Լավրովի կոշտ զգուշացումը. ռուս-թուրքական պայմանագրի ավարտը

Մենք բացարձակապես հիմք չենք տեսնում ենթադրելու, որ այս երկու երկրների միջեւ ինչ որ մեկը պատերազմ կսկսի, եւ ամեն դեպքում մեր ամբողջ քաղաքականությունն ուղղված է այստեղ խաղաղություն, համագոյակցություն եւ փոխշահավետ գործակցություն տեսնելուն, Երեւանում խոսելով հայ-թուրքական հարաբերության հեռանկարի մասին` ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Պատերազմի ենթադրության հիմք չունենալու մասին նրա հայտարարությունը թերեւս բավականին բազմիմաստ ու բազմաշերտ է: Այն ամենից առաջ երեւի թե ակնարկ է Ադրբեջանին, քանի որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ պատերազմ կարող է «սկսել» Ադրբեջանը, իհարկե Արցախի դեմ պատերազմով: Արցախի որեւէ նոր պատերազմը գործնականում լինելու է հայ-թուրքական պատերազմ, եւ Մոսկվան անշուշտ հիանալի է պատկերացնում դա, առավել եւս ապրիլյան քառօրյայից հետո: Աներկբա է, որ Բաքուն որեւէ ռազմական քայլ չի արել ու չի անելու առանց Անկարայի հավանության, այդ թվում նաեւ ապրիլյան քառօրյան: Բայց եթե մինչ այդ Բաքուն ուներ Մոսկվայի օգնությամբ հաջողության ակնկալիք, ապա այլեւս այդ ակնկալիքը լինելու է գերազանցապես Անկարայի օգնության առումով: Ադրբեջանը պատերազմի կգնա մի դեպքում, եթե ունենա ռազմական հաջողության երաշխավորում Անկարայից: Լավրովի հայտարարությունն ուղղված է Բաքու եւ Անկարա, այդպիսի հեռանկարի առնչությամբ որեւէ թյուրըմբռնում չունենալու համար: Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի վարչապետ Փաշինյանը երկու անգամ բարձրաձայնել է հնարավոր պատերազմի համար ՌԴ պատասխանատվության խնդիրը, ասելով, որ Մոսկվան ի զորու է կանխել պատերազմը եւ ըստ այդմ Հայաստանի դեմ պատերազմ տեղի ունենալու պարագայում կնշանակի, որ Ռուսաստանն է դա թույլ տվել: Այսինքն, Երեւանը հատկապես ապրիլյան քառօրյայի դասով գերադասելի է համարում Մոսկվային պատասխանատվության առաջ դնել նախապես, պատերազմից հետո պատասխանատվության առաջ չդնելու համար, ինչպես տեղի ունեցավ քառօրյայում: Մյուս կողմից, դրա անհրաժեշտությունը կար նաեւ Մոսկվայի համար, որպես փաստարկ, որովհետեւ ռուսական ռազմակայանի փաստարկը Թուրքիայի ու Ադրբեջանի դեմ գործնականում քաղաքական առումով աշխատունակ է միայն այդ դեպքում՝ երբ Երեւանն իր հերթին պատասխանատվության լեգիտիմ փաստարկ է դնում Մոսկվայի առաջ: Հակառակ դեպքում Ռուսաստանը պատկերացնում է, որ Անկարայի ու Բաքվի հետ հարաբերության հարցում գնացել են այնքան հեռու, որ ծիծաղելի է Հայաստանի ինքնիշխանության բացակայության պայմաններում խոսել մասնավորապես Անկարայում ռուսական ռազմակայանի ներուժի վերաբերյալ հայտարարությունների լուրջ ընկալման մասին: Այդ տեսանկյունից, Լավրովը հետաքրքիր տողատակ է հղում Անկարա նաեւ Հայաստանի հետ քաղաքական հարաբերության իմաստով, որը ուշագրավ լույսի ներքո է Ներկայացուցիչների պալատում ցեղասպանության բանաձեւի ճանաչման եւ Սենատում այդօրինակ բանաձեւի քննարկման հեռանկարի ֆոնին: Լավրովը ակնարկում է, որ Ցյուրիխի հայտնի արձանագրությունների հարցում աջակցել են էապես, սակայն նաեւ պատրանք չեն ունեցել, թե դրանք հնարավոր է իրագործել Արցախի հարցից անկախ: ՌԴ արտգործնախարարը Անկարային ակնարկում է, որ անգամ պատերազմի շանտաժը անզոր է վերագործարկել Արցախի հաշվին հայ-թուրքական հարաբերության կարգավորման մոդելը եւ այդպիսով փրկել ռուս-թուրքական պայմանագրի հիմքը՝ այդ պայմանագրի հարյուրամյա ժամկետի սպառմանն ընդառաջ:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
11-11-2019 22:42