ԱՄՆ-ն ու Ռուսաստանը բարձրացնում են նշաձողը Հայաստանի համար

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Երեւանում հետաքրքիր հայտարարություն է արել հայ-թուրքական արձանագրությունների մասին: «2010 թվականին մենք ամենաակտիվ կերպով նպաստել ենք Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրմանը: Չնայած նաև նախազգուշացրել ենք շատ չտարվել այս գաղափարով և հատկապես այն հաշվարկներով, որ դրանք կարող են ուժի մեջ մտնել անկախ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումից: Մենք լուրջ կասկածներ ունեինք, մեր հայ գործընկերներն այն ժամանակ ասացին՝ «ոչ, ոչ, ամեն ինչ այդպես էլ կլինի, մեզ խոստացել են»: Ցավոք, Ցյուրիխյան արձանագրությունների ճակատագիրը բոլորդ շատ լավ գիտեք», – ասել է Լավրովը: Նա ասել է, որև հիմքեր չի տեսնում ենթադրելու, որ «ինչ-որ մեկը երկրների միջեւ պատերազմ կսկսի»: Նոյեմբերի 13-ին Թուրքիայի նախագահ Էրդողանն այցելելու է ԱՄՆ: Ըստ ամենայնի, Մոսկվան փորձում է Էրդողանի մանեւրի դաշտը սահմանափակել՝ ցույց տալով, որ կարող է գործի դնել Թուրքիայի համար անցանկալի գործընթացներ, եթե Էրդողանը նորից փոխի «կողմնորոշումը»: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պակատը երկու բանաձեւ է ընդունել Հայոց ցեղասպանության ճանաչման եւ թուրք պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին: Փորձագետների կարծիքով, բանաձեւի ընդունումը կարող է Թրամփի համար փաստարկ դառնալ Էրդողանի հետ բանակցություններում: Այդ բանակցությունները կարող են աննպաստ լինել Մոսկվայի համար: Չի բացառվում, որ Մոսկվան որոշել է Էրդողանի դեմ այլ մահակ օգտագործել՝ արցախյան խնդիրը: Լավրովը Երեւանում այսօր հայտարարություններ է արել, որոնք փաստացի խաչ են քաշում բանակցային գործընթացը ռազմական շանտաժի տրամաբանություն վերադարձնելու Ադրբեջանի ջանքերի վրա: Հայաստանը կարեւոր գործոն է դառնում տարածաշրջանում, եւ Երեւանի քաղաքականությունից է կախված, թե որքանով աշխարհքաղաքականության սուբյեկտ կլինի, այլ ոչ թե օբյեկտ: Հայաստանի նոր կառավարության քայլերը համաշխարհային կոնյունկտուրայի համատեքստում հանգեցրել են որոշակի արդյունքի՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը եւ Սերգեյ Լավրովի հայտարարությանն առ այն, որ առանց Ստեփանակերտի ղարաբաղյան կարգավորում չի կարող լինել: Նշաձողը բարձրացվել է, եւ հիմա պետք է բարձրացնել երկրի արտաքին քաղաքականությունը: Հայաստանը կարող է ներկայացնել տարածաշրջանի ապագայի իր տեսլականը իրադարձությունների այս կամ այն զարգացման դեպքում: Մասնավորապես, ի պատասխան Իլհամ Ալիեւի հայտարարության, որ «Զանգեզուրի փոխանցումը Հայաստանին աշխարհագրապես բաժանել է թյուրքական աշխարհը», Հայաստանը կարող է ասել, որ Նախիջեւանի փոխանցումն Ադրբեջանին Հայաստանը կտրել է տարածաշրջանային հաղորդուղիներից:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
11-11-2019 21:02