Պետական կամերային երաժշտական թատրոնի անձնակազմը անակնկալներով է տոնել Սամսոն Ստեփանյանի հոբելյանը

11-11-2019 21:20

Պետական կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսոր Սամսոն Ստեփանյանի 60-ամյա հոբելյանի կապակցությամբ թատրոնի անձնակազմը մեծ տոն է նվիրել ռեժիսորին` թատրոնում համախմբելով նրա ընկերներին, հարազատներին, գործընկերներին: «Արմենպրես»–ի հաղորդմամբ` թատրոնի տնօրեն Հռիփսիմե Առաքելյանը գործնական հանդիպման պատրվակով կիրակի օրը աշխատավայր է հրավիրել Ստեփանյանին: Թատրոնի մութ դահլիճ մուտք գործելուց հետո Ստեփանյանը, ոչինչ չհասկանալով, նայել է աջ ու ձախ: Այդ պահին բացվել է վարագույրը, բեմում վառվել են լույսերը: Բեմում դրված սեղանների շուրջ Ստեփանյանի ընկերներն են եղել, թատրոնի անձնակազմը, մարդիկ, որոնք առնչվել են Սամսոն Ստեփանյանի հետ: Նրանք  պատմել են միասին անցկացրած օրերի մասին: «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Սահակյանը խոստովանել է` նվերների մի քանի տարբերակ են քննարկել: Նախ` որոշել են գումար նվիրել, հետո հասկացել են, որ գումար բոլորը կնվիրեին, հետո որոշել են գառ նվիրել, բայց մտածել են՝ ինչպե՞ս բեմ բարձրացնել: Վերջում, որոշել են ոսկե մեդալ նվիրել վաստակավոր արտիստին: Ստեփանյանին ոսկե մեդալ է շնորհել նաև Թատերական գործիչների միությունը`թատերարվեստին մատուցած ծառայությունների համար: Երեկոյին դերասանները հատվածներ են ներկայացրել իրենց խաղացած ներկայացումներից՝ այն վերածելով յուրօրինակ շնորհավորանքի: Իսկ ֆիլմը, որ պատրաստել էր հարազատ թատրոնի անձնակազմը՝ ամբողջացրել է անակնկալների փաթեթը:

Lragir.am,
11-11-2019 21:20