Վազգեն Մանուկյանը ոչ միայն  հեղափոխությունից հետո, այլ դրանից առաջ էլ բազմաթիվ տարակուսելի հայտարարություններ արել է

Մեր զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հակոբ Սիմիդյանը Պարոն Սիմիդյան, վերջերս ակտիվացել են քննարկումները Հանրային խորհրդի և նրա ղեկավարի շուրջ: Արդյոք պե՞տք է դրվի այդ կառույցի գոյության նպատակահարմարության կամ դրա կազմի փոփոխության հարցը: Ես անձնական կարծիք կարող եմ հայտնել, որովհետև խմբակցությունում նման քննարկում չի եղել, պաշտոնական դիրքորոշում չկա: Ամեն դեպքում, Վազգեն Մանուկյանի ամեն մի հայտարարություն խնդրահարույց է: Ընդ որում, Վազգեն Մանուկյանը ոչ միայն  հեղափոխությունից հետո, այլ դրանից առաջ էլ բազմաթիվ տարակուսելի հայտարարություններ արել է: Մասնավորապես, հայտնի է բոլորին հոկտեմբերի 27-ից հետո արած նրա հայտարարությունը ռոմանտիկների մասին: Վերջին հայտարարությունն էլ այն էր, թե այս օրերը իրեն հիշեցնում են 1937 թիվը: Անհասկանալի հայտարարություններ են, որովհետև Հայաստանն այս պահին ժողովրդավար հանրապետություն է, մեր երկրում երբևէ նման ժողովրդավարության աստիճան չի եղել: Խոսել 37 թվի մասին, իսկապես, տարակուսելի է: Վազգեն Մանուկյանի ամեն հաջորդ հայտարարություն չէի ասի հարցեր է առաջացնում, բայց կարծես այդ ռոմանտիկների մասին հայտարարության շարունակությունը լինի իր տարօրինակությամբ: Վազգեն Մանուկյանը հայտարարել է, որ ամռանը երկու անգամ զանգահարել է վարչապետին, բայց վերջինս չի պատասխանել, որից ինքը ենթադրել է, որ նա չի ուզում իր հետ խոսել: Եթե Հանրային խորհրդի, նրա նախագահի նկատմամբ կար անվստահություն, ինչո՞ւ նա նախորդ տարի վերանշանակվեց: Նախկինում ինչ եղել՝ եղել է, հիմա Հանրային խորհրդի գոյությունը, գործունեության գնահատումը երևի առաջիկայում պետք է քննարկման առարկա դառնա: Նաև պետք է հաշվի առնենք Հանրային խորհրդի ղեկավարի այս հայտարարությունները, թե որքանով են դրանք հարիր նման կառույցի ղեկավարին: Հիմա ինչ ունենք` ունենք, հանրությունն էլ, կարծում եմ՝ ակտիվ արձագանքում է այս ամենին: Եթե մեր քաղաքական դիրքորոշման անհրաժեշտություն լինի, կքննարկենք և կհայտնենք: Բայց այս պահին կոնկրետ գործողությունների մասին որևէ բան չեմ կարող ասել: Դուք տեսնո՞ւմ եք որոշակի քաղաքական նոր բևեռի ձևավորում Վազգեն Մանուկյանի շուրջը: Դե հիմա ամեն օր էլ որոշակի քաղաքական բեռևներ են ձևավորվում, որոնք ոնց ձևավորվում են, այդպես էլ, կարծես, հաջողություն չեն ունենում: Վազգեն Մանուկյանը վաղուց քաղաքական կուսակցության ղեկավար է և եթե պետք է այսքան տարիներ հետո նոր բեռևի մասին խոսել, միայն դա արդեն իր մասին խոսում է: ՀՅԴ երիտասարդները պահանջում են ԿԳՄՍ նախարարի հրաժարականը: Ինչպե՞ս եք գնահատում դա: Նախարարի հրաժարականի մասին մեր քաղաքական թիմում խոսք չկա, որի մասին իշխանության տարբեր ներկայացուցիչներ արդեն ասել են: Նախարարը որոշակի բարեփոխումներ է իրականացնում, որի վերաբերյալ որոշակի շրջանակների կողմից որոշակի դժգոհություններ կան: Կա հանրային քննարկում, նախարարն ինքը բավականին ակտիվ մասնակցում է այդ քննարկումներին, նաև հանրայնորեն հնչեցնելով իր կարծիքը: Ես կարծում եմ, որ չկա մի հնչող տեսակետ, որը պատասխան չի ունենա: Եթե այդ տեսակետների մեջ կան օբյեկտիվ դիրքորոշումներ, որոնք կարող են փոփոխություն բերել այս կամ այն հարցի վերաբերյալ, դրանք էլ կլինեն:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
11-11-2019 20:33