Հայկական գործոնը երեք կարեւոր կետում. Ուկրաինայից Սիրիա

Նոյեմբերի 9-ին Ուկրաինայում սպասվում է արեւելյան Ուկրաինայի տարածքում չճանաչված միավորումների հետ շփման գծից զորքի դուրսբերման վերջին գործողությունը, որը դիտարկվում է «նորմանդական ձեւաչափով» հանդիպման պայման: Դա նախաձեռնել է Ուկրաինայի նախագահ Զելենսկին: Գործընթացը, որ այդքան էլ հարթ չի անցել, ի հայտ է բերել ուկրաինական քաղաքականության մի հետաքրքիր հանգամանք, կամ ավելի ճիշտ ընդգծել այն, ինչը նկատում եւ արձանագրում են նաեւ ռուսական մեդիադաշտում: Խոսքը Ուկրաինայի ներքին գործերի հայազգի նախարար Արսեն Ավակովի մասին է, ուկրաինական քաղաքականության մեջ նրա մեծ ազդեցության, այդ թվում ուկրաինական ազգայնական ուժերի հանդեպ ազդեցության մասին: Արսեն Ավակովը Ուկրաինայում ազդեցիկ օլիգարխ էր դեռեւս մինչեւ Ռուսաստանի հետ զինված բախումը: Դրանից հետո Ավակովը դարձավ ռազմա-քաղաքական ազդեցիկ գործիչ, որի վրա էր  Ուկրաինայի պաշտպանության խնդիրը, թեեւ նա ոչ թե պաշտպանության, այլ ներքին գործերի նախարար էր: Նախարար Ավակովը նախկին իշխանության միակ գործիչն է, որ մնաց կառավարությունում նախագահ Զելենսկու ընտրությունից հետո: Ավելին, ընտրական գործընթացում Ավակովը դիրքորոշվել է Պորոշենկոյի դեմ եւ ստանձնել ընտրակեղծիք թույլ չտալու պատասխանատվություն: Ընտրությունից հետո Ուկրիաինայի մեկ այլ ազդեցիկ խոշոր գործարար Կոլոմոյսկին, որին համարում են Զելենսկու «հովանավոր», նրան խորհուրդ էր տվել ներքին գործերի նախարար Ավակովին վերանշանակել պաշտոնում, որպես ներքին կայունության գրավական: Զելենսկին վերանշանակեց Ավակովին, սակայն շաբաթներ անց այդ մասին լրագրողների հարցին ի պատասխան նշել էր, թե կա փորձաշրջան: Այդուհանդերձ, հայազգի նախարարն առայժմ արձանագրում է միայն դերակատարության եւ ազդեցության աճ: Սա Հայաստանի համար առնվազն ուշադրության առարկա է, նկատի ունենալով այն, ու ուկրաինական հարցը լոկ Արեւմուտք-Ռուսաստան պարզունակ դիմակայության կամ բաժանման հարց չէ: Գործնականում, Ուկրաինայի հարցը այն երեք «կետաձկերից» մեկն է, որի վրա խարսխվում է նոր աշխարհակարգի ձեւավորման բարդ գործընթացը՝ ուկրաինական հարց, կովկաս-հայկական հարց, Սիրիա-մերձավորարեւելյան հարց: Այդ երեք հանգույցներում գործում է աշխարհաքաղաքական զարգացումների միմյանցից տարբեր երեք ռեժիմ, եւ նաեւ հայկական գործոնն էլ փաստորեն ունի ներկայացվածության ու դերակատարման երեք ռեժիմ՝ առանցքային դեր Կովկասում՝ Արցախի ստատուս-քվո եւ անվտանգության համակարգի անփոխարինելի պարեկություն, Մերձավոր Արեւելքում քաղաքակրթական շերտ եւ դրան ավելացված պետական մարդասիրական առաքելություն, եւ Ուկրաինայում հայազգի գործչի դերակատարում, որը ներկայում Ուկրաինայում կայունության ու անվտանգության էական գործոն է: Ի դեպ, հատկանշական է, որ մոտ երկու ամիս առաջ Արսեն Ավակովը հանդիպել էր Ուկրաինայում Հայաստանի դեսպան Սեյրանյանի հետ, որի ընթացքում ձեռք է բերվել իրավապահ ոլորտում երկկողմ գործակցության մասին պայմանավորվածություն:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
09-11-2019 22:33