժեք արկղի վրա, որտեղ մայրս պահում էր յուրաքանչյուր տան համար ամենակարևոր իրերը՝ թանկարժեք սպասքը՝ «սերվիսը»: Հասկանալով մեր արածի լրջությունը՝ եղբորս հետ կոծկեցինք արկղը, որը միայն տարիներ անց բացվեց՝ ծննդյան տոն նշելու համար: Մորս ունեցած ամենաթանկ իրերը փոշու էին վերածվել: Սա պատերազմի իմ աղոտ հիշողություններից մեկն է: Հազարավոր են այն մարդիկ, ում հիշողությունները, զգացմունքները, ինչու ոչ կյանքերը, պատերազմը փոշիացրել է մեր տան «սերվիսի» նման: Անչափ շատ եմ լսել պատերազմին մասնակցություն ունեցած մարդկանց պատմություններն ու զրույցները, բայց այն, ինչի մասին պետք է ձեզ պատմեմ, փոքր-ինչ տարբերվում է իմ լսած ու տեսած մնացած պատմություններից: Այս մարդիկ գիտեին, որ ինձ հետաքրքրում է  իրենց մասին ամեն ինչ, իսկ մինչ այդ լսածս պատմությունները պարզապես դրվագներ էին: Պատմությանս հերոսներից մեկը՝ Վալերիյ պապը, երիտասարդ տարիներին ծառայել էր խորհրդային բանակում: Խորհրդային Միության փլուզումից հետո միացել էր այն հազարավորներին, ովքեր պահանջում էին Ղարաբաղը միացնել Հայաստանին և վերականգնել «պատմական արդարությունը»` չմտածելով, որ կարող էր տեղի ունենալ այն, ինչ եղավ․ պատերազմը: Տանը թողնելով իր 4 երեխաներին՝ Վալերիյ պապը մասնակցել է պաշտպանական մարտերին, որը կլանել էր նրա երիտասարդությունը: Վստահ եմ, որ դժվար է Ղարաբաղում գտնել մի ընտանիք, որը պատերազմից տուժած չլինի: Սակայն, ի զարմանս ինձ, Վալերիյ պապը, անկախ իր տեսածներից ու ապրածից, շարունակում է ստեղծագործել: Մեզ համար անգամ արտասանեց իր գրած բանաստեղծություններից մեկը: Շատ բան չեմ հիշում, քանի որ ասմունքը տևեց շուրջ երեսուն րոպե, որի ընթացքում անդադար նշում էր պատերազմին մասնակցած մարդկանց անունները: Միակ բանը, որը շարունակ կրկնում էի ինքս ինձ, այն էր, թե ինչպես է հնարավոր այդքան անուն ու բնակավայր հիշել, դրանք կապել իրար ու մի պատմությամբ ներկայացնել: Բայց պատերազմը բոլոր տեսակ աղետներից ամենայուրատեսակն է: Դրա տված զգացումներից մարդն անբնական հիշողություն է ձեռք բերում, իսկ անուններն ու տեղանունները դաջվում են նրանց ուղեղում ու հոգու ամենախորքերում: Բայց անողոք լինելուց զատ, պատերազմը նաև առօրյա է: Ու ինչպես ամենօրյա կյանքում, պատերազմում էլ լինում են աշխույժ ու տխուր պահեր: Վալերիյ պապը պատմում էր, որ այս ամենի հետ մեկտեղ տղաները չէին վախենում մահից, մանավանդ որ տանը իրենց սպասում էին ընտանիքի անդամները: Հիշում է, որ չնայած ասում են՝ պատերազմում չամիչ չեն բաժանում, բայց մի անգամ իրենց այնքան չամիչ են բաժանել, որ ամբողջ գիշեր և՛ չամիչ են կերել, և՛ դիրքը պահել: Հիշում է նաև, որ գյուղի հարևանությամբ գտնվող ֆերմաներում ադրբեջանցիներ էին ապրում, որոնց մասին վատ հիշողություններ չունի: Ըստ նրա՝ կա վատ ղեկավարություն, վատ մարդ չի լինում: Ի զարմանս ինձ, զրուցակցիս կարծիքով, պատերազմը բեկում չի մտցրել իր կյանքում, և եթե պատերազմ չլիներ, ապա նա նույն գործով կզբաղվեր (մասնագիտությամբ վարորդ էր): Պատմությանս հաջորդ հերոսը Ասյան է: Երբ պատերազմը սկսվեց, արդեն երեք երեխա ուներ, իսկ ամուսինը մահացել էր նախքան պատերազմը: Մասնագիտությամբ բուժքույր է, ու կրթությունը ստացել է Երևանում:  Պատերազմը սկսելուց հետո 2 երեխաների հետ սկսել է օգնել կռվողներին: Տղաները դեռ փոքր էին՝ գրեթե ինքնաձիգի հասակի: Նրանք ուրախանում էին, որ օգնում էին մեծերին, մտածում էին, թե պատերազմը խաղ է: Հետո, երբ մի քիչ մեծացան և ավելի «բոյով» էին, քան «ավտոմատները», վերցրին դրանք և միացան իրական պատերազմին: Ասյան զենք չուներ, բայց շրջում էր դիրքերում և կերակրում զինվորներին: Բոլորին ընդունում էր հարազատ որդիների պես, քանի որ գիտեր, որ մեկ ուրիշ մայր էլ իր որդիների համար էր ճաշ պատրաստում: Պատերազմը մտել էր մարդկանց կենցաղ, ու բոլորը հավատում էին, որ ամեն ինչ լավ է վերջանալու, ուստի ջանք ու եռանդ չէին խնայում: Պատերազմն էլ, տան ծանր գործի նման, պատասխանատու է, կոփում է ու ստիպում չհոգնել ու  չտրտնջալ: Անգամ տուն վերադառնալուց հետո դիրքի կանայք չէին դադարում մտածել, թե զինվորները ինչ պիտի ուտեն, հագնեն կամ ինչպես պիտի չորացնեն թրջված հագուստը: Մարդիկ ծնվում ու մահանում են ամեն օր, բայց պատերազմում մահը միշտ գերազանցում է ծնունդներին: Ասյան հիշում է, թե ինչպես էին «ճաշարանը դարձնում մահվան սեղան», որովհետև միանգամից մի տասնյակի հասնող մահեր էին լինում, իսկ վիրավորները՝ ավելի շատ․ դե պատերազմում դա բնական էր: Այդ զգացմունքներին գումարվում էր որդիների կարոտը: Նրանց շաբաթներով չէր տեսնում: Կապի միջոցներով անընդհատ փորձում էր որդիների հետ խոսել, և երբ երկար ժամանակ չէր ստացվում, անհանգստանում էր: Ինչպես պատերազմը վերապրած յուրաքանչյուր ոք, այս ընտանիքում բոլորն իրենց ունեցածն ու զգացածը տվել են պատերազմին, բայց դրա փոխարեն ոչինչ չեն ստացել․ պատերազմն ագահ է ու ներծծում է մարդկային կյանքերը, հիշողությունները, երազանքները: Այսքանից հետո սակայն, նրանց ոչ ոք չի գնահատել: Միակ գնահատականը այն մեդալներն էն, որոնք Ասյան ստացել է, բայց դրանք իր համար արժեք չունեն, միայն սիրունության համար են: Իմ տարեկիցներից շատերը ադրբեջանցիների երբեք չեն տեսել: Մեր տեղեկատվության միակ աղբյուրը տարեցների պատմություններն են: Մենք անգամ չգիտենք, թե ինչպես են հայերն ու ադրբեջանցիներն իրար հետ ապրել: Բայց իմ հերոսները ճանաչել են նրանց: Ասյան հիշում է իր բնակավայրում ապրող ադրբեջանցիներին, որոնց մեջ շատ լավ մարդիկ կային: Իսկ ադրբեջանցի հարևաններից մեկն իրեն միշտ կեռաս էր հյուրասիրում: Երևանի հարևաններն էլ բժիշկներ էին (ազգությամբ դարձյալ ադրբեջանցի) ու հաճախ օգնում էին իրեն: Հիմա էլ, եթե առիթ լիներ նրանց հանդիպելու, կբարևեր, կհարցներ՝ ոնց են, առողջականը ոնց է, ինչպես է իրենց երկրում: Ու այստեղ հիշում եմ Վալերիյ պապի խոսքերը. վատ ազգեր ու մարդիկ չեն լինում, լինում են վատ ղեկավարություններ: Ո՞վ գիտե՝ ինչով կզբաղվեին, քանի ընդհանուր տոն ու քեֆ կանեին, եթե չլիներ պատերազմը: Պատերազմը սարսափի մեջ է պահել հարյուրավոր բնակավայրեր ու ընտանիքներ, ջախջախել մարդկանց հույսերը, իսպառ փոխել նրանց ապագան: Շատերն ապրել են խաղաղության երազով, սակայն տարիներ անց փխրուն ու ճաքճքած խաղաղությունը խարխլվել է, որովհետև Ասյան ու հազարավոր այլ ընտանիքներ ստիպված են եղել բախվել երկրորդ՝ Ապրիլյան պատերազմին: Հույզերը գրեթե նույնն են եղել․ միայն մի տարբերությամբ․ այս անգամ թոռներն էին ինքնաձիգի հասակին: Նախկինի պես արթնացել էր սերունդը պաշտպանելու բնազդը, սակայն ամեն ինչ ավելի շուտ ավարտվեց: Ես չգիտեմ, թե որտեղ կլինեի, եթե չլիներ պատերազմը, բայց Ասյան վստահ է, որ եթե պատերազմ չլիներ, սեփական խանութ կունենար, գումար կկուտակեր ու կբավարեր թոռների բոլոր ցանկությունները, իսկ հիմա երբեմն չի հասցնում թոռների համար գնել այն ամենը, ինչ ուզում են: Ինձ ու իմ տարեկիցներին խաղաղության կամ անկախության սերունդ են կոչում: Մենք խաղաղությունը դժվար ենք սահմանում, իսկ Ասյայի խաղաղությունը իր այգին է, այնտեղ կատարած ամենօրյա աշխատանքը, ստացած բերքն ու բարիքը: Ավելի մեծ խաղաղությունը, Ասյայի կարծիքով, արդեն «մեծերի» գործն է: Դրան հասնելու համար երկրի ղեկավարները պիտի պայքարեն՝ հասարակ ժողովրդին սիրելով և նրանց մասին մտածելով: Եթե այդ ամենը տեղի ունենա, խաղաղությունը կթակի բոլորիս դռները: Իսկ գալիք սերունդը՝ մենք ու իր թոռները, կապրի խաղաղ, երջանիկ և ապահով կյանքով, կժպտա, կսիրահարվի ու կսիրի: Իմ կարծիքով, Ասյայի ու Վալերիյ պապի նման մարդիկ շատ են: Նման, բայց միաժամանակ տարբեր են բոլորի պատմությունները, սակայն հենց նրանք են պատերազմի գինը իմացողները: Միաժամանակ, հենց նրանք են շարունակում ապրել այնտեղ, ուր խաղաղությունը հաստատված չէ: Հետևաբար, հենց նրանք են խաղաղություն տենչացողներն ու դրա պատվարները: Այս մարդիկ խաղաղություն ուզում են ոչ թե իրենց, այլ գալիք սերունդների համար, հանուն նրանց, ում կորցրել են ու հանուն նրանց, ովքեր հավերժացել են խաղաղության երազով: ԳԵՎՈՐԳ ՍԱՐԳՍՅԱՆ Պատմությունները ստեղծվել են «Խաղաղարարության ամրապնդում կարողությունների զարգացման և հանրային մասնակցության միջոցով» ծրագրի շրջանակներում` Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Պատմությունների բովանդակության համար պատասխանատու են հեղինակները: Բովանդակությունը կարող է չհամընկնել Եվրոպական միության և ծրագիրն իրականացնող գործընկեր կազմակերպությունների, այդ թվում՝ ԵՀՀ-Հայաստանի, ԵՀՀ-Ադրբեջանի, «Ինթերնեյշնլ ալերթ»-ի և ՀՌԿԿ-Վրաստանի տեսակետների հետ:

Lragir.am,
09-11-2019 21:26