Կառլ Ջենկինսի «Սիմֆոնիկ Ադիեմուսը» հնչեց Երեւանում

09-11-2019 21:31

Նոյեմբերի 8-ին «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը նվիրված էր մեր օրերի ամենահայտնի կոմպոզիտորներից մեկին՝ Կառլ Ջենկինսին: Նա այսօր աշխարհում ամենապահանջված հեղինակներից մեկն է: Ջենկինսի «Զինված մարդը. խաղաղության պատարագ» ստեղծագործությունը կատարվել է ավելի քան 2500 անգամ 50 տարբեր երկրներում՝ այն պահից սկսած, երբ թողարկվել է դրա ձայնասկավառակը: Ջենկինսի ձայնագրություններն արժանացել են ոսկե եւ պլատինե սկավառակի 17 մրցանակի: Երեւանյան հանդիսատեսը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի կատարմամբ ունկնդրեց Ջենկինսի «Սիմֆոնիկ Ադիեմուս» ստեղծագործությունը: Համերգը ղեկավարում էր ինքը՝ հեղինակը: «Ադիեմուսը» ունկնդիրներն առաջին անգամ վայելեցին 1995 թվականին, այնուհետեւ այն դարձավ համաշխարհային երեւույթ: Այս գործը դարձավ ռեժիսոր Հյու Հադսոնի նկարահանած «Delta Airlines»-ի գովազդային հոլովակի երաժշտությունը: Այս ստեղծագործությունը յուրահատուկ է նրանով, որ օգտագործում է էթնիկ հարվածային գործիքներ, իսկ տեքստը հնարովի բառերի՝ ջազում գործածվող հնարքներ են: Կառլ Ջենկինսը նկատում է, որ «Ադիեմուսը» նախապես գրված էր փոքր նվագախմբի եւ կանանց երգչախմբի համար: Հետագայում, սակայն, սիմֆոնիկ էֆեկտ ստանալու համար նվագախմբում ավելացրել է փողային կազմ, իսկ երգչախմբում՝ տղամարդկանց: Երեւանում հնչեց հենց այդ տարբերակը: Նշենք, որ այսօր երեկոյան ամփոփվելու է «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը՝ ներկայացնելով ռուս կոմպոզիտոր Ալեքսանդր Չայկովսկու արվեստը: Համերգին ելույթ կունենա աշխարհահռչակ ալտահար Յուրի Բաշմետը: «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը‚ Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը: Փառատոնին աջակցում է ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարությունը:

Lragir.am,
09-11-2019 21:31