Արտագաղթը նվազել է. Ինչ միտումներ ու գործոններ կան

Lragir.am-ի հարցերին պատասխանել է Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը Պարոն Ղազարյան, պաշտոնական թվերով՝ այս տարվա ինն ամիսներին Հայաստանից արտագաղթը նվազել է: Այս տարվա հունվար-սեպտեմբերին սահմանահատումների մուտքերի և ելքերի տարբերությունը կազմել է -9 857՝ 2016 թվականի նույն ժամանակահատվածի -86 694-ի: Իսկ 2018թ.-ի հունվար-սեպտեմբերին սահմանահատումների մուտքերի և ելքերի տարբերությունը եղել է -15 695: Ինչո՞վ եք բացատրում, ի՞նչ գործոններ են ազդել այս թվերի վրա: Այս ցուցանիշները դիտարկելիս մենք առաջին հերթին պետք է հաշվի առնենք նաև սեզոնայնության գործոնը: Սեզոնայնության գործոնը կարող ենք հաշվի չառնել միայն այն ժամանակ, երբ ունենանք տարեկան ամփոփ տվյալները: Բայց քանի որ մենք հիմա գործ ունենք 9 ամիսների տվյալների հետ, ապա սեզոնայնության գործոնը կարևոր է: Բայց այս պարագայում սեզոնայնութան գործոնն ավելի դրական պատկեր է տալիս, որովհետև եթե տարվա առաջին կեսին սովորաբար սեզոնային աշխատանքային միգրանտների ելքի շրջանն է, իսկ տարվա վերջին եռամյակը՝ մուտքի շրջանը, ապա տարեվերջի համար ակնկալիքներն ավելի դրական են, քան այս պահին մեր ունեցած տվյալներն են: Շարունակվում է այն նույն միտումը, որը տեղի է ունեցել նախորդ տարի: Նախորդ տարվա ամբողջական տվյալներով ընդհանրական սահմանահատումների սալդոն +15 313 էր: 2006 թվականից այս կողմ առաջին անգամ դրական սալդո էր արձանագրվել: Նաև Հայաստանի քաղաքացիների մասով բացասական սալդոյի շատ էական կրճատում էր տեղի ունեցել՝ 2017 թվականին բացասական սալդոն -36 հազար էր, իսկ 2018 թվականին՝ – 4 500: Սա կարելի է բացատրել մի քանի գործոնով: Մեզ մոտ ելքային գործոնները հիմնականում պայմանավորված են տնտեսական իրավիճակով, երբ երկրում տեղի են ունենում էական տնտեսական բարեփոխումներ և պայմաններ են ստեղծվում տնտեսության զարգացման համար: Հաջորդ շատ կարևոր հանգամանքը, որը երևացել է նաև բազմաթիվ գիտական ու սոցիալական հետազոտություններում, ես չակետրավոր կասեի՝ բարոյահոգեբանական մթնոլորտի փոփոխությունն է: Այսինքն՝ դա հեռանկարի հանդեպ վստահության ձևավորումն է: Ես իմ հարցազրույցներում էլ մշտապես նշել եմ, որ այս միտումը կլինի կարճաժամկետ, եթե չլինեն կառուցվածքային բարեփոխումներ և փոփոխություններ: Հիմա կարծես մենք գնում ենք կառուցվածքային փոփոխությունների ու բարեփոխումների ուղղությամբ: Եվ սա դրա դրսևորումն է: Այսինքն՝ կա՞ն միտումներ, որ սա շարունակական կլինի: Շարունակական միտումը կդրսևորվի այն պարագայում, երբ շատ խորքային ու կառուցվածքային բարեփոխումներ լինեն տնտեսության ու այլ ոլորտներում: Օրինակ՝ բարոյահոգեբանական վիճակի վրա ազդեցության չափման միավորներից է արդարության զգացումը: Եվ այստեղ շատ էական դերակատարություն ունեն փոփոխությունները դատական համակարգում և այլն: Միգրացիան իր վրա կրում է մնացած բոլոր ոլորտների ազդեցությունը, երբ մենք խոսում ենք ելքի մասին, մնացած ոլորտների ազդեցությունն իր վրա կրողն է միգրացիան: Ինքն ուղղակի ցույց է տալիս, թե ինչ խնդիրներ կան մնացած ոլորտներում: Երբ այդ մյուս ոլորտներում դրական տեղաշարժեր են տեղի ունենում, դա էլ արտացոլվում է միգրացիայի վրա: Բացի այս վարչական վիճակագրությունից, առաջիկայում մեր գիտական հանրույթի գործընկերները կներկայացնեն նաև այդ վերլուծությունը: Անկախ վերլուծաբաններ են այդ աշխատանքով զբաղվում: Մենք գիտենք, որ եվրոպական շատ երկրներից հատկապես վերջին մեկ տարում հայերի արտաքսման դեպքերն ավելացել են, ԵՄ անդամ մի շարք երկրներ միգրացիոն ավելի կոշտ քաղաքականություն են իրականացնում: Որքանո՞վ է այդ գործոնն ազդել այս վիճակագրության վրա: Այդ գործոնը կարող է իր դերն ունենալ, բայց թվերի վրա շատ մեծ ազդեցություն չունի: Եվրոստատի տվյալներով՝ 2017 թվականին փաստացի վերադարձը 1 470 է կազմել: Սա ընդհանուր վերադարձն է, որի շուրջ 20-25 տոկոսը հարկադիր է լինում սովորաբար: Այս թվի մեջ է նաև այն, որ մարդուն ասում են՝ դու պետք է գնաս, բայց եթե կամավոր գնաս, հարկադիր չենք վերադարձնի: Մենք սա անվանում ենք հարկադիր կամավոր վերադարձ: 2018 թվականին փաստացի վերադարձը կազմել է 1 935: Այսինքն՝ այս ցուցանիշներն էական ազդեցություն չէին կարող ունենալ այդ մեր ցուցանիշների վրա: Բայց կարող է այդ իրավիճակը ազդում է մարդկանց տրամադրությունների վրա, որ նրանք, ովքեր, օրինակ, Եվրոպայում լավ ապրելու հույսով պետք է գնային, այլևս չեն գնա: Այո, ուրիշ հարց, որ դա կարող է որոշակի ազդեցություն ունենալ մարդկանց տրամադրությունների վրա: Բայց ընդհանրապես ակնհայտ է, որ մարդիկ կամավոր գալիս են Հայաստան:

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող
11-11-2019 22:54